Խաչվերացի Ս. Պատարագ՝ Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Խաչվերացի Ս. Պատարագ՝ Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ

Խաչվերացի Ս. Պատարագ՝ Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ

Սեպտեմբերի 15-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց հինգերորդ տաղավար տոնը՝ Խաչվերացը: Այդ առթիվ Սուրբ Պատարագ է մատուցվել բոլոր եկեղեցիներում:

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Պատարագը մատուցվեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Արժանապատիվ Տեր Անուշավան քահանա Կոշեցյանն էր:

 

Խաչվերացի տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն: Կիրակի՝ տոնի երեկոյան ժամերգությանը, մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Եկեղեցում խաչը զարդարում են գույնզգույն ծաղիկներով և ռեհանով և դուրս հանելով՝ պտտեցնում եկեղեցու շուրջը, որն արձագանքն է Խաչափայտի՝ գերությունից հետ դարձնելիս Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով հետ՝ դեպի Երուսաղեմ տանելու: Կատարվում է անդաստանի կարգ: Հոգեւորականները խաչակնքում և օրհնում են աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն հայցելով Աստծուց և վարդաջուր ցողում հավատացյալների վրա:

 

Արարողությունից հետո հավատացյալներն իրենց հետ տուն են տանում օրհնված ռեհանի տերեւները:

 

Ինչպես բոլոր Տաղավոր տոներից հետո, Խաչվերացի հաջորդ օրը Մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է մեռելոց հիշատակի Սուրբ Պատարագ, ավարտին կատարվում է Հոգեհանգստյան կարգ:

 

Քանի որ եկեղեցական կարգով չկա հին ու ննջեցյալների հասկացություն, բոլոր ննջեցյալների շիրիմներին հարազատները պետք է այցելեն Մեռելոցի Սուրբ Պատարագից հետո:

  

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2024-09-15
×