Զավակներին սեփական օրինակով ուսուցանելու մասին. Երանելի Սարգիս Շնորհալի

Զավակներին սեփական օրինակով ուսուցանելու մասին. Երանելի Սարգիս Շնորհալի

«Ահավասի՛կ ես և իմ զավակները, որոնց Աստված ինձ տվեց» (Եբրայեցիս  2:13):

 

Վա՛յ է ինձ, և թշվառ եմ ես, քանզի անչափելի հեռավորությամբ հեռացա սրբերի ճանապարհից, և նրանց մոտ այնպես ենք, ինչպես խավարը՝ լույսի, և կամ մահը՝ կյանքի, և սուտը՝ ճշմարտության: Որքան հեռու է արևելքն արևմուտքից, այդպես հեռու են մեր ճանապարհները նրանց ճանապարհից, և մեր խորհուրդները՝ նրանց խորհուրդներից: Եվ քանի որ քանդեցինք հայրենի ցանկապատը, այդ պատճառով բազմաթիվ օձեր խայթում են մեր կրունկները, և ամբողջ աշխարհի առջև խայտառակ եղանք, իսկ մեր թշնամիների համար՝ ծաղրի առարկա, և ճանապարհի անցորդները տրորում են մեզ ու անմնացորդ ոչնչացնում մեր հոգևոր այգին:

 

Եվ ինչո՞ւ է այս ամենը: Քանի որ Աստծո խոսքի վաճառական դարձանք՝ սեղանավորների մոտ տանելով ոչ թե ի շահ լսողների, այլ՝ մեր անձերի օգուտի համար, ոչ թե Աստծու փառքը գովաբանելու համար, այլ՝ մեր անձերի փառքի և գովության համար: Միայն խոսքով և լեզվով ենք շտապում խրատել, սակայն գործի մեջ թերի ենք, չենք ջանում հոտի համար և ոչ էլ աղոթում ենք նրանց փրկության համար, ոչ արտասուքով խրատում ենք և ոչ էլ՝ ողբալով աղերսում, ոչ հառաչելով աղաչում ենք, այլ ամբարտավանությամբ ենք խոսում և վրեժխնդրությամբ հանդիմանում և մեր խոսքը գեղեցիկ զարդարելով՝ ճառում: Մինչդեռ Պողոսն այդպիսին չէր, նա երկու տարի այդքան բազմությանը յուրաքանչյուրին առանձին-առանձին արտասուքով խրատեց. «Բազում վշտերի և սրտի նեղության պատճառով ձեզ գրեցի առատ արտասուքներով» (Բ Կորնթացիս 2:4): Իսկ մենք տեսնում ենք մեր հոգևոր որդիներին գազանի կողմից հոշոտված և ահավոր պատառոտված, սակայն բնավ չենք ցավում նրանց կորստյան համար, չենք տխրում, չենք տրտմում, այլ հակառակը՝ բամբասում ենք և ծաղրելով՝ անարգում, ու կեղեքելով՝ նրանց վերքերը հրապարակում ենք՝ չամաչելով և չակնածելով պատվիրանից, որ հրամայում է մեզ ընկերոջը սիրել սեփական անձի պես և հոր պես գթասիրտ լինել հոգևոր որդիների հանդեպ: Թերևս մեզ է պատշաճում մարգարեական առակը, որով մարգարեն Աստծո անունից սպառնում է՝ ասելով. «Ո՛վ հովիվներդ Իսրայելի, ահա կաթը խմում եք, բուրդը հագնում, պարարտներին մորթում, բայց իմ հոտը չեք արածեցնում, տկարացածին չեք զորացրել, հիվանդացածին չեք բժշկել, չարչարվածին չեք փայփայել, վիրավորվածին չեք փաթաթել, մոլորվածին չեք դարձրել, կորածին չեք փնտրել» (Եզեկիել  34:3-4), և բնավ ցավ չեն զգում հոտի կորստյան համար, արդ ես, ասում է, դատելու եմ նրանց իմ բարկության դատաստանով և իմ ժողովրդին այցելելու եմ բարությամբ:

 

Արդ, այս անխուսափելի դատաստանը նաև մեր առջև է, և չենք զարհուրում ու ոչ էլ գետինն ենք մտնում: Հատկապես այս մյուսի համար, որն առավել սարսափելի ու անտանելի է, որ բոլոր մտքերը շարժում է և սրտերը՝ դողացնում, որովհետև Աստված մեզ վերակացու կարգեց, իսկ մենք անհոգ գտնվեցինք, հետևաբար ասում է. «Անօրենն իր անօրինությունների մեջ կմեռնի, բայց նրա արյունը քեզնից կպահանջեմ» (Եզեկիել 33:8): Տեսնո՞ւմ ես արտասուքի արժանի սպառնալիքը, տեսնո՞ւմ ես պատժի սոսկալի տոկոսը և փոխարենը հատուցում, թե ինչի համար ինչ ենք ժառանգելու:

 

Արդ, սթափվենք այսպիսի խելագարությունից, եղբայրնե՛ր, ինքներս մեզ նայենք և ճշմարիտ օրինակի նկարագիրը մեր մտքերում պահենք: Նախ և առաջ բարեգործությամբ մեր անձերը շահենք, ապա ուրիշներին բարի օրինակ լինենք գործով, քան խոսքով խրատելով, որովհետև գործի արդյունքներն ինքնին կաղաղակեն բարի գործերի մասին, լինի դա խոնարհություն, ժուժկալություն, աղքատություն, և նմանատիպ այլ բաների համար խոսքի ճարտարությունը պետք չի գա, քանզի աչքի տեսածը վկայում է բարին, որը ավելի հավաստի է, քան ականջի լսածը, ինչը կասկածելի է:

 

Եվ ըստ Պողոսի. «Որովհետև օրենքը լսողները չեն, որ արդար են Աստծու առաջ, այլ օրենքը կատարողները պիտի արդարացվեն» (Հռոմայեցիս 2:13), և երկյուղը բարի է նրանց համար, ովքեր կատարում են այն և ոչ թե միայն քարոզում: Ուստի այս ամենը մեկընդմիշտ իմանալով՝ միայն քարոզիչներ չլինենք, այլև՝ կատարողներ: Ճշմարիտ հովիվներին հետևենք, որոնք եղան մշակներ առանց ամոթի՝ օրենքով գործելով հոգևոր այգում և առաջնորդելով բանավոր հոտին՝ արածելու դալար վայրերում,  հանդարտ ջրերի մոտ սնուցելու և, հատկապես, հեռացնելու գայլերից ու բժշկելու վիրավոր հոգիները:

 

Մենք ևս նախ մեր անձերը շահենք, դարմանենք ու բժշկենք, այստեղ իսկ մեզ կոչելով աստվածային շնորհներին և երկնային խաղաղությանը, և ապա ուրիշներին մատուցենք՝ խրատելով և հաստատելով նրանց առաքելական վեմի վրա, որպեսզի սաստիկ հողմերը, անձրևների հարվածները և գետերի հորձանքները չկարողանան շարժել աստվածային շնորհներով և երկնային խաղաղությամբ հիմնադրված տունը: Աստծուն տեսնենք որքան հնարավոր է և հանուն Աստծու սիրո՝ ընկերոջ հանդեպ մեր սերը հաստատուն պահենք, սիրենք՝ ինչպես եղբայրների, պատվենք՝ ինչպես հարսերի և գթանք՝ ինչպես որդիների, որպեսզի մենք էլ կարողանանք ասել. «Ահավասի՛կ ես և իմ զավակները, որոնց Աստված ինձ տվեց» (Եբրայեցիս  2:13), և փոխարենը նրանից ժառանգենք երկնքի արքայություն, շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, որի հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն փա՛ռք, պատի՛վ և իշխանություն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Փոխակերպումը գրաբարից՝

Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

  • 2024-07-23
×