Արական երգչախումբը, որը կատարում է Կոմիտասի Պատարագը

Արական երգչախումբը, որը կատարում է Կոմիտասի Պատարագը

Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում ամեն կիրակի հնչում է Կոմիտասի «Պատարագ»-ը: Տարբեր վայրերից մարդիկ հավաքվում են՝ ոչ միայն մասնակցելու եկեղեցու գլխավոր ծիսական արարողությանը նաև հաղորդակցվելու հայ հոգևոր երաժշտության հրաշակերտի, կոմիտասյան Պատարագի խորհրդավոր հնչյունների հետ:

 

Հանդես է գալիս եկեղեցու արական երգչախումբը, որը չնայած երիտասարդ է, իր արհեստավարժությամբ լուրջ հայտ է ներկայացնում։ Ձևավորվել է 6 տարի առաջ՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:

 

 

«Առաջին օրվանից կար մտահղացումը և Սրբազան Հոր օրհնությունը ստացա, որ մենք ներկայացնենք հենց կոմիտասյան Պատարագը, թեև այն կատարելը բարդ է: Կոմիտասն այն գրել է արական կազմի համար: Կարծեմ, այս պահին, միակն ենք աշխարհում, որ արական կազմով հենց բնագրով ենք երգում «Պատարագ»-ը»,- նշում է երգչախմբի գեղարվեստական ղեկավար Շահե Քեշիշյանը:

 

Խմբում 9 հոգով են: Կազմը հավաքելը բարդ է եղել, պատմում է գեղարվեստական ղեկավարը: Պետք էր գտնել տղաների, որոնք ուղղակի սիրում են երգել ու սիրում են Կոմիտաս: Մեր եկեղեցիներում հիմնականում կատարվում է Մակար Եկմալյանի մշակած Պատարագը: Կոմիտասյանն ավելի բարդ է ոչ միայն մատուցելը նաև ունկնդրելը, նշում է Քեշիշյանը: Պետք է պատրաստվել:

 

«Սկզբում ժողովրդի համար խորթ էր լսել կոմիտասյան Պատարագ: Որոշ ժամանակ անց մարդկանց ականջը սովորեց: Այժմ սպասում են: Ուրախալի է, որ որոշակի մշակույթ ենք ձևավորել: Կոմիտաս երգելով երգչախումբը սկսեց թրծվել, հմտանալ, համարձակություն ունեցանք համերգային համարներ փորձել»,- պատմում է գեղարվեստական ղեկավարը: 

 

Հայաստանում ունեցել են քիչ համերգներ, սակայն հայ հոգևոր երգը հասցրել են Ֆրանսիա՝ Վերսալի պալատ: Երգչախումբը ստացել է հրավեր ու մասնակցել հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին։ Ելույթ են ունեցել նաև Լիոնում։ Թագավորական օպերայի հովանավորությամբ լույս է ընծայվել երգչախմբի կատարումների սկավառակը: 

 

 

Աշխարհին մեր հոգևոր երգերը ներկայացնելը կարևոր է, սակայն, ըստ խմբի անդամների, այլ զգացողություն են ունենում մեր եկեղեցում՝ Պատարագին հանդես գալիս:

 

«Սուրբ Պատարագին ներկայանալը պատասխանատվություն է: Պիտի լինես հոգևոր, աղոթական վիճակում, ակնածանքով վերաբերմունք կա: Պատարագին երգելն ավելի բարդ է, քան համերգին՝ աշխարհիկ երգ կատարելը: Դերասանի մեկնաբանության ազատություն քիչ կա: Մյուս կողմից դա առավելություն է: Չի պահանջվում արտիստիզմ ասվածը»,- նշում է երգչախմբի անդամներից Բորիս Տեմկինը: 

 

Բորիսը հիշեցնում է՝ պետք է չմոռանաս՝ ուր ես եկել և ինչի համար: 

 

Խմբի կրտսերը Էրիկն է՝ 23 տարեկան: Հոգևոր երաժշտություն կատարում է տասը տարուց ավելի: Այժմ հանդես է գալիս նաև այլ երգչախմբերում: 

 

«Հոգևոր երաժշտությունը մեզ վերադարձնում է մեր ինքնությանը: Այն զուտ հավատալիքային կա՛մ երաժշտական, կա՛մ ազգային մակարդակում չէ: Մեզ վերադարձնում և դարձնում է մարդ: Հիմա հասկանում եմ՝ եթե ժամանակին չերգեի, ինչ կլիներ և հիմա, որ երգում եմ՝ ինչ է տեղի ունենում: Որոշակի գիտակցականություն կա երևույթների նկատմամբ, որը չէր լինի, եթե չծանոթանայի հոգևոր երաժշտությանը, եթե չերգեի եկեղեցում»,- նշում է Էրիկ Ալոյանը: 

 

Ըստ երգչախմբի անդամների՝ պետք է շարունակ ջանք թափել, որ իրենց կատարումը չդառնա մեխանիկական: Շեղվելը շատ հեշտ է, ոչինչ չի ստացվի, եթե չլինեն ճիշտ հոգևիճակում: 

 

Անի Ավագյան

 
  • 2024-07-05
×