Սուրբ Նիկողայոս Հայրապետի վարքը (ըստ Հայսմավուրքի)

Սուրբ Նիկողայոս Հայրապետի վարքը (ըստ Հայսմավուրքի)

Ս. Նիկողայոս հայրապետը 318 հայրապետներից էր, ովքեր հավաքվեցին Նիկիայի ժողովին Սաբելի և Արիոսի մոլորեցնող հերձվածների պատճառով, քանի որ Սաբելի աղանդը մոլորաբար միավորում և մեկ անձ էր համարում ամենասուրբ Երրորդությունը, որն (իրենց կարծիքով) ունի երեք անուն: Իսկ Արիոսն անօրինաբար բաժանում էր Հոր և Որդու և Ս. Հոգու միասնական երեքանձնյա Աստվածությունը: Այդ պատճառով սուրբ հայրերը հավաքվեցին Նիկիայում, մերժեցին Սաբելի և Արիոսի մոլորությունները և հաստատեցին Եկեղեցու դավանանքը. միասնական ամենասուրբ Երրորդություն` Հայր և Որդի և Սուրբ Հոգի` 3 անձ և մեկ բնություն, մեկ Աստվածություն, ո´չ երեք Աստված, այլ մեկ Աստված, մեկ կամք, մեկ իշխանություն: Հայր` ծնող, Որդի` ծնունդ, Սուրբ Հոգի` բխող Հորից` էակից Հոր և փառակից Որդու:


Ս. Նիկողայոսը Լիկիայի Զմյուռին քաղաքից էր: Նրա հոր անունը Եպիփան էր, մորը` Նունե, ովքեր ուխտով խնդրեցին իրենց զավակին Աստծուց: Երբ ծնվեց Նիկողայոսը, երկու ժամ անց կանգնեց իր ոտքերի վրա, և քանի դեռ կերակրվում էր մոր կաթով, չորեքշաբթի և ուրբաթ օրերին մոր ստինքները բերանը չէր առնում, այլ մնում էր անոթի: Մոր կաթից կտրվելուց հետո էլ այնպես մնաց և չարձակեց իրեն պահքի կերակրով սնվելուց մինչև իր կյանքի վախճանը: Մինչդեռ սնվում էր մոր կաթով, ձախ ստինքը բերան չառավ, այլ միայն՝ աջը: Յոթ տարեկան հասակում նրան տվեցին դպրոց` ուսանելու և սովորեցրեցին գրագիտություն: Չորացած ոտքերով մի կին աղաչեց մանուկ Նիկողայոսին առողջացնել իրեն: Խաչակնքելով կնոջը՝ Նիկողայոսն իսկույն բժշկեց նրան: 


Տասնինը տարեկանում սրբի քեռին` Նիկողայոս եպիսկոպոսը, նրան քահանա ձեռնադրեց և հանձնեց նրան եկեղեցու հոգսը, և նա բարվոք հովվում էր: Գյուղում, որը մոտ էր սրբի վանքին, մի դիվահար կին ընկավ գյուղի աղբյուրը, խեղդվեց, և ջուրը ցամաքեց այն աղբյուրում: Նեղյալ ծարավից` գյուղի բնակիչները եկան Ս. քահանա Նիկողայոսի մոտ և աղաչեցին իրենց համար ջուր հանել: Ս. Նիկողայոսն ամբողջ ժողովրդով, խաչով և Ավետարանով գնաց այդ գյուղի վերին ծայրը և, ծնկի իջնելով, աղոթեց Աստծուն, և իսկույն ջուր ելավ` հորդառատ, սառը, բարեհամ: Եվ բոլորը, փառք տալով, մեծ ուրախությամբ գոհություն էին հայտնում Աստծուն: Երբ սուրբը վերադարձավ իր եկեղեցին, նրա մոտ հավաքվեց ժողովրդի և քահանաների բազմություն: Նա նստեցրեց բոլորին և, վերցնելով 3 հաց ու մի փոքրիկ կուժ գինի, տվեց նրանց` ուտելու և ըմպելու: Հավաքված բազմության մարդիկ տրտնջում էին մտքներում հացի և գինու սակավության պատճառով: Այնժամ սուրբը, վերցնելով հացն ու գինին, իր ձեռքով բաժանեց բոլորին` լի և առատ: Եվ մարդիկ, հագենալով, զարմացան ու գոհություն հայտնեցին Աստծուն: 


Բերեցին երանելիի մոտ մի դիվահար մարդու` կապված կրկնակի շղթայով դևի չարության պատճառով: Սուրբը ձեթ վերցրեց կանթեղից, ցանեց դիվահարի վրա, և նա իսկույն բժշկվեց: Նույնպես և այսահար մի քահանայի բժշկեց և այսակիր մի հովվի սրբեց:


