Երաժշտագիտական լայն լսարանի դատին հանձնվեցին հայ հոգևոր երաժշտության գոհարները ներկայացնող ժողովածուներ
Երաժշտագիտական լայն լսարանի դատին հանձնվեցին հայ հոգևոր երաժշտության գոհարները ներկայացնող ժողովածուներ
Օգոստոսի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, թեմի առաջնորդարանում կայացավ երաժշտագետ, խմբավար, մանկավարժ Գրիգոր Հարությունյանի հեղինակած գրքերի շնորհանդեսը: Գրիգոր Հարությունյանը երաժշտագիտական լայն լսարանի դատին հանձնեց հայ հոգևոր երաժշտության գոհարները ներկայացնող՝ «Ստեղծող մանկանց», «Տաղք տաղավարաց» ժողովածուներն ու «Խմբերգային պարտիտուրի վերադաշնակում» ուսումնական ձեռնարկը: «Ստեղծող մանկանց», «Տաղք տաղավարաց» ժողովածուների հրապարակումն իրականացվել է Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և հրատարակվել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ:
Երեկոյին ներկա էին նաև առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀԱԵ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր Սվետլանա Նավասարդյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԱԵ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր Թովմաս Պողոսյանը, երաժշտագետներ, կոմպոզիտորներ, երաժշտական քոլեջների ու դպրոցների ուսանողներ ու աշակերտներ:
Միջոցառումը Նավասարդ Սրբազանի նախագահությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Ապա ներկայացվեցին հրատարակություններն ու ելույթ ունեցան դրանց մասնագիտական խմբագիրներն ու աջակիցները:
«5 տաղավար տոների տաղերից որոշները մինչ այսօր մշակված չէին, ես հանձն առա դրանք կատարել: Ներառել եմ 10-18 դարերի տաղասացների հոգևոր տաղերը, որոնք վերաբերում են տաղավար տոներին: Յուրաքանչյուր տաղի մոտեցել եմ շատ զգուշորեն: Անաղարտորեն պահպանել եմ բոլոր տաղերի եղանակները: Եկեղեցական երաժշտությունը հանրահռչակելու խնդիր ունենք՝ տաղերից և շարականներից շատերը կատարվում են միայն պատարագների և ժամերգությունների ժամանակ: Ես լծվել եմ այդ գործին: Երգչախմբերում մշտապես երգացանկում ընդգրկում եմ մշակումներ»,- նշեց գրքերի հեղինակը:
Նրա հեղինակած առաջին գիրքը՝ «Ստեղծող մանկանց» ժողովածուն, ընդգրկում է հայ հոգևոր երգասացությունների՝ տաղերի և շարականների խմբերգային մշակումներ՝ մանկական և կանանց երգչախմբերի համար: Այն ամփոփում է V-XII դարերին վերագրվող 13 տաղ և շարական, որոնց հեղինակներն են Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Ստեփանոս Ա Սյունեցին, Անանիա Շիրակացին, Բարսեղ Ճոնը, Սուրբ Ներսես Շնորհալին:
Ժողովածուի մասնագիտական խմբագիր, կոմպոզիտոր, ՀԱԵ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր Կոնստանտին Պետրոսյանին ոգեշնչել է երիտասարդ խմբավարի հոգատարությունը հոգևոր երաժշտության արժեքների նկատմամբ: Կոմպոզիտորի խոսքով՝ հեղինակը վարպետորեն ու նուրբ մշակել է ստեղծագործությունները՝ հարազատ մնալով բովանդակությանը:
«Գրքերում ընդգրկված տաղերը միայն թղթի վրա չեն: Հարությունյանն իր ղեկավարած երգչախմբերում դրանք հնչեցնում է՝ նպաստելով հայ հոգևոր երաժշտության տարածմանն ու պահպանմանը: Ժամանակակից աշխարհի երգարվեստի խառնակ դարում հոգևոր երաժշտությունը նման է հրաբուխի: Թվում է, թե հանգած է, սակայն արթնացնելով՝ ժայթքում է, և կայծերը հասնում են ամեն տեղ»,- նշեց Կոնստանտին Պետրոսյանը:
Երկրոդ գիրքը՝ «Խմբերգային պարտիտուրի վերադաշնակում» ուսումնական ձեռնարկը, նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն երաժշտական կրթական հաստատությունների ուսանողների և դասավանդողների համար: Ձեռնարկի մասնագիտական խմբագիր, արվեստագիտության թեկնածու Տաթևիկ Շախկուլյանի խոսքով՝ աշխատանքն արժեքավոր է՝ բարձր որակով ու գրագիտությամբ. «Գրիգորի անհատականության մեջ համատեղվում են պրակտիկ գործողություն վարողը՝ գիտնականը նաև դասավանդողը, մանկավարժը: Խիստ տարբեր աշխատանքներ են տարված, մեկը՝ գիտամանկավարժական, մյուսը՝ կոմպոզիտորական: Այս բազմազանությունը հիացնում է»:
«Տաղք տաղավարաց» ժողովածուն ընդգրկում է Հայ Առաքելական Եկեղեցու Պատարագի ընթացքում կատարվող տաղերի մշակումներ: Այն ամփոփում է տարբեր ժամանակներին վերագրվող տաղավար տոների համար նախատեսված 12 տաղ, որոնց հեղինակներն են Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Անանուն Անեցին, Կոստանդին Սսեցին, Առաքել Սյունեցին, Մխիթար Սեբաստացին: Ժողովածուում զետեղված տաղերից երկուսի հեղինակներն անհայտ են: Գրքի գրախոս, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը միջոցառմանը հանդես եկավ շնորհավորական խոսքով. «Մենք շատ երջանիկ կլինեինք, եթե իր տարիքի երիտասարդներն այսպիսի դաստիարակություն ստացած լինեին և կրթված լինեին և նվիրում ունենային իրենց գործին»: Պրոֆեսորը Գրիգոր Հարությունյանին նվիրեց Մակար Եկմալեանի «Երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ» գիրքը:
Միջոցառման ավարտին Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ելույթ ունեցավ ամփոփիչ օրհնության խոսքով: Սրբազան հայրը, շնորհավորեց Գրիգոր Հարությունյանին երեք բացառիկ գրքերի լույսընծայման առթիվ. «Անձը, նախ ինքը պետք է մաքուր լինի, որպեսզի կարողանա բյուրեղյա ձևով փոխանցել հազարամյա մեր հոգևոր երաժշտական ժառանգությունը։ Գրիգորը մեր եկեղեցու զավակն է և շնորհաշատ երիտասարդ է, ով աստվածատուր կոչում ու առաքելություն ունի: Հաջողություն ենք մաղթում նրան իր առաքելության մեջ՝ հոգևոր, ազգային մշակույթի անդաստանում»:
Միջոցառման ընթացքում հոգևոր երգասացությունների մշակումների կատարումներով հանդես եկան ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախումբը, մեներգչուհիներ Ռոզա Հովսեփյանը, Մարիամ Հովհաննիսյանը և Աննա Առաքելյանը և Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի «Սարյան» երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Գրիգոր Հարությունյան)։