Սուրբ Հովհան Ոսկեբերանի խոսքը Պողոս առաքյալի՝ Տիտոսին ուղղված թղթի մասին
Սուրբ Հովհան Ոսկեբերանի խոսքը Պողոս առաքյալի՝ Տիտոսին ուղղված թղթի մասին
«Իսկ երբ մեր Փրկիչ Աստծու քաղցրությունը և մարդասիրությունը հայտնվեց ոչ այն արդարության գործերի համար, որ մենք արեցինք, այլ իր ողորմության համաձայն, փրկեց մեզ վերստին ծննդյան ավազանի միջոցով և նորոգությամբ Սուրբ Հոգու, որ Աստված թափեց մեր վրա առատությամբ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի, նրա շնորհով արդարացված, ժառանգներ լինենք հավիտենական կյանքի հույսով» (Տիտոս 3:4-7):
Երբեմն, ասում է, անմիտ էինք, անհնազանդ և մոլորված: Այլ երբ հայտնվեցին մեր փրկիչ Աստծո քաղցրությունն ու մարդասիրությունը, ոչ թե ըստ մեր արդար գործերի, այլ՝ ըստ Իր ողորմության, փրկվեցինք վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ: Որքա՞ն էինք լցված չարով, չէինք կարողանում մաքրվել և կարիք ունեինք վերստին ծննդյան: Ինչպես, օրինակ, երբ տունը խարխուլ է, հնարավոր չէ այն նոր շինությամբ կարկատել, այլ պետք է հինը հիմնովին քանդել և նորը կառուցել, նմանապես նաև այստեղ, վերստին կառուցեց, որովհետև Հոգով վերստին ստեղծեց մեզ, ինչպես որ մեկ այլ տեղ ասում է, թե. «Աստված թափեց մեզ վրա առատությամբ մեր Փրկչի՝ Հիսուսի Քրիստոսի միջոցով» (Տիտոս 3:6): Մեզ շատ էր պետք Սուրբ Հոգին, որպեսզի Նրա շնորհով արդարանայինք: Շնորհով և ոչ թե պարտքով «ժառանգներ լինենք հավիտենական կյանքի հույսով», միաժամանակ նաև՝ խոնարհ հոժարակամությամբ և հավիտենական կյանքի հույսով:
Ի՞նչ է նշանակում՝ «հավիտենական կյանքի հույսով»: Ինչպես հուսացիք, ասում է, այդպես էլ պիտի վայելեք: «Ճշմարիտ են այս խոսքերը» (Տիտոս 3:8), քանզի հանդերձյալի մասին խոսեց, ինչը մոտակա ժամանակներում չի լինելու և պետք է այդ ամենին հավատարիմ լինել: Ճշմարիտ են այս խոսքերը և կատարվելու են: Այդքան անօրինություններից և չարիքներից փրկեց մեզ, պարզ է, որ ապագայում էլ արժանի է դարձնելու մեզ այս ամենին: Ուրեմն՝ հաստատուն մնանք շնորհի մեջ, քանզի ամեն ինչ Նրա նախախնամությամբ է լինելու:
Այսուհետև գոհացող լինենք Աստծուց և ոչ ոքի չնախատենք, չբամբասենք, այլ մխիթարենք, աղոթենք, խրատենք: Եթե նույնիսկ թշնամանան, եթե մարտնչեն մեր դեմ, մենք մտաբերենք, որ հորդորելու պատվեր ենք ստացել, քանզի այդպիսին է հիվանդների բնավորությունը: Ովքեր ցանկանում են նրանց առողջացնել, ամեն ինչի համբերում են, ամեն միջոց կիրառում են, և եթե նույնիսկ չեն էլ վճարում, այդ մասին չեն մտածում: Մի՞թե չգիտեք շատ դեպքեր, երբ նույնիսկ հիվանդը բժշկի կողմից անհույս է համարվում, սակայն այդ ժամանակ էլ ամեն միջոց կիրառում են դարմանելու համար, որ ոչինչ պակաս արած չլինեն և իրենց մասին չբամբասեն, թե՝ անտեսեց հիվանդին: Չե՞ք տեսնում, թե որքան զանազան դեղամիջոցներ են կիրառում, որքան միջոցներ են հնարում մարմինը փրկելու համար: Գոնե նրանց նմանվեք: Եվ եթե մի մանուկ հիվանդանում է, հայրը արագ հեռու ճանապարհ է գնում, որպեսզի ցավին դարման գտնի, սակայն երբ հոգին որևէ ախտի մեջ է, ոչ մի միջոց չի ձեռնարկում: Բոլորս ծուլացել ենք, անհոգության մատնվել, ամեն ինչում ալարկոտ ենք դարձել, չենք մտածում մեր անձերին դարմանելու մասին, որ այսքան ապականված ախտերի մեջ ենք:
Մտաբերի՛ր, թե ինչից են վատ սովորությունները, որոնց համար պատիժ է սահմանված: Եթե այս աշխարհում անմտություն է արհամարհել հանդերձյալ կյանքը, ապա որքան առավել այնտեղ, եթե այժմ լսում ենք շատերից և խրատվում շատերի կողմից, և պատվեր ստանում, թե ինչ գործենք, ինչ՝ ոչ, և ծուլանում ենք, ապա ի՞նչ պիտի անենք, երբ այլևս պաշտպանություն չունենանք: Ամուր բռնենք հույսից, հոգանք մեր փրկության մասին, աղաչենք Աստծուն, որպեսզի պաշտպանի մեզ: Մինչև ե՞րբ ենք ծուլանալու և անփույթ գտնվելու մեր ծառայակիցների հանդեպ: Նա առատապես հեղեց մեզ վրա Իր Հոգու շնորհները, մտաբերենք նաև մենք, թե ինչ են մեզ ցույց տալիս շնորհները, որպեսզի մենք էլ ջանասիրություն ունենանք, հատկապես, որ չենք կարող այդքան շատ ջանք ցուցաբերել: Իսկ եթե այդպիսի շնորհների հանդեպ անտաղանդ գտնվենք, բազում պատիժներ պիտի կրենք, քանզի ասում է. «Եթե ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք որևէ մեղք ունեցած չէին լինի, բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկա» (Հովհաննես 15:22): Այնպես չլինի, որ մենք էլ այսպիսի խոսքեր լսենք, այլ թող բոլո՛րս հասնենք Իր սիրելիներին խոստացած բարիքներին շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Նրա հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: