ԱՀԹ կիրակնօրյա դպրոցների սաների ուխտագնացությունները
ԱՀԹ կիրակնօրյա դպրոցների սաների ուխտագնացությունները
Արարատյան Հայրապետական թեմի կիրակնօրյա դպրոցների սաները ուսումնական տարին ամփոփել են ուխտագնացություններով:
Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի նախաձեռնությամբ՝ եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները մեկնեցին ուխտագնացության դեպի Արագածոտնի թեմի սրբավայրեր:
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների ուղղությունը ևս դեպի Արագածոտնի մարզ էր: Երեխաներն ուխտագնացություն կատարեցին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի, Տեղերի վանական համալիր, Աղձքի Արշակունիների արքայական դամբարան ու պատմական տեղեկություններ ստացան Արշակունիների գահակալման ընթացքի և դամբարանի մասին:
Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները, այցելելով Արագածոտնի մարզ, եղան Մուղնիի Սուրբ Գևորգ, Փարպիի Սուրբ Աստվածածին, Սուրբ Մարիանե, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիներում, Հովհանավանք վանական համալիրում:
Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները համախմբվեցին միասնական աղոթքի շուրջ Արուճի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
Սուրբ Հովհաննես եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաներն ու ծնողները Տեր Տիրայրի օրհնությամբ ու առաջնորդությամբ գնացին ուխտագնացության Տավուշի թեմի եկեղեցիներ։ Այցելեցին Աղավնավանք, Գոշավանք։
Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու կիրակնօրյա դպրոցի փոքրիկ ուխտավորներն այցելեցին Խոր Վիրապ վանք, Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցի: Սաները եղան նաև Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում: Օրն ամփոփեցին Երևանի Վարդանյանների այգում։
Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի առաջնորդությամբ, նույնպես ուխտագնացության մեկնեցին Խոր Վիրապ վանք՝ աղոթելու առ Աստված՝ մեր երկրի արժանապատիվ խաղաղության ու բարեկեցության համար։
Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա վարժարանի սաները, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանի ու վարժարանի ուսուցիչների ուղեկցությամբ, ուխտագնացություն կատարեցին դեպի Ակունքի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցական համալիր՝ ավարտելով վարժարանի դասերը: