Հույս՝ բոլոր ցավերից հետո

Հույս՝ բոլոր ցավերից հետո

«Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր»: 

 

Մեր փոքրիկ երկրում չափից շատ փոշի է հավաքվել` տանիքներին, ծառերին, ամպերի վրա, բայց ավելի շատ մեր սրտերում։ Մենք վաղուց հոգնել ենք կուտակված կեղտից ու փոշուց, ուզում ենք լիաթոք շնչել, բայց մոռացել ենք` ինչպես…

 

Առավոտյան նորից հարցերս հանգիստ չեն թողնում, ինչուներիս պատասխանները փնտրում եմ շտապող մարդկանց հայացքներում, բայց այնտեղ տեսնում եմ հիմնականում հուսահատություն, հիասթափություն, անտարբերություն: Ինքս ինձ համար հետևություններ եմ անում՝ մենք ընտրել ենք հեշտ տարբերակը՝ ոչինչ չանելու ու արդարանալու, թե հուսահատվել ենք:

 

«Թող կարոտն անզուսպ իր նստվածքը տա մեր սրտերի մեջ, թող փոշին այսօր ծակոտիները լցնի տերևի»,- առավոտյան մտքերս ցրում է պապս` Արևշատ Ավագյանը: Իր կյանքի փորձը ստիպում է, որ ավելի հանգիստ խոսի, հայացքը տարբեր կողմեր չփախցնի։ Մտքերն ավելի հստակ են, գտել է իր հարցերի պատասխանները: Շարունակում է. «Հուսահատվելու և չարանալու հարկ չկա կյանքում, երկինքը երկար լռել չի կարող, վաղը երևի անձրև է գալու…»

 

Վստահ է՝ գալու է անձրևն ու լվա շուրջբոլորը կեղտից, մեր սրտերն ու հոգիները մաքրելու է փոշուց, թարմացնելու է մեզ, բայց դրա համար պետք է համբերել: Ամեն բան միանգամից չի ստացվում: 

 

Նայում եմ շտապող մարդկանց ու նորից մտածում. մեր սրտերում չափից շատ ատելություն ու սիրո պակաս կա, մեր սրտերում հույսի, հավատի պակաս կա:

 

Շտապող մարդկանց աչքերում կարդում եմ հանձնվելու մասին: Տեսնում եմ, որ դադարել ենք հավատալ ինքներս մեզ ու դիմացինին: Ընտրել ենք հեշտ տարբերակը՝ դժգոհելու, բայց համակերպվելու ու չպայքարելու: 

 

Հուսահատ մտքերս կրկին ցրում են պապիս գրած տողերը. «Մեր գոյության մեջ կյանքը դարձել է անվերջ սպասում, ուրիշի վշտի արձագանքները տխրեցնում են մեզ: Թող փոշին այսօր ինչքան ուզում է նստի ուսերին շենք ու ծառերի, եթե ոչ վաղը, երկու օր հետո անձրև է գալու…»

 

Անձրևը ուշանում է, բայց վերջապես պիտի գա ու մաքրի շրջակայքը: Այդքան կեղտը միանգամից մաքրելը բարդ ու երկարատև գործ է։ 

 

Կարող է թվալ, թե տրամաբանական է այսքան ցավի ու անորոշության մեծ անհուսությունը, ետևում ցավոտ պարտություն է՝ պատերազմ, բռնի տեղահանում, գաղթ, թանկ կորուստներ, առջևում վտանգ է, իսկ ներկայում թշնամանք միմյանց նկատմամբ: Այս պարագայում հուսահատվելը հեշտ ու ջանք չենթադրող որոշում է, բայց ապրելու համար մեզ հույս է պետք: Նոր սկիզբ դնելու, պայքարելու, արարելու համար մեզ հույս է պետք: Հույս չունենալը տանում է մեզ ինքնաոչնչացման, ոչ թե ապրելու, այլ գոյատևելու: Հույսի բացակայությունը մեզ դարձնում է անհանդուրժող, թույլ, խոցելի: Մենք անկարող ենք լինում առաջ գնալ։ Մենք պետք է հասկանանք, որ երբեք մենակ չենք, անգամ այն պահերին, երբ թվում է ելք չկա, սպառված ենք, թույլ, վիրավոր, երբ ունենք վերքեր՝ բաց, արյունահոսող: 

 

«Ամպի ստվերը սպեղանի է այրված ավազին, թող հողը ճաքած իր շրթունքներով հոտոտի քամու թևերը խանձված, մենք մեր նյարդերը սպասման մեջ ենք դարերով կոփել. երկու օր հետո, թե անձրև չեկավ, մի օր անպայման անձրև է գալու…»,- համոզված է պապս ու արդեն նաև ես:

 

Անի Ավագյան

  • 2024-06-19
×