Նավասարդ Սրբազանն օրհնության գրի արժանացրեց Տեր Մյուռոն ավագ քահանա Ադամյանին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Նավասարդ Սրբազանն օրհնության գրի արժանացրեց Տեր Մյուռոն ավագ քահանա Ադամյանին

Նավասարդ Սրբազանն օրհնության գրի արժանացրեց Տեր Մյուռոն ավագ քահանա Ադամյանին

Օգոստոսի 26-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու խորհրդակատար Տեր Մյուռոն ավագ քահանա Ադամյանին արժանացրեց Օրհնության և գնահատանքի գրի 70-ամյա հոբելյանի և երկարամյա վաստակի համար:

 

Օրհնության գրում մասնավորաբար ասվում է. ««Այն երեցները, ովքեր լավ վերակացու են, կրկնակի պատվի թող արժանանան» (Ա Տիմոթեոս Ե 17):

 

Չորս տասնամյակից ավելի Ձեր ծառայասիրությամբ և նվիրումով Սուրբ Ավետարանի հունդերն եք ցանում մեր Եկեղեցու անդաստաններում՝ արժանիորեն վայելելով հավատավոր զավակների սերն ու ջերմությունը, հայրական սիրով ուսուցանում ավետարանական պատգամները՝ նրանց հոգիներում առատացնելով սերն առ մերձավոր և առ Աստված:

 

Հղում ենք Ձեզ և Ձեր ընտանիքին մեր բարեմաղթանքներն ու օրհնությունները՝ ցանկանալով աստվածաշնորհ խաղաղություն և բազում արևշատ օրեր: Աղոթք ենք առաքում առ Աստված, հայցում քաջառողջություն և Տիրոջ բարեխնամությունը՝ Ձեր առաքելության անխախտ ընթացքի համար»:

 

Տեր Մյուռոն ավագ քահանա Ադամյանը ծնվել է 1954թ.-ի օգոստոսի 24-ին, Էջմիածինում: 1961թ. ընդունվել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը և 1969թ. ավարտել ութերորդ դասարանը: Նույն թվականին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան և 1972թ. մեկնել խորհրդային բանակ: Ծառայությունից հետո ուսումը շարունակել է միջնակարգ դպրոցում և ավարտել 1977թ.-ին:

 

1979թ.-ին հաճախել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանի դասընթացը և ավարտելով՝ 1981թ. հոկտեմբերի 18-ին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Շաքարյանի, ձեռնադրվել ամուսնացյալ քահանա: Նույն թեմի առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում ծառայել է մինչև 1989թ.:

 

Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք: 1990թ. նշանակվել է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ:

 

1992-1995թթ. կրկին ծառայել է Շիրակի թեմի Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում:

 

1995թ. տեղափոխվել է Արարատյան Հայրապետական թեմ և առայսօր ծառայում է Ս. Գևորգ եկեղեցում:

 

1998թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:

 

2008թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ:

 

Ամուսնացած է, ունի 3 զավակ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2024-08-26
×