«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու Մարմինը և չըմպեք Նրա Արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա» (Հովհաննես 6.54):
Քրիստոնյայի կյանքի կարևորագույն նպատակն Արարչի հետ հաղորդակցության մեջ մնալն է, որի լավագույն և անփոխարինելի ճանապարհը եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի արարողությունն է, հընթացս որի քրիստոնյան ականատեսն է դառնում իր Փրկչի երկրային կյանքի հետ կապված գործունեությանը, իսկ Սուրբ Հաղորդության ճաշակմամբ` միաձուլվում Տիրոջը` հոգու ողջ էությամբ հաղորդակցվելով Նրա հետ:
Սուրբ Հաղորդությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու խորհուրդներից մեկն է, հաստատվել է Հիսուս Քրիստոսի կողմից Վերջին ընթրիքի ժամանակ` 12 առաքյալների հետ զատկական սեղանի շուրջ նստած. «Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար» (Մատթեոս 26.26-28):
Արդյո՞ք կարելի է պատկերացնել Սուրբ Պատարագի ընթացքում Քրիստոսի հետ միասին ճանապարհորդելուց ու Սուրբ Հաղորդության միջոցով Նրա Մարմնին միաձուլվելուց մեկ այլ ավելի փառահեղ հաղորդակցության հնարավորություն, որը պատգամվել է հենց Աստծու կողմից: Այս գիտակցումն ակամայից կուղղորդի քրիստոնյային ըստ պատշաճի մասնակցել Սուրբ Պատարագի արարողությանը և հատուկ պատրաստվածությամբ մոտենալ Սուրբ Հաղորդությանը: Սուրբ Հաղորդությանը մոտենալու համար կան մի շարք հայտնի կենսաբույր պայմաններ, որոնցից են մկրտված լինելը, ապաշխարելը և ծոմապահությունը (միայն հղի կանայք, երեխաները և հիվանդները կարող են հաղորդվել առանց ծոմապահության):
Հրաշափառ այս արարողության` Սուրբ Պատարագի մատուցումը, ինչպես և քրիստոնեական ցանկացած ուսմունք կամ ավանդույթ հասկանալու համար պետք է սկսել Աստվածաշնչում արձանագրված Աստծո Խոսքի դիտարկումներից: Այսպիսով, Աստվածաշնչում արված ուսումնասիրությունների համաձայն, Վերջին ընթրիքն է դարձել Քրիստոսի Եկեղեցու կարևորագույն արարողության` Սուրբ Պատարագի ծննդավայրը, իհարկե, մի շարք առանձնահատուկ շեշտադրումներով: Նախ հայտնի է, որ քրիստոնյաները Սուրբ Պատարագ էին մատուցում մինչև Վերջին ընթրիքը նկարագրող Աստվածաշնչի գրքերից որևէ մեկի գրվելը: Ընթրիքի ամենավաղ նկարագրությունը Պողոս առաքյալի կորնթացիներին ուղղված նամակում է (Ա Կորնթացիս 11.23-26): Սուրբ Պողոսն այս նամակը գրել է մոտավորապես 53 կամ 54 թվականներին` Վերջին ընթրիքից ավելի քան քսան տարի անց: Ավետարանները գրվել են ավելի ուշ` մեկ տասնյակ կամ ավելի տարիներ անց: Տիրոջ Ընթրիքի չորս նկարագրությունները Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և կորնթացիներին ուղղված նամակի մեջ նույնական չեն։ Նրանք տարբերվում են էական մանրամասներով` արտացոլելով հեղինակների առանձնահատուկ շեշտադրումները: Բացի այդ, Նոր Կտակարանի գրությունները չեն պատմում Վերջին ընթրիքի մասին բոլոր մանրամասները: Նրանք իրականում շատ քիչ տեղեկություն են հաղորդում Վերջին ընթրիքի մասին և հատկապես քիչ տեղեկություն՝ Սուրբ Պատարագը մատուցելու կերպի մասին: Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի Ավետարանների և կորնթացիներին ուղղված նամակի ամբողջ տեղեկատվության դիտարկմամբ պարզվում է միայն այն, որ Հիսուս հաց ու գինի վերցրեց, շնորհակալություն հայտնեց, ապա այդ հացն ու գինին, Իր Մարմինն ու Արյունը հռչակելով՝ տվեց աշակերտներին, որպեսզի ճաշակեն, հետո պատվիրեց. «Այս արե՛ ք իմ հիշատակի համար» (Մատթոս 26.26-29, Ղուկաս 26.19), այնուհետև շարական երգեցին ու գնացին։ Այսինքն, ստացվում է, որ եթե Սուրբ Պատարագի արարողության ընթացքում բառացի կերպով իրականացնեին Նոր Կտակարանում արձանագրված միայն այս գործողությունները, ապա այն կտևեր ընդամենը հինգ րոպե, որը չափազանց կարճ կլիներ ներկայիս քրիստոնյային իր Տիրոջ երկրային կյանքի հետ ծանոթացնելու, Նրա հետ ճանապարհորդելու հնարավորությունը պարգևելու և Սուրբ Հաղորդությանը մոտենալու կենսաբույր հնարավորությունն ընձեռելու համար: Եվ պատմության մեջ ոչ մի քրիստոնեական համայնք չի ունեցել Հաղորդության արարողություն, որը սահմանափակված է միայն նշյալ գործողություններով, քանզի այսպիսի փոքրածավալ կարճատև արարողությունն իսկապես չի կարող արտացոլել նաև Հիսուսի գործողությունների և խոսքերի հանդիսավորությունը, որ իրականացվեց Վերնատանը` հընթացս Նրա երկրային կյանքի վերջին գիշերվա։
Ուսումնասիրությունների համաձայն, Նոր Կտակարանի հեղինակները նախատեսած չեն եղել, որ Տիրոջ ընթրիքի շուրջ իրենց կողմից արված նկարագրություններն ընկալվեն որպես մեխանիկական ընդօրինակման հրահանգ: Հեղինակների նպատակն էր հատկապես այս ծեսի աստվածաբանական նշանակության ընդգծումը, Արարչի կողմից արարածներին տրված փրկության հնարավորության շեշտադրումը:
Սուրբ Հաղորդության խորհուրդը Հիսուսի զոհաբերման` պատարագման խորհուրդն է: Այն Սուրբ Պատարագի արարողության բուն առանցքն է, որի ժամանակ Անմահ Գառը` Հիսուս Քրիստոս, որպես հաշտության զոհ, խորհրդավոր կերպով պատարագվում է Սուրբ Սեղանի վրա՝ բաշխելով քրիստոնյաներին Իր Սուրբ Մարմինն ու Սուրբ Արյունը` քավություն և թողություն տալով նրանց մեղքերին: Սա քրիստոնյայի և Քրիստոսի միջև կենսական կապի ստեղծումն է, երբ մեղավորը հանդիպում է Քավչարարին, փրկվածը` Փրկչին:
Արդ, պատմական փաստերի գիտակցմամբ և բյուր հավատքով լեցուն սրտով անձն ուղղակի չի կարող չայցելել Եկեղեցի և չմասնակցել Սուրբ Պատարագի արարողությանը, քանզի Աստծու հանդեպ տածած անսպառ սերն ու նվիրումն ինքնաբուխ կերպով նրան կմղեն մոտենալու Սուրբ Հաղորդությանը` որպես Քրիստոսին գեթ մեկ անգամ դիպչելու և Նրա ներկայությունը սեփական հոգում զգալու մեծագույն երազանքի իրականացման օրհնյալ և փառահեղ աղոթական ճանապարհ: