Արցախի էջը թերթված չէ. Լինենք ու մնանք մեր քաղաքակրթական ժառանգության իրավատերը

Արցախի էջը թերթված չէ. Լինենք ու մնանք մեր քաղաքակրթական ժառանգության իրավատերը

2020 թվականի Արցախյան պատերազմի օրերին մի խումբ նվիրյալներ ստեղծել էին «Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակը», որ միջազգային հնչողություն հաղորդեին թշնամու կողմից Արցախի մշակութային ժառանգության հանդեպ  կատարվող մշակութային ցեղասպանությանը: Այսօր արդեն կառույցը վերանվանվել է «Հայկական լեռնաշխարհի օմբուդսմենի գրասենյակ», որպեսզի աշխատանքները ստանան ավելի լայնածավալ բնույթ և չշրջանցեն նաև Արևմտյան Հայաստանը և մեր  բոլոր  պատմական տարածքները…

 

Մեր զրուցակիցն է «Հայկական լեռնաշխարհի օմբուդսմենի գրասենյակ»-ի ղեկավար, Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Կովկասագիտության կենտրոնի տնօրեն Հովիկ Ավանեսովը:

 

-Մշակույթի ժառանգության պաշտպանի  ինստիտուտի անհրաժեշության  մասին  մի  խումբ  մտավորականներով մշտապես քննարկում էինք այս գերխնդիրը և հնարավոր սպասվող մարտահրավերները։ Եվ մշտապես արձանագրում, որ  քննարկումներից  բացի  պետք  է  կյանքի  կոչենք այս  նախաձեռնությունը։ Աստիճանաբար մեր մտորումները ավելի հայեցակարգային բնույթ էին ստանում։ 2020 թ. տարբեր բնակավայրերում  փաստահավաք  աշխատանքների  ընթացքում,  երբ  արձանագրում էինք  հերթական  հուշարձանի թիրախավորումը,  առավել  ակնհայտ  էր  դառնում, որ  մշակույթի  ժառանգության  օմբուդսմենի  գրասենյակի ստեղծումը ոչ  միայն  դառնում  է  անհրաժեշտություն, այլև  հրատապ կարգավորում  պահանջող։ Տևական  ժամանակ  կատարած  աշխատանքների  արդյունքում  2023 թ.  հունիսի  6-ին  առցանց  ասուլիսով   շրջափակման պայմաններում  գտնվող  Արցախում  ազդարարվեց  Հայքի  մշակույթի  օմբուդսմենի  ինստիտուտի  աշխատանքների մեկնարկը։ Արցախի բռնազավթված հատվածներում Ադրբեջանի կողմից պետական  մակարդակով իրականացվող  մշակութային  ցեղասպանության  փաստերը  արձանագրելուն զուգահեռ  աշխատում  էինք  կառույցի կատարելագործման  շուրջ և  այդ  աշխատանքները շարունակվում են  մինչ  օրս։ Այդ  աշխատանքների արդյունքում կառույցը  վերանվանվեց «Հայկական լեռնաշխարհի  մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակ» և   ամենից առաջ հանդիսանում  է  Հայքի  մշակույթի  օմբուդսմենի  գրասենյակի իրավահաջորդը։

 

-Ադրբեջանի իշխանությունների թիրախում այս անգամ  հայտնվեց  «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը, որը ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»: Ի՞նչ շրջանակների հետ եք համագործակցում, որպեսզի մշակութային ցեղասպանությունը ստանա միջազգային հնչողություն:

 

-Ադրբեջանի պետական վարչակարգը ոչ միայն յուրացնում  և  ոչնչացնում  է Արցախի  մշակութային ժառանգությունը,  այլ  իսլամացնելով  Արցախի  հայկական  ինքնությունը՝   փորձում է ստեղծել բնակավայրի «ադրբեջանական ինքնությունը»։ Այս քաղաքականությունն իրականացնելու  համար  հիմնահատակ ոչնչացնում են ոչ պատմաճարտարապետական  հուշարձաններ,  այլ նաև  ամբողջական  գյուղեր։ Նշվածի վառ  ապացույց  է  համարվում  Շուշիի  Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (որ  հայտնի է  նաև  «Կանաչ ժամ» անունով) հիմնահատակ ավերումը, Շուշիի շրջանի  հերոսական Քարինտակ  գյուղի  ոչնչացումը։ Ադրբեջանի  կողմից  պարբերաբար իրականացվող  մշակութային ցեղասպանությանը առնչվող փաստերի ուսումնասիրման համար  համագործակցում  ենք  ինչպես Հայաստանի մասնագիտացված  թիմերի  ու  անհատ  փորձագետների հետ, այնպես էլ  ոլորտով  զբաղվող  արտասահմանյան  գիտնականների և փորձագետների հետ։ Բռնազավթված  Արցախում  կատարվող  մշակութային  ցեղասպանության  մասին  փաստերը  ներկայացնում  ենք  նաև  տարբեր  արտասահմանյան  պատվիրակությունների  հետ  հանդիպման  ժամանակ։ Համապատասխան  փաստեր  տրամադրում ենք  նաև  մեր  այն  գործընկերներին, որոնք  պարբերաբար  տարբեր  հանդիպումների  և քննարկումների  են  մասնակցում,  որպեսզի  ներկայացվի  Արցախում  տեղի  ունեցող  քաղաքակրթական  արժեքների ոչնչացումը։ Բոլոր  հանդիպումներում  մշտապես  շեշտադրում  ենք, որ  Արցախում ոչնչացվում  է համաշխարհային քաղաքակրթություն,  և  դրանով  մոլորակը  կորցնում  է  իր  քաղաքակրթական  արժեքները։

 

-.Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն: Հաագայի 1954 թ. առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները: Ի՞նչ քայլ պիտի կարողանանք իրականացնել մենք` մեր համահայկական ներուժով, որպեսզի թշնամին որպես ահաբեկիչ երկիր ենթարկվի միջազգային պատասխանատվության և լինի հատուցում:

 

-Անհրաժեշտ է  ամենօրյա  պարբերականությամբ  խոսել  և  հրապարակել  օտարալեզու  նյութեր  հայկական  մշակութային  ժառանգության  մասին։ Համահայկական  ամբողջ  ներուժը պետք է  միտված լինի նրան, որ առաջնային մանդատ ունեցող կառույցներ ոչ  միայն  արարողակարգային հայտարարություններով դատապարտեն Ադրբեջանի մշակութային ցեղասպանությունը,  այլև  հստակ պատժամիջոցներ  կիրառեն  Ադրբեջանի  դեմ։ Միայն իրական  պատժամիջոցներով է հնարավոր որոշակիորեն հակազդելու Ադրբեջանի պետական  վարչակարգի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությանը։

 

Մշակութային արժեքների դեմ  իրականացվող հանցագործությունները ևս պարտադիր պետք է ներառվեն տարբեր դատական հայցերում՝ ընդդեմ Ադրբեջանի: Արցախի մշակութային ժառանգությունը  ամբողջականապես  կպահպանվի  այն  դեպքում, երբ  կվերաազատագրվի  Արցախը։

 

-«Հայկական լեռնաշխարհի մշակույթի օմբուդսմենի գրասենյակ»-ը ծրագիր ունի ընդգրկելու նաև մեր ամբողջ պատմական հայրենիքի հուշարձանների ճակատագրի հարցը: Որո՞նք եք համարում այն ուղիները,  որ գրասենյակը դառնա Արցախի ու հայի ձայնը ամբողջ աշխարհում:

 

-Գրասենյակի առաջնահերթ ծրագրերից ինչպես   ամբողջ  պատմական հայրենիքի հուշարձանների ճակատագրի հարցը,  այնպես էլ  Սփյուռքում գտնվող  հայկական  մշակութային ժառանգության  հետ  կապված  հարցերը։ Այս  առումով  ակտիվորեն  համագործակցում ենք Սփյուռքի տարբեր կառույցների հետ և այդ  համագործակցության  շրջանակներում  տարբեր  ուսումնասիրություններ  են  կատարվում  և ծրագրեր  մշակվում,  որոնց  առավել  մանրամասն  առաջիկայում  կանդրադառնանք։

 

Զրուցեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

  • 2024-06-17
×