Հիշատակ Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի

Հիշատակ Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի

Հայ Առաքելական Եկեղեցին ունի յոթ տոն ̀ նվիրված Տիրամորը: Տոները ցույց են տալիս Աստվածամոր՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում ունեցած կարևոր ու նշանակալից դերի մասին, ասում է Երևանի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը: Հիշատակության օրերից մի քանիսն էլ նվիված են Աստվածածնի իրերին, որոնց մասին մեզ պատմում է սրբազան ավանդությունը: Այդ իրերից էր նաև գոտին, որը ևս հայտնի է իր բժշկող ու հրաշագործ զորությամբ:  

 

 

Գոտին, որը փոխանցվում էր սերնդեսերունդ

 

Տոնի հիմքում ընկած գեղեցիկ ավանդությունը վկայում է, որ Տիրամոր գոտին սկզբում տրվել է Թովմա առաքյալին և այդպես փոխանցվել սերնդեսերունդ: 

 

Հետագայում գտնվել է 5-րդ դարում ̀ Երուսաղեմում, բյուզանդական Արկադեոս կայսեր օրոք ու փոխադրվել Կոստանդնոպոլիս: Կայսեր ու նրա դստեր ջանքերով, թանկարժեք տապանակի մեջ դրվելուց հետո՝ այն փոխադրվել է Աստվածածնին նվիրված տաճար: Ժամանակի ընթացքում գոտին տարվել է Կապադովկիա, բայց Հուստիանոս կայսեր օրոք նորից տեղափոխվել Կոստանդնոպոլիս:

 

Գոտու միջոցով բազմաթիվ հրաշքներ են տեղի ունեցել, շատերը բժշկվել են: Կա ավանդություն, որ հունաց Զոյա կայսրուհին ևս երկար ժամանակ ծանր հիվանդությամբ տառապելուց հետո ̀ բժշկվել է հենց Աստվածամոր գոտու զորությամբ: Հետագայում գոտու տարբեր մասեր տրվել են եկեղեցիների: Երբ Հունաց Ռոմանոս Արգիրի կայսեր դուստրը ամուսնացել է Վրաց Բագրատ թագավորի հետ, գոտուց իր հետ մի մաս է բերել, որն այժմ գտնվում է Վրաստանում՝ Ալեքսանդր կայսեր կողմից կառուցված տաճարում, մյուս մասը Աթենյան եկեղեցում: 

 

Կատարյալ օրինակ մեզ համար

 

Մարիամ Աստվածածինը, որպես մայրության առաքինության կատարյալ օրինակ, դարեր շարունակ ձևավորել է հայ կնոջ ու մոր նկարագիրը, նշում է Տեր Պարթևը.

 

«Մարիամ Աստվածածինը կատարյալ օրինակ է մեզ համար: Նա ձևավորել է ճշմարիտ հավատացյալի նկարագիրը, որը մշտապես ուղեկցեց իր Որդուն՝ ցույց տալով հավատարմության ու խոնարհության բացառիկ օրինակ: Նա դարձավ միջոց, որ Փրկությունն իրական դառնա ամենքիս համար»:

 

Հոգևորականի խոսքով ̀ Ավետարանում, սրբազան ավանդությունում առկա դրվագները, որոնք կապված են Մարիամ Աստվածածնի հետ, օրինակներ են մեզ համար ̀ ինչպիսին պետք է լինի իրական քրիստոնյան: 

 

«Նա հնազանդվեց Աստծո կամքին, երբ լսեց Գաբրիել Հրեշտակապետի ավետիսը: Երբեք չկորցրեց հավատարմությունն Աստծո նկատմամբ: Ծանր պահերին անգամ, երբ խաչում էին Միածին Որդուն, չկորցրեց հավատը: Նա եղավ կնոջ մաքրության և անաղարտության կատարյալ օրինակ»,- նշում է քահանան:

 

Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի հիշատակը Հայ Եկեղեցին տոնախմբում է 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ: Այն նշվում է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:

 

Անի Ավագյան

 
  • 2024-09-01
×