Գիտելիքի, գրի և դպրության օրը ուսումնական տարին մեկնարկեց նաև Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներին կից գործող կիրակնօրյա դպրոցներում, որտեղ 6-ից 16 տարեկան երեխաները ստանում են հոգևոր ու ազգային դաստիարակություն:
Կիրակնօրյա մի շարք դպրոցների դասընթացները վերսկսեցին Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնի առթիվ մատուցված Սուրբ Պատարագից հետո: Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց, Դավթաշենի Սրբոց Նահատակաց և Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևորականները կատարեցին երեխաների օրհնության կարգ: Հավաքվածները միասնական աղոթք բարձրացրին: Հոգևորականները հույս հայտնեցին, որ երեխաները լավ կսովորեն, կյանքի կկոչեն քրիստոնեական գիտելիքները, եկեղեցու հանդեպ կլցվեն սիրով:
ԱՀԹ կիրակնօրյա մյուս դպրոցները ևս իրենց աշխատանքները կսկսեն օրերս:
Ավանդույթ է դարձել նաև ուսումնական տարին օրհնությամբ սկսել տարբեր կրթական հաստատություններում: Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Զգոն քահանա Աբրահամյանն օրհնության կարգ կատարեց «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում:
Նուբարաշեն համայնքի բոլոր կրթօջախների ուսուցիչները, դասերի մեկնարկից առաջ, ինչպես նախորդ տարիներին, կրկին հավաքվել են Սրբոց Նահատակաց եկեղեցում: Հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը կատարել է օրհնության կարգ:
Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում ևս դասերը մեկնարկել են աղոթքով: Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանն օրհնության կարգ է կատարել հիշյալ հաստատությունում: Հոգևորականն աշակերտներին հիշեցրել է, որ յուրաքանչյուր երկար ճանապարհ սկսվում է առաջին քայլից, մաղթել է, որ պատանիները բարձր պահեն հայ մարդ լինելու կոչումը: