Թովմա, Հակոբոս և Շմավոն առաքյալները

Թովմա, Հակոբոս և Շմավոն առաքյալները

12 առաքյալները, սփռվելով աշխարհով մեկ, քարոզեցին, կրթեցին, տարածեցին Քրիստոսի լույսը, պայքարեցին ու նահատակվեցին հանուն հավատի: Առաքյալներից Թովմայի, Հակոբոսի, Շմավոնի հիշատակը Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբում է Աստվածածնի Վերափոխման երրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը: 

 

Թովմա առաքյալ

 

Ավետարանում շատ չեն Թովմա առաքյալի մասին տեղեկությունները, սակայն մի քանի դրվագում տեսնում ենք նրա հետաքրքրասեր ու համարձակ կերպարը: Հայտնի է թերահավատ կամ անհավատ անունով, քանի որ, երբ մյուս աշակերտներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովման պնդում էր՝ կհավատա, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ: Հարության հաջորդ կիրակի օրը, Վերնատանը, նրան հայտնվում է Հիսուս: Աշակերտը ծնկի է գալիս ու ասում. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ» (Հովհաննես 20:28): Տերը պատասխանում է. «Հավատացիր, որովհետև տեսար ինձ. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան» (Հովհաննես 20:29):
 

Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Թովմա քահանա Անդրեասյանի խոսքով ̀ այս առաքյալն ազնիվ էր, անմիջական և ասում էր այն, ինչ մտածում էր, ինչպես ավետարանական հայտնի դրվագում։ Թովման նաև հետաքրքրասեր էր: Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսին հարցերով ընդհատողներից մեկն էր: Երբ Աստծո Որդին ասում է. «Եվ թե ուր եմ գնում, այդ գիտեք, գիտեք նաև ճանապարհը»: Թովման պատասխանում է. «Տե՛ր, եթե չգիտենք՝ ո՛ւր ես գնում, ուրեմն ինչպե՞ս կարող ենք իմանալ ճանապարհը»: Այդ ժամանակ Աստծո Որդին ասում է իր նշանավոր խոսքերից մեկը. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհաննես 14:4-6):

 


Քահանան հիշեցնում է մեկ այլ դրվագ.


«Հովհաննու Ավետարանում մի դրվագ կա, երբ Հիսուսը լսում է Իր բարեկամ Ղազարոսի մահվան լուրը, որոշում է գնալ և հարություն տալ նրան: Առաքյալները երկմտում են, վախենում, քանի որ շատ չէր անցել այն պահից, երբ հրեաներն ուզում էին քարկոծել նրանց: Թովման ասում է. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհաննես 11:16): Սա ցույց է տալիս, որ նա խիզախ էր, նվիրված ու անձնուրաց: Պատահական չէ, որ հետագայում խիզախորեն տարածել է Քրիստոսի խոսքը տարբեր վայրերում և ի վերջո նահատակվել»:


Նա քարոզել է Պարթևստանից մինչև Հնդկաստան, որտեղ առաքելական շրջանից ի վեր, քրիստոնեական փոքր եկեղեցի է հիմնվել: 


Հովհաննու Ավետարանից Թովման հայտնի է` որպես երկվորյակ: 


«Ըստ ավանդության՝ եղել է Թադեոս առաքյալի եղբայրն ու հենց ինքն է ասել Թադեոսին ̀ գալ հայոց աշխարհ, քանի որ Թովման ունեցել է հայտնություն: Ավանդությունը պատմում է, որ ժամանակին նաև Հայաստան է եկել իր եղբոր մոտ: Այս մասին են վկայում, այն ժամանակ, Հայաստանի տարածքում` օրինակ, Նախիջևանում եղած առաջին դարի Սուրբ Թովմայի անունով եկեղեցիները: Դրանք այժմ, ավերակների են վերածվել ադրբեջանցիների ձեռքով»,- նշում է հոգևորականը:


Հակոբոս առաքյալ


Շատ չեն տեղեկությունները նաև Հակոբոս և Շմավոն առաքյալների մասին: Ըստ ավանդության` կրտսեր Հակոբոսը` Ալփեոսի որդին, Մատթեոս ավետարանիչի եղբայրն էր։ Առաքյալը ստացել է այլ անուն ևս՝ «Աստվածային սերմ», քանի որ մարդկանց սրտերում սերմանում էր Աստծո խոսքը, տնկում հավատ ու աճեցնում բարեպաշտություն: Նա քարոզել է Պաղեստինի հարավային ծովեզերքում, Եդեսիայում, Գազայում, Ելեվֆերոպոլում, որտեղից մեկնում է Եգիպտոս և ի վերջո նահատակվում:


Շմավոն առաքյալ


Շմավոն առաքյալը կամ Սիմեոնը հայտնի է «Կանանացի» անվամբ, ինչը նշանակում է նախանձահույզ։ Այդպես է կոչվել, քանի որ Հրեաստանում մի կուսակցության անդամ էր, որի նպատակն էր ամեն ձևով հռոմեական օտար լծից ազատել իրենց հայրենիքը: 


«Ըստ ավանդության՝ Ավետարանից հայտնի Կանայի հարսանիքը իր հարսանիքն էր, երբ գինին պակասում է, դա այն ժամանակ խայտառակություն էր հարսի և փեսայի համար, Քրիստոս ջուրը գինու է վերածում: Դա այն հրաշքն էր, որից հետո Սիմեոնը հավատաց»,- ներկայացնում է Տեր Թովման:


Շմավոնը քարոզել է Եգիպտոսում, Պարսկաստանում, որտեղ նահատակվել է: Ըստ այլ ավանդությունների՝ քարոզել է Հրեաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Իսպանիայում, հասել Բրիտանիա, հասել է Աբղազիա և այնտեղ քարայրում մահացել: Քարայրի կողքին բխել է բուժիչ աղբյուր: Հետագայում առաքյալի թաղման վայրում կառուցվել է տաճար, ավելի ուշ Տիբերիական լեռան մոտ կառուցվել է Նոր Աթոսի Սիմոն Կանանացու անունով վանքը: 


Անի Ավագյան

  • 2024-08-31
×