Մեր հոգեվոր երաժշտությունը՝ վերմարդկային, երկնային, լուսավոր...

Մեր հոգեվոր երաժշտությունը՝ վերմարդկային, երկնային, լուսավոր...

Ի՞նչ դեր ունի հոգևոր երաժշտությունը մեր կյանքում, ինչպե՞ս կարող է փոխել մեզ: «Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը՝ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբի գեղարվեստական ղեկավար Շահե Քեշիշյանը, գիտի պատասխանը: Իր ղեկավարած երգչախումբն ամեն կիրակի եկեղեցում կատարում է Կոմիտասի «Պատարագ»-ը:

 

Հոգևոր երաժշտության դերը

 

-Ես մեծացել եմ եկեղեցում, իմ երաժշտական ճաշակը ձևավորվել է այնտեղ, ազդվել եմ հոգևոր երաժշտությունից, այդ ամենը կարծես ներծծվել է իմ մեջ: Մայրս և հայրս լավ երաժշտական տվյալներ են ունեցել, թեև մասնագիտությամբ երաժիշտներ չեն: Մայրս երգել է եկեղեցու երգչախմբում և 6 տարեկանից ինձ տարել է եկեղեցի: Այդ ժամանակվանից շապիկ եմ հագել ու մինչև օրս ծառայում եմ: Թեև դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որոշ ժամանակ անց հասկացա՝ երաժիշտ պետք է լինեմ: Ավարտեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երկու բաժիններ: Հետագայում կրկին ընդունվեցի ու ավարտեցի ևս մեկ բաժին: Սովորել կարելի է ամեն օր՝ մինչև կյանքի վերջ:

 

Եկեղեցական երգչախմբերի առաքելությունը

 

-Ես Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբի գեղարվեստական ղեկավարն եմ, բայց քանի որ կազմը փոքր է, նաև երգում եմ: Երգչախումբը ձևավորվել է 6 տարի առաջ: Հենց սկզբից ունեի մտահղացումը և ստացա Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը, որ կատարենք Կոմիտասի «Պատարագ»-ը՝ արական կազմով, թեև այն կատարելը բարդ է: Սուրբ Պատարագը բաղկացած է 4 հիմնական մասերից: Ֆանտաստիկ է, թե որքան ճիշտ է Կոմիտասն այդ ամենը զգացել ու մատուցել: Տարիներ շարունակ երգչախմբով երգում ենք Կոմիտասի «Պատարագ»-ը՝ ամեն անգամ մեզ համար նորը բացահայտելով: Ամեն անգամ որոշ հատվածներ կատարելիս փշաքաղվում ենք: Մենք՝ եկեղեցական երգչախմբերս, ունենք առաքելություն՝ մարդկանց տալիս ենք հոգևոր դաստիարակություն: Պարտավոր ենք շարունակ ջանք չխնայել, որ մեր կատարումը չվերածվի մեխանիկական աշխատանքի: Եթե չկարողանանք ժողովրդի հոգու մեջ ներթափանցել, անիմաստ է ամեն բան:

 

Աստղերից, տիեզերքից եկած ձայների վերարտադրումը

 

-Ձայնի արտաբերումների, խորհրդանիշների, երաժշտական շարժումների, հարմոնիաների հիմքը հազարամյակներ առաջ եկել է Աստծուց: Երաժշտությունը բնությունից, աստղերից, տիեզերքից եկած ձայների վերարտադրումն է: Երաժշտությունն ունի ներգործություն բնության վրա, իսկ մենք բնության մի մասնիկն ենք: Դա փաստում են մի շարք հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, թե, օրինակ, ջրի մոլեկուլը ինչպես է փոխվում, երբ հնչում է լավ երաժշտություն և հակառակը: Մեր հոգևոր երաժշտությունը՝ հատկապես Կոմիտասի, գերմարդկային է, երկնային: Ես առիթ եմ ունեցել ելույթ ունենալու աշխարհի տարբեր կետերում ու միշտ լսել եմ այդ կարծիքը: Հոգևոր երաժշտության մեջ կա վեհություն, ցնծություն, ուրախություն: Այն դրական է, լուսավոր, ուղղորդում է դեպի Աստված, չունի ագրեսիա, վայրագություն: Մեր եկեղեցական երաժշտությունն ունի հազարամյակների պատմություն, և այնտեղ կոդավորված է մեր ժողովրդական իմաստությունը: Անկախ մեր գիտակցությունից՝ այն ներգործություն ունի մեզ վրա, սակայն մենք պետք է թույլ տանք, որ այն մտնի մեր գիտակցության մեջ: Հասարակությունը սովորաբար ընդունում է այն, ինչ իրեն տալիս են: Ժամանակ է պետք, որ ճաշակը զարգանա: Սկզբում, երբ Կոմիտասի «Պատարագ» էինք երգում եկեղեցում, ժողովրդի համար խորթ էր, քանի որ սովոր են լսել Մակար Եկմալյանի մշակած «Պատարագ»-ը: Մենք շարունակեցինք ամեն կիրակի երգել կոմիտասյան մշակումը, նույնիսկ երբ եկեղեցում լռություն էր, միացնում էինք այդ ստեղծագործության ձայնագրությունը: Որոշ ժամանակ անց մարդիկ սովորեցին: Այժմ նրանք սպասում են: Ուրախալի է, որ որոշակի մշակույթ ենք ձևավորել, մեր եկեղեցի այցելող մարդիկ սկսել են զգալ այդ վեհությունը:

 

Պատրաստվել, ճանապարհ անցնել՝ վեհը ընկալելու համար

 

-Թեև մեր բոլորի ընկալունակությունը նույնը չէ, ամեն դեպքում լավ երաժշտությունը հասկանալու համար այն պետք է անընդհատ լսել: Ընդհանրապես վեհը ընկալելու համար՝ պետք է պատրաստվել հոգեպես, անցնել, պահեցողության, խոկման շրջան: Սուրբ Պատարագի խորհուրդը հասկանալու համար՝ պետք է մասնակցել արարողությանը՝ սկզբից մինչև վերջ: Պետք է առաջին բառից, հնչյունից մինչև վերջին զարգացումն ապրել, որ կարողանանք ընկալել, մաքրվել, արժանանալ Սուրբ Հաղորդությանը: Եթե հոգեպես չենք պատրաստվել, չենք անցել այդ ճանապարհը, մեր մարմինն էլ դա չի ընդունի: Քրիստոս ասաց. «Բախե՛ք, և ձեր առաջ կբացվի» (Մատթեոս 7:7):  Այսինքն՝ պետք է ջանք թափել:

 

Պատրաստեց Անի ԱՎԱԳՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

  • 2024-08-07
×