Բարեկենդանը խորհրդանշում է ճշմարիտ, բարի կյանքը, մեղքի մահով չվնասված հոգու կենդանի վիճակը
Բարեկենդանը խորհրդանշում է ճշմարիտ, բարի կյանքը, մեղքի մահով չվնասված հոգու կենդանի վիճակը
«Ելի՛ր, կե՛ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագավորների 19:7):
Տոնախմբություն, երգ ու պար, տարատեսակ ժողովրդական խաղեր․ այս ամենը փաստում է, որ Հայաստանում Բարեկենդան է՝ կենդանության, ուրախության օր։ Ժամանակին հայոց աշխարհում Բարեկենդանը շատ սպասված օր էր։ Հայերը պատրաստում էին հատուկ ճաշատեսակներ։ Օրվան բնորոշ էին հյուրասիրությունները, այցելությունները։ Հատկապես մեծ շուքով էր նշվում Բուն Բարեկենդանը։
Հայ Առաքելական Եկեղեցու 5 տաղավար տոներից առաջ պահոց շրջան է, իսկ պահքից առաջ տոնում ենք Բարեկենդանը։ Այդպես կարծես պատրաստում ենք մեր անձը, որպեսզի հաջորդ օրվանից մաքրենք մեր մարմինն ու հոգին և պատրաստ լինենք նշելու Հայ Եկեղեցու գլխավոր տոներից մեկը, այս անգամ՝ Սուրբ Խաչի տոնը կամ Խաչվերացը։
Պահեցողության միջոցով տկարացնում ենք մեր մարմինը, որ բարձրացնենք մեր հոգին, նշում է Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը։
«Քրիստոնյայի համար Բարեկենդան բառը հոգևոր իմաստ ունի՝ խորհրդանշելով ճշմարիտ, բարի կյանքը և մեղքի մահով չվնասված հոգու կենդանի վիճակը, որի մեջ մարդ գտնվում էր դրախտում՝ նախքան մեղանչելը»,- նշում է քահանան։
Սուրբ Խաչի տոնը կամ Խաչվերացը Տիրոջ Խաչափայտին նվիրված գլխավոր տոնն է։ Այն նվիրված է Խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման ու փառաբանության հիշատակին:
Քահանան հիշեցնում է՝ Խաչը, որ ժամանակին մահվան գործիք էր, հետագայում քրիստոնյաների համար դարձավ հաղթանակի, հավիտենական կյանքի նշան, քանի որ Քրիստոսը Գողգոթայի Խաչի վրա հաղթեց՝ հանուն մարդկության փրկության։
«Խաչով է, որ մեր առջև բացվեցին Երկնքի արքայության դռները: Խաչով է, որ կարողանում ենք հաղթանակ տանել չարի նկատմամբ: Մենք երկրպագում ենք խաչի վրայի Խաչյալին, Ով խաչվեց և հարություն առավ՝ մեզ մեր մեղքերից ազատելու և հարություն պարգևելու համար», նշում է Տեր Զենոնը։
Հոգևորականը մեջբերում է ավետարանական խոսքը. «Խաչի քարոզությունը կորուսյալներին հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զորություն» (Կորնթացիներին 1:18):
Հայ Առաքելական Եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված ևս երեք տոն՝ Գյուտ Խաչի, Երևումն Սուրբ Խաչի և Վարագա Սուրբ Խաչի տոն։