Եվ երկնքից լույսի մի շող կաթեց

Եվ երկնքից լույսի մի շող կաթեց

Տոն Շողակաթի՝ Սուրբ Էջմիածնի, ըստ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի

 

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը Հայ Եկեղեցին նշում է Շողակաթի տոնը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի նավակատիքը: Օրվա հիմքում Գրիգոր Լուսավորչի տեսիլքի պատմությունն է:

 

Մայր տաճարի կառուցման մասին մեզ հասել է գեղեցիկ վկայություն: Հիշատակվում է հայոց առաջին հայրապետի տեսիլքը: Պատմիչ Ագաթանգեղոսը գրում է, որ տեսիլքի համաձայն՝ Աստծո Որդին, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից ու Վաղարշապատում ոսկե մուրճով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանին:

 

«Զարմանահրաշ այս տեսիլքով Միածինը մատնանշում է Մայր տաճարի հիմնադրման վայրը: Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես է երկնքից լույսի մի շող կաթում: Այդտեղից էլ եկել է անվանումը՝ «Շողակաթ»,- նշում է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը:

 

Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին, և այդ տեսիլքի հիման վրա կառուցվում է Մայր տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ իջավ Միածինը: Իջման վայրում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Տեր Արարատը հավելում է` Շողակաթի տոնը նշվում է Սուրբ Կույսի Վերափոխման տոնի նախորդ օրը, քանի որ պատմական տեղեկությունների համաձայն՝ Տաճարը՝ սկզբնապես նվիրված Աստվածածնին, նվիրագործվել ու օծվել է 303 թվականին, Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի նախօրյակին:

 

Համաձայն Գրիգոր Լուսավորչի տեսիլքի՝ «լույսը հոսելով վերևից ներքև՝ մինչև երկիր էր հասնում» և այս համատարած լույսում գծագրվել են նաև նահատակված կույսերին նվիրված կառուցվելիք վկայարանները՝ Սուրբ Հռիփսիմյանց, Սուրբ Գայանյանց նահատակության վայրերում և հնձանում: Հայրապետն ամփոփել է սրբուհիների նշխարներն այդ վկայարան-եկեղեցիներում:

 

Տեր Արարատը հիշեցնում է՝ 1700 տարի հայ մարդու համար նվիրական ուխտատեղի դարձած՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ:

 

«Աստված իջավ մեր երկիր ու կանխորոշեց հայ ժողովրդի ապագան՝ որպես ընտրյալ ժողովուրդ, որն առաջինը հռչակեց քրիստոնեությունը պետական կրոն ու իր սրտում ընդունեց Վարդապետի սիրո վարդապետությունը»,- նշում է քահանան:

 

Անի Ավագյան

 
  • 2024-08-16
×