«Դրոշմ ինքնության». Մայր Տաճարը շուտով կբացի դռները

«Դրոշմ ինքնության». Մայր Տաճարը շուտով կբացի դռները

Օրեր անց կբացվեն Մայր Տաճարի դռները. ավարտին են մոտենում տարիներ առաջ սկսված վերանորոգման աշխատանքները: 

 

Դարերի ընթացքում ծխի և մրի շերտով պատված որմնանկարները ստացել են իրենց նախկին գույները: Փակվել են գմբեթի ճաքերը, ամրացվել սյուներն ու պատերը: Աննախադեպ ծավալով հիմնանորոգում իրականացնելու համար՝ խելք խելքի են տվել հանրապետության առաջատար մասնագետները: 



 

Ճարտարապետ Ամիրան Բադիշյանի խոսքով՝ կառույցի պատմական տեսքը չի փոփոխվել։ 

 

«Ես երանելի եմ տալիս այն օրվան, որ մարդիկ ու մասնագետներն այցելեն Տաճար ու ասեն` ոչինչ էլ չի արվել, որովհետև ոչինչ չի փոխվել Տաճարի որևէ հանգույցում, ուղղակի ամրակայել ենք, ողնաշարը բուժել»,– նշեց Բադիշյանը։

 

Վերականգնող վարպետները ձգտել են պահպանել որմնանկարներն այնպես, ինչպես 18-րդ դարում վրձնել են Հովնաթանյան որմնանկարիչները:
 


 

«Գեղեցկությունը մեզնից թաքնված է եղել տարիների մրի և ծխի հետևանքով գոյացած շերտի ներքո, հիմա այն բացվել է մեր վերականգնող վարպետների շնորհիվ։ 6 տարվա վերանորոգման մանրակրկիտ աշխատանքը 60 տարվա արժեք ունի»,- իր խոսքում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

 

Տաճարում չի տեղաշարժվել ոչ մի Սուրբ Սեղան, հակառակը, որոնք դարերի ընթացքում ունեցել են որոշակի փոփոխություններ, այժմ իրենց համար նախատեսված վայրում են։ Գմբեթի խաչը քայքայված էր, այդ պատճառով տեղադրվել է բրոնզաձույլ նոր խաչ, որը ոճական ու չափային առումով կրկնում է ապամոնտաժվածը:

 

Կառույցի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2012 թվականից, բուն շինարարությունը սկսվել է 2017 թվականից: Վթարային իրավիճակի պատճառով 2018 թվականից փակվել են դռները: 

 

Մայր Տաճարը, բազմամյա իր պատմության ընթացքում, մի քանի անգամ վերանորոգվել է Հայոց կաթողիկոսների, իշխանների, ազգային բարերարների, հավատացյալ հայորդիների նվիրատվություններով: 2012 թվականից մեկնարկած աշխատանքները կատարվել են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ, հսկողությամբ և ազգային-եկեղեցական բարերարների, նվիրատուների և աշխարհասփյուռ բարեպաշտ հայորդիների մասնակցությամբ:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատրաստվում է Մյուռոնօրհնությանն ու Մայր Տաճարի վերաօծմանը

 

Մյուռոնօրհնության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին, Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում, իսկ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին Մայր Տաճարը կվերաօծվի:
 

Սպասվող արարողակարգերի կարգախոսն է՝ «Դրոշմ ինքնության»։

 



«Մայր Տաճարն ավելի հաճախ ներկայացվում է որպես քրիստոնեական ինքնության դրոշմ, բայց իրականության մեջ այն շատ ավելին է և ընդգրկում է մեր ազգային ամբողջ պատմությունը: Մայր Տաճարի կառուցումը կապված է տակավին Նոյ Նահապետի հետ, հետո Հայկ Նահապետի հետ, և ավանդաբար այդ սրբությունը նվիրագործվել է Գրիգոր Լուսավորչի կողմից»,-
նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:


Արարողակարգերի տարբերանշանի վրա պատկերված են Արարատ լեռը, Մայր Տաճարը և Մյուռոնի կաթսան:


«Արարատը մեզ համար ուխտ է, հիշողություն, վերադարձ դեպի արմատներ: Արարատը, Մայր Տաճարը և Մյուռոնի կաթսան հավաքական խորհրդանիշներ են, որոնք բնութագրում են մեր ինքնությունը՝ Արարատ սարը մարդկության երկրորդ ծննդավայր լինելու իր պատմական իրողությամբ, Տաճարը՝ մեր քրիստոնեական ինքնության ամենացայտուն վկայությունը լինելու իրողությամբ և Մյուռոնը հավաքաբար բոլոր հայերին միավորելու և համախմբելու իր իրողությամբ»,- հավելեց արքեպիսկոպոսը:


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ արարողություններին հրավիրված են Սփյուռքից մեծ թվով հյուրեր, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ։
 

Քանի որ ոչ բոլորը հնարավորություն կունենան մոտիկից հետևելու իրադարձություններին, վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա ընթացքում երեկոյան ժամերին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2024-09-17
×