Սուրբ Աստվածածնի Վերափոխման շաբաթապահք
Մաքրագործվել պահեցողությամբ, հոգեպես պատրաստ լինել` տոնելու Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը. Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի հորդորն է` ինչպես պատրաստվել Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկին։ Օրվան նախորդում է պահոց շրջանը, ինչպես մնացած տաղավար տոներից առաջ:
Շաբաթապահքի ընթացքում ցանկալի է հրաժարվել կենդանական ծագում ունեցող սննդից, մոլություններից, մաքրել մտքերը, զղջալ մեղքերի համար, ապաշխարել, բարիք գործել՝ այդպիսով պատրաստվելով կարևոր օրվան: Այնուհետև, մասնակցելով Սուրբ Պատարագին և Հաղորդություն ստանալով` դուրս գալ պահքից:
Տեր Շմավոնի խոսքով՝ կարևոր է, որ պահոց շրջանում, երբ հեռանում ենք վնասակար սովորություններից, նույն ապրելակերպին չվերադառնանք նաև պահքից հետո:
«Պահքի նպատակը մարդուն մաքրագործելն է: Պահեցողության շրջանը միտված է` մարդուն աստիճանաբար իր մակարդակից բարձրացնելուն` հոգևոր աճի մեկ այլ մակարդակի: Ամբողջ տարվա ընթացքում պահոց օրերի նպատակը նաև մարդկանց զգոն վիճակում պահելն է։ Ավետարանում ասվում է. «Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը ե՛րբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան (Մարկոս 13:35)»,- նշում է քահանան:
Հոգևորականը ցավով է նկատում, որ այսօր մարդիկ հաճախ սխալ են ընկալում պահոց օրերի խորհուրդը: Կրկին հիշեցնում է՝ պահքը դիետա չէ: Քահանայի խորհուրդն է՝ իրապես հոգևոր նշանակությունը հասկանալով՝ անցնել պահեցողության շրջանը և տոնախմբել օրը, որի հիմքում հոգու փրկության հրամայականն է։
Ըստ ավանդության` Գաբրիել հրեշտակապետը կրկին այցելում է Մարիամին ու հայտնում` աշխարհից հեռանալու մասին: Աստվածածինը հրաժեշտ է տալիս առաքյալներին, և Որդին՝ Քրիստոսը, գալիս է Մոր հետևից: Աստվածածնի հեռանալը ոչ թե տխրություն, այլ ավետիս է` բարի լուր, քանի որ նա վերափոխվեց երկինք՝ Որդու մոտ:
«Աստվածածինը հասարակ մարդ չէր: Նա ծնվեց՝ որպես հասարակ աղջիկ մի հրեական ընտանիքում, բայց այն օրվանից, երբ եղավ ավետիսը, և Սուրբ Հոգին իջավ նրա վրա, նա դադարեց` հասարակ մարդ լինել, վերափոխվեց Աստվածածնի, որ կրեց իր մեջ, ծնեց, սնեց Աստծո միածին Որդուն: Նա ողջ կյանքի ընթացքում տարբերվեց իր բարեպաշտությամբ»,- նշում է Տեր Շմավոնը:
Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը հայտնի է նաև «Խաղողօրհնեք» անվամբ: Տոնակատարության օրը՝ Սուրբ Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և օրհնված ողկույզները բաժանվում են ժողովրդին: Հոգևորականը հիշեցնում է, որ պետք է խաղող չճաշակել մինչև Խաղողօրհնեքի կարգը:
Անի Ավագյան