Նրանց միջոցով խոսեց Տերը

Նրանց միջոցով խոսեց Տերը

Տասներկու Սուրբ մարգարեների` Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի հիշատակության օր

 

Մարգարեները՝ երկրի վրա Աստծո խոսնակներն էին, որոնք մարդկանց հիշեցնում էին` Տիրոջ կամքի համաձայն ապրելու մասին: 

 

«Մարգարեները, ժամանակին, համարվել են Աստծո պատգամաբերները: Նրանք այն անձինք էին, որոնց միջոցով Աստված հայտնում էր Իր կամքը»,- նշում է Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը:

 

Տասներկու մարգարեներն ապրել ու գործել են տարբեր ժամանակներում, բայց նրանց առաքելությունն էր` լինել միջնորդը՝ Աստված-մարդ հարաբերության։ 

 

«Յուրաքանչյուր մարգարե իր ժամանակաշրջանում կարողացել է մարդկանց կրթել: Նրանք ունեին ուսուցանելու առաքելություն, կոչված էին Աստծուց ստացած պատգամները փոխանցել մարդկանց»,- նշում է Տեր Զաքարիան:

 

Աստվածաշնչում կան 16 մարգարեական գրքեր: Դրանցից չորսը ծավալուն են, 12-ը՝ համառոտ: Այդ պատճառով հիշատակվում են մեծ և փոքր մարգարեներ: 12 փոքր մարգարեներն են՝ Օսէէ, Ամովս, Միքիա, Հովել, Աբդիու, Նավում, Ամբակում, Հովնան, Սոփոնիա, Անգե, Զաքարիա և Մաղաքիա: 

 

Օսէէ

 

Ապրել ու մարգարեացել է Ք.ա. 8-րդ դարում: Նրա գիրքը՝  բաղկացած 14 գլուխներից, պախարակում է Իսրայելի անհավատարմությունը, կոչ անում ապաշխարելու և վերադառնալու առ Աստված: Մարգարեն ամուսնանում է անբարոյական կնոջ հետ՝ ցույց տալու, որ Իսրայելն Աստծո հանդեպ իր անհավատարմությամբ և կռապաշտությամբ դարձել է անբարոյական: Մարգարեն ուզում է ասել, որ թեև ամուսնացած է այդ կնոջ հետ, բայց իրականում իր կինը չէ, քանի որ անհավատարիմ է, այնպես էլ իսրայելացիները, թեև Աստծո հետ ուխտ են կնքել, բայց պաշտում են օտար աստվածների: 

 

Հովել

 

Մարգարեացել է Երուսաղեմ քաղաքում Ք. ա. 5-րդ դարում, Իսրայելի գերությունից հետո: Իր մարգարեության առիթը մարախների աննախընթաց պատուհասն էր, որին հաջորդում է երաշտը: Հովելը ժողովրդին պատգամում է ապաշխարել: Գիրքը բաղկացած է երեք գլուխներից։ Հովելը մարգարեացել է նաև հոգեգալստյան մասին։

 

Ամովս 

 

Հրեա հովիվ էր Թեկուա քաղաքից: Իր գրքում Տիրոջ անունից բողոքում է տիրող կռապաշտության և անարդարության դեմ։ Մարգարեանում է մի շարք երկրների և Իսրայելի ցեղերի վերաբերյալ: 

 

Աբդիու

 

Մարգարեի գիրքը բաղկացած մեկ գլխից։ Այն գրված է Ք. ա. 5-րդ դարում` երբ եդովմայեցիները նեղություն էին տալիս նորադարձ հրեաներին: Գիրքը ներկայացնում է Աստծո պատգամները՝ ուղղված Եդովմի` Իսրայելին ցեղակից, բայց թշնամի երկրի դեմ:

 

Հովնան

 

Հովնանի 4 գլխից բաղկացած գիրքը գրվել է Իսրայելի գերությունից հետո` Ք. ա. 5-րդ դարում: Գրքում պատմվում է նրա առաքելության մասին՝ Իսրայելի թշնամիներին` Նինվե քաղաքի բնակիչներին, ապաշխարություն քարոզել, որպեսզի Նինվեն չկործանվեր: Հովնանը չի կամենում  կատարել իր առաքելությունը և փորձում է փախչել՝ նավ նստելով: Նավը ծովում ալեկոծության է ենթարկվում, մահվան տագնապի մեջ հայտնված մարդիկ Հովնանին ծովն են նետում, քանի որ հասկանում են, որ իրենց հասած փորձանքի պատճառը Հովնանն է: Ծովում կետը Հովնանին կուլ է տալիս, սակայն մարգարեն չի մեռնում, այլ, երեք օր աղոթելով, կենդանի մնում կետի փորում և երրորդ օրն այնտեղից ազատվում: Ի վերջո, Հովնանը գնում է Նինվե, ապաշխարություն քարոզում: Նինվեացիները ապաշխարում են ազատվելով պատուհասից: 

