Հուլիսի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այցելեց թեմի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ գործում է ամառային բակային ճամբար:
Սրբազան հորը դիմավորեցին եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, ճամբարի պատասխանատու Մերինե Նիկողոսյանը, համայնքի անդամներն ու ճամբարական երեխաները։
Ճամբարն արդեն 7-րդ անգամ կազմակերպել են եկեղեցու համայնքի երիտասարդաց ու տիկնանց միությունները՝ Տեր Աշոտի գլխավորությամբ։ Այս տարի ճամբարի մեկենասը եկեղեցու խաչքավոր Ռաֆայել Մովսեսյանն է:
Ամեն տարի մեծանում է մասնակիցների քանակը: Այս տարի 95 երեխա են ընդունել ճամբար, թեպետ ցանկացողները շատ ավելի շատ էին:
Երեխաներն ըստ տարիքային խմբերի բաժանվել են 4 ջոկատի: Յուրաքանչյուրը մեկ Ավետարանչի անունով է՝ Ս․ Մատթոեոս, Ս․ Մարկոս, Ս․ Ղուկաս ու Ս․ Հովհաննես։
Ճամբարում գործում են ասեղնագործության, կավագործության, աշխարհիկ ու հոգեւոր երգերի, ազգագրական պարի, նկարչության ու կավագործության խմբակներ։
Կազմակերպվում է սպորտլանդիա՝ բակային ու սպորտային ուրախ խաղերով։
Տեր հայրն ու Տիգրան սարկավագն ամեն օր հոգեւոր զրույցներ են անցկացնում երեխաների հետ, առակների միջոցով հոգեւոր ու քրիստոնեական գիտելիք են փոխանցում նրանց:
Նավասարդ Սրբազանը շրջեց ջոկատներում, զրուցեց երեխաների հետ, ունկնդրեց երաժշտական ու պարային կատարումները։
Այցի ավարտին Նավասարդ Սրբազանն իր գոհունակությունը հայտնեց Տեր Աշոտին ու համայնքի անդամներին՝ երեխաների համար ճամբարը հագեցած ու բովանդակային ծրագրով կազմակերպելու, կամավորաբար իրենց ժամանակն ու գիտելիքը ներդնելու համար։