Եթե ինքներս մեզ ճանաչենք, անպարտելի ենք. գրաբարը

Եթե ինքներս մեզ ճանաչենք, անպարտելի ենք. գրաբարը

Ի՞նչ դռներ կբացի նախնիների լեզուն՝ գրաբարը՝ մեր ինքնությունը բացահայտելու համար: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը նաև գիտաշխատող է Մատենադարանում և ուսումնասիրում է նախնյաց լեզուն: Նշում է՝ այն մեր ինքնության հիմքն է և հրաժարվել գրաբարից, նշանակում է չունենալ մշակութային, հոգևոր անցյալ:

 

Ճանապարհը, որ գծվեց մանկությունից

 

-Երբ փոքր էի, ամառային արձակուրդներին գնում էի Լիճք գյուղ: Իմ Խաչատուր պապը, որ վերադարձել էր աքսորից, հին գրքեր ուներ, շարականների մի գիրք նվիրեց ինձ, որը սրբությամբ պահում եմ: Իմ պապը ականջիս շարականներ էր երգում, շարունակ բարձրաձայն «Հայր Մեր»-ն էր ասում: Այն ժամանակ ինձ համար անհասկանալի էր, բայց ինքը գիտեր՝ ինչ էր անում. ճանապարհ էր հարթում: Եթե իմ պապն ասեր՝ պետք է լավ ուտես, լավ ապրես, ես այլ ճանապարհով կգնայի: Ինչպես է ուղղում մեծն իր գալիք սերնդին, այդպես էլ կընթանա նրա ուղին: Ես միշտ իմ աղոթքներում երախտագիտությունս եմ հայտնում պապիս, ապուպապերիս, մշեցի նախնիներիս: Ես մտա Մատենադարան, իմ ականջին ծանոթ էր գրաբարը, բայց դա բավական չէր, սկսեցի ուսումնասիրել գրաբարի ձեռնարկները: 
 

Աննման լեզուն
 

-Գրաբարը մեր ազգի ինքնության հիմքն է: Հրաժարվել գրաբարից, նշանակում է չունենալ մշակութային, հոգևոր անցյալ: Գնահատել գրաբարը, նշանակում է անդրադարձ կատարել դեպի Աստված, դրախտ, Ադամ: Պատահական չեն Բայրոնի, Հյուբշմանի, շատ գիտնականների խոսքերը, թե հայերենը (գրաբարը) աստվածային լեզու է, Աստված խոսել է հայերեն: Ի՞նչ լեզվով խոսեց Սուրբ Հոգին Թադեոս, Բարդուղիմեոս առաքյալների հետ, խոսեց գրաբար: Երբ սկսում ես շփվել այդ լեզվի աշխարհի հետ, տեսնում ես, որ այնտեղ չկա բամբասանք, այլ միայն փառաբանություն է: Պատահական չէ, որ եկեղեցում առավոտյան ժամերգությունը, Տերունական աղոթքից հետո, սկսում ենք այս բառերով. «Տէր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո»: Գնում ենք առաջ՝ մեր Արարչին փառաբանելով:
 

Գրաբարը՝ ճանապարհ
 

-Ի՞նչ արժեքների ենք հետևում: Եթե ցանկանում ենք օրհնվել մեր նախնյաց կողմից, պետք է քայլենք իրենց ճանապարհով: Այն ազգերը, որոնք փորձեցին մնալ իրենց հիմքի վրա, վերականգնեցին իրենց լեզուն, ծաղկեցին և թելադրող դարձան: Մենք չարեցինք այդ քայլը: Յուրաքանչյուրը գրաբարն ուսումնասիրելու, գրականությունն այդ լեզվով կարդալու դեպքում՝ կդառնա քայլող հանգրագիտարան, կտիրապետի մի շարք մեռած լեզուների: Կսովորի՝ ինչպես առողջ մնալ՝ մարմնով ու հոգով: Գրաբարը միշտ եղել է արդի, քանի որ տարբեր ժամանակներում, ամբողջ աշխարհից մարդիկ ուսումնասիրել են, շարունակում են ուսումնասիրել այն, որովհետև սովորելու բան ունեն: Գրաբարը չի մահանա, որովհետև Աստծո լեզուն է, մենք պետք է մտածենք՝ ինչպես փայփայենք այն, որովհետև նախ մեզ է անհրաժեշտ: Մենք մեր մակարդակը պետք է բարձրացնենք: Եթե ինքներս մեզ ճանաչենք, անպարտելի ենք, և այդ ճանապարհը գրաբարի միջոցով է: Եթե այն մտնի դպրոց, մենք ապագա ունենք: 
 

Պատրաստեց Անի Ավագյանը

 
  • 2024-09-12
×