Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առթիվ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առթիվ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առթիվ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը

Վեհափա՛ռ Տեր,

 

Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ:

 

Ձեր գահակալության տարիներին մեր Առաքելահաստատ Սուրբ Եկեղեցին առավելագույն ջանասիրությամբ առաջացավ իր առաքելության մեջ՝ որպես գլուխ ունենալով Ձերդ Սրբության անձանձիր ծառայասիրությունը և անսակարկ նվիրումը, հաստատուն մնաց իր՝ առ Քրիստոս ունեցած հավատքին: Զինվորյալ եկեղեցու միաբանության անդամներն ականջալուր են Ձեր պատգամներին՝ այն դարձնելով որպես առաջնորդող ուժ իրենց ուխտյալ սպասավորության. «Փրկչին ապավինած՝ խավարի մեջ լույս ենք գտել, մահերից՝ վերածնունդ: Դարեր, ձիգ դարեր օտարների ասպատակություններից ու ջարդերից հալածական ու աշխարհով մեկ սփռված՝ հավատով միասնական ենք մնացել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու թևերի ներքո՝ հոգու մեր հայացքը միշտ ուղղած դեպի Արարատի շուրջ տարածվող հայրենի մեր երկիրը բիբլիական: Պատվիրանասիրությամբ, քրիստոնեական բարոյականով ու արժեքներով ընթանանք դեպի մեր ժողովրդի միացյալ, վստահությամբ լեցուն ու լուսավոր գալիքը, դեպի նոր օրը մեր հայրենիքի, որպեսզի մեր կյանքում իրողություն դառնա ավետարանական ճշմարտությունը. «Եթե սկիզբը սուրբ է, սուրբ է և զանգվածը, և եթե արմատը սուրբ է, ապա և՝ ոստերը» (Հռոմեացիս ԺԱ 16), (Գարեգին Բ Կաթողիկոս):

 

Ի սրտե Ձերդ Սրբությանը մաղթում ենք քաջառողջություն, շարունակական կենսունակություն և տոգորուն հոգի Ձեր եկեղեցանվեր ծառայությունն առավել արդյունաբեր դարձնելու համար: Թող Ձեր հովվապետական գավազանն անսասան լինի, և Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Աջով և Սուրբ Խաչի նշանով զորակից և մարտակից լինի Ձեզ՝ ի փառս Աստծո, ի պայծառություն լուսավորչակնիք Հայոց Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Հայրենյաց:

 

Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Օծյալ և Սուրբ Աջույն՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

 

 

 

  • 2024-08-21
×