Մի օր Ս. Նիկողայոսը տեսավ Քրիստոսին և Ս. Աստվածածնին: Տերը տվեց նրան Ավետարան, իսկ Ս. Կույսը` քահանայական զգեստ: Եվ նույն օրը Ս. Նիկողայոսին ձեռնադրեցին Զմյուռին քաղաքի միտրոպոլիտ: Այդ պատճառով, երբ նկարում են Ս. Նիկողայոսի սրբապատկերը, աջից պատկերում են Քրիստոսին` ձեռքին Ավետարան, իսկ ձախից` Ս. Աստվածածնին` ձեռքին քահանայական զգեստ:


Այն ժամանակներում Ասիայում սաստիկ սով եղավ, կերակուր չէր գտնվում: Ս. Նիկողայոս հայրապետը ծովում երևաց մի նավապետի, երազում նրան տվեց  դեկան (փողի և ոսկու կշռի միավոր)  ու ասաց. «Արի Զմյուռին և լավագույնս կշահես»: Արթնանալով՝ նավապետը տեսավ դահեկաններն իր ձեռքում, օրհնեց Աստծուն, տարավ ցորենով լի իր նավը Զմյուռին և լավ շահեց, և ամբողջ քաղաքը լիացավ հացով: Նավապետը բոլորին պատմեց  իր տեսիլքը, գնաց սրբի մոտ, օրհնություն ստացավ նրանից:

Մի օր մի նավ մոտ էր խորտակվելու ծովի ալիքներից: Մարդիկ, ովքեր նավում էին կանչեցին Ս. Նիկողայոսի անունը: Եվ նույն ժամին նրանց երևաց Ս. Նիկողայոս հայրապետը և փրկեց նրանց վտանգից:


Եղավ այնպես, որ Կոստանդիանոս թագավորը պատվեց չորս այրերի նրանց քաջության համար: Ոմանք, նախանձելով նրանց պատվին, Եպարքոսին ոսկի տվեցին, և նա զրպարտեց այդ այրերին ու թագավորին ասաց. «Կամենում են քեզ սպանել»: Թագավորը մեկ տարով  բանտարկեց պատվավոր այրերին, և նրանք արտասուքներով ապավինեցին Ս. Նիկողայոսի աղոթքներին: Այն գիշերը Ս. Նիկողայոս հայրապետը երևաց Եպարքոսին և թագավորին ու սաստիկ հանդիմանությամբ հրամայեց ազատել անմեղներին բանտից, «ապա թե ոչ` շուտով կմեռնեք», - ասաց: Եվ թագավորն արձակեց բանտարկյալներին և կանգնեցնելով իր առջև` հարցրեց.

- Մի այր երևաց ինձ այս գիշեր և հրամայեց ազատել ձեզ: Գիտե՞ք, արդյոք, թե ով է նա:


Նրանք ասացին.


- Արքա, հավիտյան ապրիր, Աստծո սրբին մենք ինչպե՞ս կարող ենք ճանաչել. կամ Աստծո հրեշտակն է, կամ՝ ոմն սուրբ հայր:


Թագավորն ասաց.


- Դուք Աստծո սրբերից ո՞ւմ բարեխոսությունը խնդրեցիք առ Աստված:


Նրանք պատասխանեցին.


- Այո, Զմյուռնո Ս. Նիկողայոս հայրապետին աղաչեցինք և նրա աղոթքները բարեխոս ունեցանք առ Աստված` որպեսզի ազատի մեզ արքայի սպառնալիքներից: Քանզի մի օր Ձեր հրամանով, արքա, եղանք Զմյուռին քաղաքում և այնտեղ սքանչելի բան տեսանք. որովհետև մի մարդու անիրավ մահվանից ազատեց և Աստծո ներգործությամբ հանդիմանեց դատավորին, ով կաշառքի պատճառով կործանում էր անմեղներին: Նույնպես և մենք` անպարտ լինելով, դատապարտվեցինք արքայից և օգնության կանչեցինք Աստծուն և Ս. հայրապետի աղոթքները:

Թագավորն ասաց.
- Նկարագրեք ինձ սրբի կերպարանքը:


Նրանք պատասխանեցին.
- Այր ալևոր և ճաղատ, կարճամորուս և քաղցրատես, նուրբ և բարձրահասակ, ունի գլխին քցափ (կրոնավորի գլխարկ), հայրապետական զգեստ հագած, ձեռքին` եղեգնյա գավազան:

Թագավորն ասաց.

