Սրբերի բարեխոսությունը

Սրբերի բարեխոսությունը

Ի՞նչ է բարեխոսությունը, ովքե՞ր են մեր միջնորդները և ինչո՞ւ է անհրաժեշտ խնդրել սրբերի բարեխոսությունը. հարցերին պատասխանում է Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Վարդան քահանա Հայրապետյանը:

 

Բարեխոսություն Տիրոջ առաջ

 

-Բարեխոսությունը շատ կարևոր է: Մենք խնդրում ենք սրբերից, որպեսզի մեր խնդրանքների համար միջնորդեն Տիրոջը: 

 

Հին Կտակարանում կարդում ենք, որ Մովսեսը, երբ Իսրայելի ժողովրդի համար պետք է բարեխոսեր, առանձնանում է: Մեկնաբանություններից մեկն այն է, որ Տիրոջ մոտ բարեխոսել կարող է այն անձը, որը հնարավորություն ունի Աստծո հետ առանձնանալու: 

 

Նոր Կտակարանում կարդում ենք Ստեփանոսի քարկոծման դրվագի մասին: Կրկին տեսնում ենք Ստեփանոսի առանձնացումը: Նշված է, որ երբ Ստեփանոսը բարձրացնում է աչքերը դեպի երկինք, տեսնում է Հայր Աստծուն և Քրիստոսին Նրա աջ կողմում: Կարդում ենք. «Քարկոծում էին Ստեփանոսին, որն աղոթում էր ու ասում. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»։ Ապա ծնկի եկավ ու բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, սա նրանց իբրև մեղք մի՛ համարիր»։ Եվ այս ասելուց հետո հոգին ավանդեց» (Գործք Առաքելոց 7:59-60):

 

Սա բարեխոսության լավագույն օրինակներից է Նոր Կտակարանում: Քրիստոնեական ոգու, արիության և սիրո լավագույն դրսևորումն է, որը ցուցաբերում է Սուրբ Ստեփանոս նախասարկավագը՝ իրեն քարկոծողների նկատմամբ: Իր կյանքի վերջին պահին Տիրոջից թողություն է խնդրում իրեն քարկոծողների համար: 

 

Դիմացինի համար աղոթքը բարեխոսությո՞ւն է

 

-Մենք կարող ենք խնդրել բարեխոսություն միայն սրբերից, բայց դա չի նշանակում, որ մեկս մյուսի համար չպետք է աղոթենք: Մեծագույն բարեխոսը ուղղադավան քրիստոնեության մեջ համարվում է Սուրբ Մարիամ Աստվածածինը: Ներկայացնենք մի օրինակ՝ Կանայի հարսանիքը (Հովհաննես 2:1-11): Ներկաներից միայն Մարիամ Աստվածածինն է մոտենում Հիսուսին ու հայտնում, որ գինին վերջացավ, և Տերը ջուրը գինու է վերածում:

 

Մարիամ Աստվածածինը քրիստոնեության մեծագույն սուրբն է. նա ընդունեց իր մեջ Աստծուն, անցավ չարչարանքներով, հալածանքներով լեցուն մի ճանապարհ: Վաղ հասակում կորցրեց ծնողներին, տեսավ ամուսնու մահը, Որդու խաչելությունը, մահը, հարությունը, մինչև կյանքի վերջին օրերն անցավ հալածական ճանապարհ: Սիրո այս կերպարի մեջ չարչարանքի և տառապանքի հանգամանքը շատ մեծ է, որը կապված էր իր անձնական ընտրության հետ: Այն վիթխարի սխրանք է: 

 

Աստծուն լսելի աղոթքի բանաձևը

 

-Քրիստոնեությունը միայն մարդ և Աստված հարաբերության մասին չէ: Այն նաև մարդ-մարդ հարաբերության մասին է: Տերը պատվիրեց՝ սիրել Աստծուն ամբողջ էությամբ և սիրել մերձավորին: Եթե ես սեր չունեմ դիմացինի նկատմամբ, ինչպե՞ս կարող եմ սիրել Աստծուն: Եթե սիրտս պղտոր եմ մոտենում աղոթքին, ինչպե՞ս կարող է իմ ձայնը հասնել Աստծուն: Մաքուր, սիրով լցված սրտի՝ բարձրացրած աղոթքը, անշուշտ, լսելի կլինի Տիրոջը: 

 

Պատրաստեց Անի Ավագյանը

 
  • 2024-07-09
×