Տնօրհնեք

Տնօրհնեք

«Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր: Չարիքը չի հասնի քեզ, և տանջանքները չեն մոտենա քո տան հարկին»: Սաղմ. 90:9-10
 

Տնօրհնեքի արարողության հաստատողը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է: Նա Իր աշակերներին, երբ առաքում էր քարոզելու երկնքի արքայությունը, ասաց. «Որ տունը որ կմտնեք, խաղաղություն ցանկացեք այդ տանը» (Տես Մատթ. 10:12-13):


Ավետարանի վկայությամբ` Սուրբ Զատիկի երեկոյան հարուցյալ Քրիստոս փակ դռների միջով մտավ Վերնատուն, ուր հավաքվել էին աշակերտները, և օրհնեց նրանց (Տես Հովհ. 20:19-20):


Առաքյալները մտնում էին քրիստոնյաների տները և ավետում Աստվածահայտնության և Սուրբ Հարության Բարի լուրը: Հոգևոր բարեպաշտական աստվածահաստատ այս արարողությունը Առաքելական Ս. Եկեղեցին շարունակական է դարձրել տնօրհնեքի միջոցով: Ս. Ծննդյան և Ս. Հարությանը հաջորդող օրերին եկեղեցու սպասավորները այցելում են մարդկանց տները և փոխանցում Հիսուս Քրիստոսի Ծննդյան կամ Հարության Ավետիսը, օրհնում  նրանց բնակարանը և բնակիչներին, նաև տան բարիքները` հացը, աղը և ջուրը, օրհնում օջախը: Ապա  քահանան օրհնված ջուրը խաչաձև ցողում է բնակարանի անկյունները և օջախի անդամների համար պահպանություն հայցում Ամենակալից: 


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաստատել է տնօրհնեքի երեք արարողություն` Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության և նորակառույց բնակարանի օրհնություն:


Նա, Ում երկինքն ու երկիրը չեն կարողանում պարփակել, սքանչելի խորհրդով մտնում է մեր տուն, ինչպես Բեթղեհեմի քարայրն էր մտել: Ամենակալ Տերն այցելում է մեզ և մեր բնակարան, և ինչպես Իր ծննդյան գիշերը հովիվները, հրեշտակից ավետիս ստանալով, մտան այն այրը, ուր ծնվեց Քրիստոս, այդպես էլ եկեղեցու հովիվները մտնում են մարդկանց բնակարանները` իրենց հետ բերելով Աստծո օրհնությունները: 


Տնօրհնեք է կատարվում նաև այլ օրերի, եթե դրա անհրաժեշտությունը կա (այդ մասին ճշտել հոգևորականի հետ):  
Տնօրհնեքի կատարման նպատակն ու իմաստը լիարժեք ընդգծվում է բնակարանամուտի ժամանակ  ընթերցվող ավետարանական հատվածում. «Այսօր այս տան համար փրկություն եղավ…, որովհետև Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին» (Ղուկ. 19: 9-10): 


Քանի որ տնօրհնեքը կարևոր է մեր ընտանիքի խաղաղության, սիրո, համերաշխության համար, անհրաժեշտ է, որ մենք հոգևորականին հրավիրենք տնօրհնեքի:
«Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպաշտպանի, իզուր են հսկում պահապանները նրա» (Սաղմոս 126:1):

  • 2021-08-09
×