Դրախտի ընտանիք. Արմենն ու Տաթևը...

Դրախտի ընտանիք. Արմենն ու Տաթևը...

«Շողակն Արարատյան» ամսաթերթի սիրելի՛ ընթերցողներ, «Դրախտի ընտանիք» խորագրով մեր շարքի զրուցակիցներն են  «Arm_Electronik» ռոբոտաշինության և ինժեներական հմտությունների կենտրոնի համահիմնադիրներ Արմեն Ավետյանն ու Տաթև Խաչատրյանը։ 

 

Ինժեներ ամուսինների ընտանիքը տասը տարեկան է։ Արմենը պատմում է, որ ի սկզբանե հասկացել է՝ Տաթևը հարազատ հոգի է, ում ձեռքը բռնած հանգիստ կարելի է անցնել կյանքի  ուղիներով։ Տաթևին էլ գրավել է նրա անսահման ազնվությունն ու համբերատարությունը։ Ըստ Արմենի՝ ամուսնության սկզբնական փուլն անցնելուց հետո ավելի խորքային ես պատկերացնում «ընտանիք» հասկացությունը։ Կոնֆլիկտային իրավիճակները, ծագած խնդիրներն ու համատեղ ուժերով գտած լուծումներն օգնում են հարթել ամուսնական կյանքը․ «Ընտանիքը ճանապարհ է, որը պիտի միասին հաղթահարվի»։ Տաթևի կարծիքով՝ ընտանիքն ամենօրյա աշխատանք է․ «Ամուսինները պիտի մշտապես զարգանան, ինքնակատարելագործվեն, լինեն համբերատար։ Եթե մտածես՝ ամեն ինչ իդեալական է, ապա անընդհատ կսայթաքես։ Պետք է ռեալ հասկանալ՝ ինչ ես ակնկալում ընտանիքից։ Մարդիկ, երբ սիրահարվում են, ամուսնանում, չեն գիտակցում, որ դրանից հետո էլ աշխատանք ունեն տանելու։ Ինչպես գործի մեջ ներդրված ջանքերն ու չհանձնվելն են տալիս իրենց արդյունքը, այդպես էլ ընտանիքում է»։

 

Արմենի խոսքով՝ իրենց բնորոշ է մեծ սերը միմյանց նկատմամբ, հարգանքը, իրար լսելու կարողությունն ու երջանիկ լինելը։ Տաթևն էլ հավելում է․ «Մեր ընտանիքի համար բնութագրական է նաև Արմենի համբերատարությունը և մեր երկուսի անալիտիկ մտածելակերպն ու աշխատասիրությունը։ Ընդհանրապես եթե ընտանիքի անդամները կարողանան ճիշտ վերլուծել իրավիճակը, խնդիրների դեպքում հարցեր տալ իրենք իրենց, հնարավոր է և չգնան բաժանության»։  

 

Զրուցակիցներս ունեն մեկ զավակ՝ ութամյա Սամվելը։ Նա շատ խմբակներ է հաճախում։ Արմենը գտնում է, որ մինչև տասը տարեկան դառնալը երեխային պետք է ծանոթացնել տարբեր ուղղությունների հետ՝ ընձեռելով փորձարկելու հնարավորություններ։ Հետո արդեն նա կընտրի, թե որ ուղղությունն է ցանկանում զարգացնել։ 

 

Ամուսինները խոստովանեցին, որ շատ բաներ են սովորել իրենց որդուց, ում միշտ մեծի պես են վերաբերվել։ «Սամվելի ծնունդով մտահորիզոնի բազում փոփոխություններ եղան։ Մեր աչքերը կարծես նորովի բացվեցին, երբ տեսանք մեկին, ում բերել ես այս աշխարհ ու պիտի հասցնես իր նպատակների իրականացմանը։ Ես սկսեցի նկատել՝ ինչն է օգտակար, ինչը՝ վնասակար, ինչու ինչ-որ մի բան արժե անել, մեկ այլ բան՝ ոչ։ Ես չեմ մտածում այն մասին, թե ինչ ընտրություն կանի նա այս կյանքում, կարևորը, որ լավ մարդ դառնա,- ասում է Արմենը, իսկ Տաթևն էլ ավելացնում է,- մենք ամուսիններով հասկացանք՝ ոչ թե պետք է երեխային դաստիարակել, այլ պիտի օրինակ ծառայել։ Ստացվում է՝ ոչ միայն դու ես երեխային դաստիարակում, այլև դու էլ ես դաստիարակվում»։

 

