Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից. Առաջին տիեզերական ժողովը

Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից. Առաջին տիեզերական ժողովը

Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր

 

Պատմությունից մեզ հայտնի են տիեզերական ժողովները, որոնք գումարվել են, երբ ձևավորվել են հերետիկոսական մոտեցումներ, վտանգ է սպառնացել Ընդհանրական եկեղեցու միասնությանը: Հայրապետները քննարկել են դավանաբանական հարցեր ու հաստատել կանոններ: 

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանի խոսքով՝ մարդկության պատմության մեջ հատուկ նշանակություն ունեցավ Նիկիայի Ա տիեզերական ժողովը: Այդ ժամանակ հաստատվեց Հավատո հանգանակը, որն ամփոփ ներկայացնում է Եկեղեցու վարդապետությունը և աստվածաբանությունը։ Այսինքն՝ այն ամենը, ինչին մենք դավանում ենք:

 

Տիեզերական ժողովի հրավիրման առիթը Ալեքսանդրիայի քահանա Արիոսի հերետիկոսական ուսմունքն էր: Արիոսը քարոզում էր, թե կա մեկ Աստված՝ Հայր Աստվածը և չէր ընդունում Հիսուսի Աստված լինելը: 325 թվականին Բյուզանդական կայսր Մեծն Կոստանդիանոսի հրամանով, Բութանիայի Նիկիա քաղաքում գումարվեց ժողով: Հավաքվեցին Ընդհանրական եկեղեցու 318 Հայրապետներ: Նրանց մեջ էր Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակեսն ու այլ նշանավոր եպիսկոպոսներ: Տեր Շահեն մի դրվագ է ներկայացնում ժողովից.

 

«Արիոսի հետ էին եկել փիլիսոփաներ՝ ճարտար մտքով և լեզվով: Փիլիսոփաներից մեկը փորձում էր տարբեր օրինակներով մարդկային մտքին հասու դարձնել, որ Որդին փոքր է Հորից: Մի քահանա խաչակնքելով ընդհատում է փիլիսոփային ու Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով ասում, որ լռի: Փիլիսոփան լռում է: Ժողովից հետո նա պատասխանում է, որ երբ միտք են բերում իր մտքի առաջ, անպարտելի է, բայց Տիրոջ զորությունն իրեն լռեցրեց: Քահանայի աղոթքը կարողացավ վիշապի բերան փակել, որը սատանայի բերանն էր՝ ընդդեմ մեր դավանության»:

 

Նիկիայի տիեզերական ժողովում մերժվում է Արիոսի շարժումը, դատապարտվում նրա մոլորությունը, որ Քրիստոս մարդ էր և ոչ թե Աստված։ 

 

«Նիկիո ժողովը հաստատեց մեր հիմքերը: Մենք մինչև այսօր հավատարիմ ենք այդ դավանությանը: Ընդունվեց ուղղափառ դավանության հիմնական դրույթները պարունակող Հավատո հանգանակը: Այն, որպես դավանության հիմք, առ այսօր անխափան գործածվում է Հայ Եկեղեցում, ասվում է Սուրբ Պատարագի ընթացքում: Հավատամքը դավանանքի այն բանաձևն է, որն ամփոփում է Եկեղեցու ամբողջ աստվածաբանական ընկալումները, պատկերացումները՝ կապված Սուրբ Երրորդության երեք անձերի հետ»,- նշում է Տեր Շահեն:

 

Հանգանակի հիմնական բովանդակությունն է, որ մենք հավատում ենք Հայր Աստծուն, ով ստեղծեց ողջ տիեզերքը, ով անսկիզբ է և արարեց ամբողջ աշխարհը, հավատում ենք Որդուն, որով, ստեղծվեց աշխարհը, ով Աստված է, կատարյալ Աստված և հավատում ենք Սուրբ Հոգուն, որ բխում է Հորից և էակից է Որդուն, որը նույնպես Աստված է։ Եվ այս երեք Անձերը միացած են անխառն և անշփոթ կերպով։

 

Նիկիայի Ա տիեզերական ժողովի Հայրապետների հիշատակության օրը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Վերափոխման չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ այս տարի սեպտեմբերի 7-ին: 

 

Անի Ավագյան

 

  • 2024-09-06
×