Հոգով զորացած դիմավորենք Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Հոգով զորացած դիմավորենք Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Բարեկենդան Վարդավառի պահքի 

 

Բարեկենդան է՝ ուրախության ու հոգևոր մխիթարության օր, իսկ առջևում Վարդավառի պահքն է, որը հուշում է՝ ինչպես վերադարձնենք հավիտենական ուրախությունը։ 

 

Մեկ շաբաթ մարդիկ հոգեպես ու մարմնապես կպատրաստվեն դիմավորելու Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, ժողովրդին առավել հայտնի Վարդավառը։ Այն Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներից մեկն է։ Հայ Եկեղեցու տոնացույցի համաձայն՝ տաղավար տոներից առաջ պահոց շրջան է։

 

«Պահեցողության շրջանը քրիստոնյայի համար կարևոր է։ Պահքը զորացնում է մեր հոգին։ Մարդը մտքով մաքրված, աղոթքով, Աստծուն ապավինած տոնախմբում է Տեր Հիսուս Քրիստոսին նվիրված տաղավար տոներից մեկը։ Մեզ համար առանձնացված են խորհելու շրջաններ, ապաշխարության, զղջման հնարավորություն»,- նշում է Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը։

 

Պահքը դիետա չէ, պետք չէ նաև պահք պահելիս պարծենալ, հիշեցնում է հոգևորականը․

 

«Տերը Ավետարանում հստակ ասում է՝ երբ պահք կպահես, չբարձրաձայնես: Շատ կարևոր է, որ մեր հավատավոր զավակները ուժ գտնեն՝ մոտենալու Տիրոջը։ Տա Աստված, որ մեր սիրելի ժողովուրդը մտածի իր հոգու մաքրման կարևոր և առաջնային կետի մասին»։

 

Ըստ Աստվածաշնչի՝ Հիսուս Քրիստոսը, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն աղոթելու: Աղոթքի պահին Աստծո Որդին պայծառակերպվում է․ «Նրա դեմքն արեգակի պես լուսավորվեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան» (Մատթեոս 17.2):

 

«Հիսուս Քրիստոս պայծառակերպվեց, որ մենք էլ հոգևոր պայծառություն ունենանք, լինենք հավատարիմ զավակները մեր Փրկչի: Խնդրանք և հորդոր մեր ժողովրդին՝ զորացեք հոգով, այդ դեպքում մարմնավոր ուրախությունն էլ լիարժեք կլինի»,- ասում է Տեր Հրաչյան։

 

Քահանան ցավով է նշում, որ մեր հասարակության մեջ տարածված է օրը նշել կերուխումով՝ մոռանալով, որ այն առաջինը հոգևոր տոնախմբություն է։

 

Տեր Հրաչյայի հորդորն է՝ մասնակցել Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին մատուցվող Սուրբ Պատարագին, իսկ ջրով ցողվելը լինի գիտակցում՝ կամավոր մեղքերից մաքրման:

 

Անի Ավագյան

 
  • 2024-06-30
×