Արմենն ընտանիքների ամրությունը պայմանավորում է երեք բաղադրիչով՝ սեր, հարգանք ու ազնվություն, որոնց առկայությամբ կարելի է հաղթահարել շատ խնդիրներ․ «Անհաջողության պատճառները շատ են՝ սկսած ամենատարբեր հարթակներում բարձրաձայնվող ազատ ապրելու հետ կապված քարոզներից։ Ընդհանրապես համաշխարհային մակարդակով մեծ աշխատանք է տարվում ընտանիքները քանդելու ուղղությամբ, որովհետև այդ դեպքում մարդը դառնում է ենթակա։ Հակառակ պարագայում նա ուժ է, որ բազում խնդիրներ կարող է լուծել։ Ու  քանի որ ընտանիքն է ամենակարևոր օղակը ցանկացած պետության, ապա նրա թույլ լինելու դեպքում պետությունը հեշտորեն կարելի է հավասարեցնել զրոյի։  Այս ուղղությամբ մեզ վրա աշխատել են տասնամյակներ շարունակ՝ անելով ամեն բան ընտանիքի հիմքերը խարխլելու համար»։

 

Տաթևն էլ նույն ցավով մատնացույց է անում նմանատիպ մի քանի իրավիճակներ մեր իրականությունից․ «Աստիճանաբար վերանում է միասին հաց ուտելու սովորույթը։ Օրինակ՝ ես փորձում եմ դա պահպանել, քանի որ միասին հաց ուտելու մշակույթն ամրացնում է ընտանիքը։ Ինձ ջերմացնում է նաև տատիկ-պապիկների ներկայությունն ընտանիքում, նրանց անսահման սերն ու ամենօրյա հոգածությունը թոռնիկների հանդեպ։ Դժբախտաբար հիմա կան շատ մեծահասակներ, որոնք նույնպես առաջնորդվում են միայն սեփական եսի համար ապրելու գաղափարով։ Ամեն բան կարծես արժեզրկված լինի»։

 

Այս բոլոր մտայնություններն ու 44-օրյա պատերազմից հետո առաջացած  խնդիրները հիմք դարձան «Arm_Electronik»-ի ստեղծման համար։ «Բոլորիս մոտ տեղի ունեցան աշխարհայացքային փոփոխություններ, սրվեցին այն հարցերը, թե ինչու ենք ապրում, ինչ իմաստ ենք փնտրում այս կյանքում։ Պատերազմից հետո նաև կորավ վստահությունն ու կայունությունը։ Անհրաժեշտ էր գտնել խորքային լուծումներ։ Եվ ծնվեց ինժեներական կենտրոն ունենալու գաղափարը, որովհետև ինժեներությունը, ինժեներական մտածելակերպը կարևոր են մեր երկրի համար։ Ու քանի որ մեր որդին չորս տարեկանում արդեն որոշակի ինժեներական գործողություններ անում էր, մենք համոզված էինք՝ այլ երեխաների էլ կկարողանանք սովորեցնել։ Ուստի  սկսեցինք մեր սաների մեջ սեր արթնացնել դեպի ինժեներությունը, տեխնոլոգիան, գիտությունը։ Այդ երեքի միավորումը կարող է հրաշալի արդյունք տալ։ Նաև նպատակ էինք դրել ստեղծել ռոբոտաշինության այնպիսի կենտրոն, որտեղ կփոխանցենք իրական գիտելիքներ՝ օգնելով սովորածը կիրառել կյանքում, և որտեղ կկարողանանք զարգացնել հայկական ներուժը։

 

Երեքամյա մեր կենտրոնը սաների առումով տարիքային սահմանափակում չունի, մեր գաղափարախոսությունն է՝ կերտենք ապագան միասին՝ դաստիարակելով նոր սերունդ։ Ուզում ենք հավատալ՝ այն փոքր փոփոխությունը, որ անում ենք երեխաների կյանքում, կտա իր պտուղները։ Նրանք մեզ մոտ ոչ միայն տիրապետում են ֆիզիկայի գիտելիքներին, այլև սովորում են հարգել միմյանց, պատասխանատու լինել իրենց արարքների համար, պայքարել, չընկճվել դժվարությունների հաղթահարման ընթացքից,  մասնագիտական ճիշտ ընտրություն կատարել և այլն»։

 

Արմենն ու Տաթևն ապրում ու աշխատում են «անհնարին ոչինչ չկա» խոսքը գործի վերածելով։ Նպատակների ու երազանքների իրագործման ճանապարհին էլ հույսը դնում են միայն սեփական ուժերի վրա։ Նրանց մեծագույն երազանքներից է ունենալ շատ զավակներ։

 

Զրույցի վերջում ամուսինները հորդորում են զբաղվել ինքնաճանաչողությամբ, մոտ լինել բնությանը, դուրս գալ վիրտուալ իրականությունից կամ գոնե զտել մատուցվող ինֆորմացիան, օրը լցնել միայն դրական ու ապրեցնող լուրերով, հետաքրքիր ու զարգացնող նյութերով՝ հավատալով, որ այդ ամենն աճելու և հաղթանակներ գրանցելու հրաշալի ազդակ կդառնա։

 

Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

  • 2024-06-18
×