- Ճշմարտապես, նա երևաց ինձ այս գիշեր և սպառնաց ինձ մահով, եթե ձեզ չարձակեմ:


Եվ նրանք, երկրպագելով, գոհությամբ փառք տվեցին Աստծուն: Արքան պատվական ընծաներ ուղարկեց ի պատիվ Աստծո քահանայապետի և իր թագավորության համար նրանից օրհնություն խնդրեց: Եվ ասաց. «Երկրպագեք նրան իմ անունից և ասացեք. «Քո սրբությանդ կողմից մեզ հրամայվածը կատարեցինք, ընդունիր մեր կողմից այս ընծաները և հիշիր մեզ քո աղոթքներում»: Ազատվելով բանտից, նրանք մեծ ուրախությամբ գնացին երանելիի մոտ և իրենց հետ ամեն պատահածը պատմեցին: Լսելով՝ սուրբը փառք տվեց Աստծուն:

Կար մի ծառ` ահավոր և բարձր, քառասուն կանգուն բարձրությամբ, որտեղ բուն էին դրել դևերը և մարդկանցից պաշտամունք էին ընդունում` զարհուրելի և սարսափազդու երևույթների պատճառով, որ լինում էին ծառից և վախեցնում էին մարդկանց: Եվ մի օր, երբ սուրբ հայրապետն անցնում էր նրա մոտով, խաչակնքեց այդ ահավոր ծառը և կործանեց այն և դևերին հալածեց այդ տեղից:


Մի օր մի լուսնոտ կին ընկավ սրբի ոտքերը, և սուրբ հայրապետն իսկույն բժշկեց նրան:

Իր փոխման օրը Ս. Նիկողայոս հայրապետը տեսավ Աստծո հրեշտակին և սկսեց աղոթել Աստծուն բոլոր հավատացյալների համար, մանավանդ նրանց համար, ովքեր ուխտերով կկատարեն իր հիշատակը, ևս առավել նրանց համար, ովքեր կհիշեն իր անունը վշտերի և նեղությունների ժամանակ: Ապա հրեշտակների միջնորդությամբ ավանդեց  հոգին Աստծուն:


Սրբի մահից հետո Հովհաննես անունով մի մարդ խորտակվում էր ծովում: Նա հիշեց Ս. Նիկողայոսին, և իսկույն երևաց սուրբ հայրապետը, շուտով հանեց նրան ցամաք:
Եղավ այնպես, որ մի քահանա եկավ սրբի տապանի մոտ: Նրան գերի վերցրեցին արաբները և կամեցան սպանել: Քահանան հիշեց Ս. Նիկողայոսին, և իսկույն երևաց սուրբը, հափշտակեց սուրը սպանողի ձեռքից, գցեց այն գետին և փրկեց քահանային ու նրանց, ովքեր նրա հետ էին:


Մի մարդ նավով գնում էր Կոստանդնուպոլիս և ծովում խորտակվելիս հիշեց սուրբի անունը: Իսկույն երևաց սուրբ հայրապետը, հանեց այդ մարդուն ծովից և տարավ դրեց իր տանը` փակ դռներից ներս: Ուշքի գալով՝ մարդը փառավորում էր Աստծուն և չգիտեր, թե որտեղ է: Այդ մարդու ընտանիքը, սրահից լսելով նրա ձայնը, դիմեց ներքև, կարծելով, թե գող է, տեսան իրենց տանտիրոջը` ջրաթաթախ, և զարմանքից ապշեցին: Իսկ մարդը հարցնում էր նրանցից, թե՝ ո՞րտեղ է ինքը: Նրանք ասացին, որ տանն է, և նա պատմեց ողորմության մասին, որն արեց նրան Աստված Ս. Նիկողայոսի միջնորդությամբ:


Ս. Նիկողայոսն  իր կենդանության օրոք ու նաև մահից հետո բազում ուրիշ սքանչելի գործեր արեց նեղյալների և բանտարկյալների, գերյալների և խորտակվողների , ծնող կանանց և ամուլների համար, բարբարոսների պատերազմների և բոլոր վտանգների նեղության, ինչքի և անասունների կորստի ժամանակ:

Ովքեր կանչում են նրա անունը` արագ հասնում են փրկության և իրենց սրտերի փափագածին Տեր Աստծուց` բարեխոսությամբ արագահաս Ս. Նիկողայոս հայրապետի:
Նրա աղոթքներով և բարեխոսությամբ, Քրիստոս Աստված, ողորմի´ր այս գիրը կարդացողներին:


Թարգմանեց Աննա Կիշինևսկայան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

  • 2021-08-09
×