Տիրամայրը՝ մեր ամենամեծ բարեխոսը

Տիրամայրը՝ մեր ամենամեծ բարեխոսը

Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոն՝ Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը

 

«Ուրախ եղիր, բերկրյալդ, Տերը քեզ հետ է». Փրկչի համբարձվելուց տարիներ անց Մարիամին կրկին այցելեց Գաբրիել հրեշտակապետն ու այս խոսքերով տվեց երկրից երկինք փոխման ավետիսը։

 

Աստվածածնի երկրավոր կյանքի վախճանը նշվում է՝ «ննջում», ոչ թե «մահ» բառով, քանի որ նա երկինք է փոխադրվել:

 

Աստծո Որդու համբարձումից հետո Մարիամի կյանքի մասին տեղեկանում ենք ավանդությունից: Աստվածամայրը, Որդու պատգամին հնազանդ, շուրջ 15 տարի ապրում է Հովհաննես առաքյալի խնամատարության ներքո. «Երբ Հիսուսը տեսավ մորն ու նրան մոտ կանգնած սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»» (Հովհաննես 19:26-27):

 

Կա ավանդույթ, թե ինչպես է Աստվածածինը ստանում վերափոխման լուրն ու հայտնում իր ազգականներին, նշում է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

 

Մարիամը խնդրում է մատուցել Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Ծիսական արարողությունը կատարվում է Վերնատանը: Մինչև նա մատուցում էր գոհության աղոթքը, որոտ է լսվում, և Սուրբ Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր տարբեր ծայրերից:

 

Ննջելուց հետո առաքյալները վերցնում են Աստվածամոր նշխարներն ու ջահերով, սաղմոսերգություններով ու օրհնություններով առաջնորդվում դեպի Գեթսեմանի: Հրեշտակների բանակներն իջնում են, և առաքյալները նրանց հետ սաղմոսներ են ասում: Սուրբ Կույսի մարմինն ամ­փոփվում է Գեթսեմանի պարտեզում փորված գերեզմանում: Երեք օր լսվում են հրեշտակների փառաբանության երգեր, որից հետո, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Այնուհետև, ըստ ավանդույթի, Տերը կնքված գերեզմանից վերցնում է մարմինն ու հեռանում երկինք: Բարդուղիմեոս առաքյալը ներկա չի եղել հուղարկավորությանը և վերադառնալով ցանկացել է վերջին հրաժեշտը տալ Տիրամորը, սակայն մարմինը գերեզմանում չեն գտել:

 

Ավետարանական ընթերցվածքների համաձայն՝ Մարիամ Աստվածածնի կերպարում տեսնում ենք իր անսահման խոնարհությունը, հավատը, սերը, նշում է Տեր Շահեն.

 

«Աստվածածինն իր ողջախոհությամբ, իմաստությամբ, համբերությամբ գերազանցեց բոլորին: Նա տեսնում է Որդու չարչարանքները, խաչելությունը, սակայն երբեք չի երկնչում ու ընդդիմանում Աստծուն` գիտակցելով իրեն վստահված առաքելության նշանակությունը: Աստվածածնի վերափոխումը ամենամեծ հույսն է քրիստոնյայի համար, որ հողածինը կարող է վերափոխվել երկինք»:

 

Բուժիչ սրբապատկերի հետքերը

 

Կա հետաքրքիր դրվագ ավանդությունից, թե ինչպես է Աստվածածնի պատկերը հասել հայոց աշխարհ: Նշվում է, որ Հովհաննես Ավետարանիչը նոճենու փայտի վրա նկարում է սրբուհու պատկերը: Առաքյալները խնդրում են, որ Մարիամն օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Հայկական ավանդության համաձայն՝ Տիրամոր պատկերը Բարդուղիմեոս առաքյալը բերել է Հայք։ Անձևյաց գավառում կառուցել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, ապա կուսանոց ու Հոգեաց վանքը, իսկ պատկերը դրվել է այնտեղ։ Դարերի ընթացքում սրբապատկերի հետքերը կորել են: Նշվում է, որ պատկերը հյուսել են պատի մեջ՝ պաշտպանելու զավթիչներից:

 

«Աստվածածինը դարձավ ամենամեծ բարեխոսը մեզ համար: Նա մեր խնդրանքների համար բարեխոսում է Տիրոջը, ինչպես Կանայի հարսանիքին, երբ ներկաներից միայն Տիրամայրն է մոտենում Հիսուսին ու հայտնում, որ գինին վերջացել է: Տերը ջուրը գինու է վերածում ու փրկում ընտանիքին վատ վիճակից»,- ներկայացնում է հոգևորականը:

 

Խաղողօրհնության կարգը

 

Վերափոխման տոնին՝ Սուրբ Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ, և օրհնված ողկույզները բաժանում են ժողովրդին: Դրախտից արտաքսվելուց հետո՝ անիծվում է նաև երկիրը՝ իր կենդանիներով, բույսերով, քանի որ մարդը իշխան էր կարգված ամբողջ երկրի վրա: Հիսուս Քրիստոսի գալստյամբ, օրհնվում են նաև արարածները: Պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը, պատվեց առավել. «Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է: Ամեն ճյուղ, որ վրաս է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և այն ամենը, որ պտուղ է տալիս, էտում է, որպեսզի առավել ևս պտղաբեր լինի» (Հովհաննես 15:1-2)։

Գինին՝ խաղողի արյունը, Միածին Որդին Վերնատանն օրհնեց՝ ասելով. «Դա է նոր ուխտի իմ արյունը» (Մատթոս 26:28):

 

Վերափոխման տոնին գոհանում ենք Աստծուց, մեզ պարգևածի համար: Խնդրում ենք որպեսզի Նա օրհնի տաճարին ընծայված պտուղներն ու շնորհի մեզ` որպես գինի ուրախության ու կերակուր առողջության՝ հոգու և մարմնի: Դիմում ենք Աստվածածնի բարեխոսությանը։ Նրա միջոցով մեզ տրվեց կյանքի ու անմահության Պտուղը՝ Հիսուս Քրիստոս:

 

Անի Ավագյան

  • 2024-08-17
×