«Մեր սրտերում ամենաջերմ զգացումները կապված են մոր հետ». Նավասարդ Սրբազան

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Մեր սրտերում ամենաջերմ զգացումները կապված են մոր հետ». Նավասարդ Սրբազան

«Մեր սրտերում ամենաջերմ զգացումները կապված են մոր հետ». Նավասարդ Սրբազան

Օգոստոսի 18-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը:  Տոնի առիթով Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ:

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Սուրբ Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:

 

Հավարտ Ս. Պատարագի, Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվեց Խաղողօրհնեքի կարգը:

 

Օրհնության ավարտին Սրբազան հայրը շնորհավորեց հավատացյալներին և Աստվածամոր բարեխոսությունը հայցեց մեր hայրենիքի ու հավատավոր ժողովրդի համար: Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Նավասարդ Սրբազանը մասնավորապես ընդգծեց. «Մարդկային փրկագործության խորհրդի մեջ Աստվածամայրը առանձնահատուկ դերակատարություն ունի մեզ համար: Նա եղավ խոստացված Մեսիայի, Աստծո Միածին Որդու մայրը: Սուրբ Կույս Մարիամն իր սրբությամբ ու խորհրդով միացնում է մարդկայինն ու աստվածայինը։ Հայոց եկեղեցիներում Ավագ Խորանի վրա գեղաթով աչոք Մարիամն է՝ Մանկան հետ։ Աստվածածինը մեր մայրն է։ Մեր սրտերում ամենաջերմ զգացումները կապված են մոր հետ»:

 

Վերջում Սրբազան հայրը Պահպանիչ աղոթքով արձակեց հավատացյալներին։ Այնուհետև, եկեղեցու Սուրբ Խորանից օրհնված խաղողը բաշխվեց ներկաներին:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2024-08-18
×