 

Միքիա

 

Մարգարեն գյուղացի արհեստավոր էր և մարգարեացել է Ք. ա. 8-րդ դարում: Միքիայի կողմից  դատապարտվում են կռապաշտությունը, ագահությունը, կախարդությունը, խարդախությունը, այլասերումը: Նրա մարգարեություններից են Սամարիայի և Երուսաղեմի ավերումը։ Մարգարեանում է Մեսիայի գալստյան մասին։ 

 

Նավում

 

Մարգարեացել է Ք. ա. 8-րդ դարում: Նրա գիրքը բաղկացած է երեք փոքր գլուխներից, ուղղված է Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի դեմ և մարգարեանում է նրա կործանման մասին։ 

 

Ամբակում

 

Ամբակումի գիրքը բաղկացած է երեք գլուխներից և գրվել է Ք. ա. 7-րդ դարում: Մարգարեն դատապարտում է չարիքը։ Փոխանցում է հետևյալ պատգամը՝ լինել հավատարիմ Աստծուն: 

 

Սոփոնիա

 

Ապրել է Ք. ա. 7-րդ դարում Երուսաղեմում։ Սոփոնիայի գիրքը բաղկացած է երեք գլուխներից։ Ջրհեղեղի մաքրագործումը հիշեցնող սպառնալիքով է սկսում իր պատգամների շարքը: Գրքում խոսվում է Տիրոջ բարկության օրվա, աշխարհի դատաստանի, մարդկանց հորդորում աստվածապաշտության: 

 

Անգե 

 

Մարգարեն ապրել է Ք. ա. 6-րդ դարում: Ծնվել է Բաբելոնում, հրեաների գերության մեջ եղած ժամանակ: Նրա մարգարեական գործունեությունը կապված է Տաճարի վերաշինության սրբազան գործի հետ, որին և նվիրվել է հրեաների Երուսաղեմում վերադարձից հետո: Աքսորից վերադարձած առաջին հրեաները ձեռնամուխ են լինում բաբելոնացիների կողմից ավերված տաճարի վերակառուցմանը, սակայն շուտով հուսահատվում են: Մարգարեն հորդորում է ժողովրդի պատասխանատուներին վերսկսել ընդհատված աշխատանքները, ասում, որ նոր տաճարն իր շքեղությամբ ու փառքով կգերազանցի կործանված տաճարը, և նրա կառուցումը վերջ կդնի պղծության ու թշվառության այն վիճակին, որի մեջ գտնվում է իսրայելացի ժողովուրդը: Իր գրությունը Հին Կտակարանի երկրորդ կարճ գիրքն է, բաղկացած երկու գլուխներից: Գրքում ընդգրկված են բազմաթիվ փոքր ճառեր: 

 

Զաքարիա

 

Հայ եկեղեցին նրա հիշատակը նշում է նաև առանձին: Զաքարիա մարգարեի գիրքը բաղկացած է 14 գլուխներից և ամենամեծն է փոքր կոչված մարգարեների գրքերի մեջ: Նրա գիրքը կարելի է կոչել նաև հույսի գիրք, որտեղ նշվում է, թե ինչպես իսրայելական համայնքի հույսը ժամանակի ընթացքում դառնում է ավելի որոշակի: Նա մարգարեացել է Հիսուս Քրիստոսի մասին` ավանակի վրա նստած Երուսաղեմ մտնելու, երեսուն արծաթի դիմաց մատնվելու, արծաթով բրուտի ագարակի գնման, աշակերտներից Տիրոջ լքվելու, խաչելության ու այդ ժամանակ Նրա կողից խոցվելու, խաչելության ժամանակ արևի խավարման մասին:

 

Մաղաքիա

 

Մարգարեն ապրել է Ք. ա. 5-րդ դարում: Նրա գրքում Աստված պախարակում է Իսրայելի ժողովրդի անօրինությունները և ուղղության չգալու դեպքում` սպառնում մերժել նրան: Գրքում կա մարգարություն այն մասին, որ Տիրոջ գալուստից առաջ դարձյալ պիտի գա Եղիա Թեզբացի մարգարեն, ինչը կարելի է հասկանալ` մարգարությունը կապելով Տիրոջ վերջին` երկրորդ գալստյան հետ, նաև խորհրդանշորեն Եղիայի փոխարեն հասկանալով Հովհաննես Մկրտչին, ում մասին Ավետարանը վկայում է, որ նա եկել էր Եղիայի հոգով և զորությամբ:

 

Անի Ավագյան

 
  • 2024-07-23
×