Վեհափառ Հայրապետը՝ Գարեգին Ա Քեսապցի

Վեհափառ Հայրապետը՝ Գարեգին Ա Քեսապցի

«Եթե այսօր ինձանից ձեր կեսօրվա ճաշի պես հոգևոր սնունդ եք սպասում՝ առեք այս պատգամը, խառնեցեք ձեր արյանը, ձեր կյանքին. ամեն բանից վեր նկատենք հայրենիքի, ազգի, եկեղեցու ընդհանրական շահը: Մասնավոր, ճղճիմ, փոքրոգի հարցերից վեր բարձրանանք, իբրև ազգ մտածենք, իբրև պետություն մտածենք»,- այսպես  ազգին պատգամեց Գարեգին Ա Սարգիսյան Հայրապետը:

 

 Ազգն ու Հայրենիքը նրա համար  գերակա արժեքներ էին, որի պատմության ու հնամենի մշակութային ժառանգության վրա պիտի խարսխվեր մեր լինելիությունը, ընթացքն ու ուղին երրորդ հազարամյակում:

 

1999 թ. հունիսի 29-ին դեպի հավերժություն գնաց Հայոց Եկեղեցու 131-րդ գահակալը՝ ազգային-եկեղեցական մեծ գործիչն ու սերունդների Ուսուցիչը, ում համար Ազգն ու Աստծուն սիրելը համահավասար արժեքներ էին.

 

-Եթե դուք իբրև քրիստոնյա հայեր չեք կարող իրար սիրել, մի՛ ասեք, որ սիրում եք Աստծուն: Դա կեղծ է: Աստծու սերը փոխանցվում է մարդկանց հանդեպ սիրո միջոցով: Երբ մենք այդ սերը միմյանց հանդեպ ցույց տանք, մեր կյանքը դրախտի կվերածվի, բայց եթե սերը պակասի, այնժամ քաոս ու անապատ կլինի…

 

Սա է այն անվախճան ուղին, որով պիտի լինենք ու մնանք  «ուխտի՛ ժողովուրդ»՝ նույնն է՝ թե Մեծն Հովհաննես Թումանյանի երազած «Լույսի Հայրենիքը», որի շուրջ պիտի համախմբվի աշխարհասփյուռ հայությունը և լինի իր պատմության իրավատերը:

 

Եկեղեցական մեծ գործիչը,

հայագետն ու մանկավարժը

 

Գարեգին Ա Սարգիսյան Հայրապետի հոգևոր ուղին սկսվել է Քեսաբի ուսումնարանի միացյալ վարժարանում, ապա շարունակվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում (1946-1952 թթ.): 1949 թ. ձեռնադրվել է սարկավագ, իսկ 1952 թ. կուսակրոն քահանա, վկայակոչվել աբեղա՝ ի հիշատակ Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցի, դարձել Կիլիկիո միաբանության ուխտի անդամ: 1955 թ. պաշտպանել է վարդապետական ավարտաճառը՝ «Հայաստանյայց եկեղեցւոյ աստվածաբանութիւնը ըստ հայ շարականներու»՝ ստանալով վարդապետական աստիճան: Պաշտոնավարել է դպրեվանքում՝ որպես ուսուցիչ ու վերակացու, 1956 թ. ստանձնել է դպրեվանքի տեսուչի պաշտոնը: 1957-ին Գարեգին վարդապետն ուսումը շարունակել է Օքսֆորդի համալսարանում՝ ավարտաճառ ներկայացնելով «Քաղկեդոնի ժողովը և Հայ եկեղեցին» խորագրով աշխատությունը, ստացել գրականության բակալավրի աստիճան։ 1963 թվականին ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան, 1964 թ.՝ ձեռնադրվել եպիսկոպոս, ավելի ուշ՝ 1973 թ., նրան շնորհվել է արքության պատիվ և տիտղոս։ 1971–1973 թթ. վարել է Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմի, 1973–1977 թթ.՝ Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմի առաջնորդի պաշտոնը։ Նույն ժամանակաշրջանում՝ Տեր Խորեն Ա Բարոյանի կաթողիկոսության շրջանում, ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս, 1983 թվին՝ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոս։

 

Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը գիտական հրատարակությունների շնորհիվ և էկումենիկ գործունեության արդյունքում էական դերակատարություն է ունեցել միջեկեղեցական մակարդակով Հայաստանյայց Եկեղեցին որպես առաքելական ծագման ճանաչելու և դավանաբանական տարաձայնությունների հաղթահարման գործում: Իր գործունեությամբ Վեհափառը մեծապես նպաստեց նաև համաշխարհային մակարդակով Հայաստանը որպես քրիստոնեության բնօրրան-երկիր ճանաչմանը:

 

«Ծանի՛ր զքեզ». պատգամում են մեր անցյալի մեծերը: Եվ  Վեհափառի՝ հայերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներով հեղինակած աստվածաբանական, հայագիտական, փիլիսոփայական, բարոյագիտական և գրական բազմաթիվ աշխատություններ ու հոդվածները ազգային ինքանաճանաչողությանը տանող, մեր պատմության բազում էջերի վրա նոր լույս սփռող  արժեքներ են եղել:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, 1998-ին մի քանի շաբաթ տևողությամբ, նա ֆրանսերեն լեզվով ընդարձակ հարցազրույց է տալիս իտալացի գրող և պատմաբան Ջովաննի Գուայտային, որտեղ արտահայտվում են նրա տեսակետներն ու հայացքները լայն տարողությամբ հարցերի շուրջ: Հարցազրույցը գրքի տեսքով լույս է տեսնում ֆրանսերեն, թարգմանվում՝ հայերեն, իտալերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

 

- «Եկեղեցին այն չէ, ինչ մենք կառուցում ենք, այլ՝ մի իրականություն, որով ինքներս մեզ ենք կառուցում»,- այսպես էր ազգին ու քրիստոնյա աշխարհին միավորում Գարեգին Ա Հայրապետը: Նրա  գաղափարական դասերը պետք է լինեն  մեր փարոսներից մեկը, քանզի որևէ ազգ, որևէ սերունդ, եթե  իր անցնելիք ճանապարհին չի հանդիպում իր նախնիներին, դատապարտված է:  Եվ ազգային գոյապայքարի դաշտում  մեզ մշտապես ուղեկից պիտի ունենանք  Գարեգին Ա Հայրապետի պատգամը. որը նա հնչեցրել է 1995 թվականի ապրիլի 24-ին.

 

-Մենք պետք է հոգեբանորեն սրբագրվենք, որովհետև մեզ նայում են նահատակները: Երբ դուք քայլեք, զգաք, որ մեծ մարդիկ ձեզ դիտում են, ձեր քայլերը շտկում եք: Այսօր մենք քայլում ենք նահատակների՛ նայվածքի լուսարձակի ներքև: Հետևաբար, եկեք հոգեկան վերանորոգությամբ վերստին մեր ինքնության քրիստոնեական, մաքուր, հայկական, հարազատ, առաքինի ինքնության մեջ վերականգնվենք: Թող նահատակները լինեն այսօրվան հաղորդությունը ձեզ բոլորիդ:

 

Պատրաստեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

 

  • 2024-07-15
×