Գիտություն, հոգևոր կյանք ու եկեղեցի. 26-ամյա Վարուժանի առօրյան

Գիտություն, հոգևոր կյանք ու եկեղեցի. 26-ամյա Վարուժանի առօրյան

Գիտություն ու հոգևոր կյանք. եթե ոմանց թվում է, թե այս երկուսը միմյանց հակասում են, Վարուժան Յափուջյանը պնդում է հակառակը: Գիտնական, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վարուժանին ամեն կիրակի կարելի է տեսնել եկեղեցում՝ Սուրբ Պատարագին մասնակցելիս: Սպասավորում է Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներում: Հոգևոր կյանքի միջոցով է գտել իրեն հուզող շատ հարցերի պատասխանները: 

 

Հոգևոր կյանքն ու գիտությունը հակասո՞ւմ, թե՞ լրացնում են միմյանց

 

Վարուժանը գիտնականների ընտանիքից է: Մասնագիտությամբ ինժեներ է։ Ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ուսումը շարունակել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում:

 

«Հոգևոր դաստիարակություն չեմ ստացել, հակառակը, պապիկս աթեիստ էր: Այդ գաղափարների մեջ եղել եմ մինչև 18 տարեկանը: Իմ կյանքում մի պահ եղավ, մի զրույցից հետո հասկացա, որ ավելի խորը կարող եմ ամեն ինչ ուսումնասիրել: Կյանքիս ընթացքում այդ պահը ինչ-որ չափով հասունացել էր»,- պատմում է Վարուժանը: 

 

Այժմ հետաքրքրվում է ավիատիեզերական ոլորտով: Կարծում է՝ այն ակտիվ զարգանում է ու ռազմարդյունաբերության մեջ ունի լուրջ կիրառություն: Որքան էլ տեխնոլոգիաները զարգանան, կան հարցեր, որոնց լուծումը կարող է տալ միայն հոգևոր կյանքը, նշում է 26-ամյա երիտասարդը: Համաձայն չէ տեսակետին, թե գիտության մարդիկ հոգևորից հեռու են: Հիշեցնում է հայտնի գիտնականների ու մտավորականների օրինակը, որոնք հավատացել են, Աստվածաշունչն ընդունել կյանքը կառուցելու հիմնական Գիրք:

 

«Որտեղի՞ց են մենք, ինչո՞ւ գոյություն ունենք. այն հարցերը, որոնցով զբաղվում է հոգևոր կյանքը, անհամեմատ ավելի կարևոր են, քան մարդու կողմից ստեղծված ցանկացած ոլորտ: Եթե ամեն մեկը խորը ուսումնասիրի իր կյանքի բովանդակությունը, ուշ թե շուտ գալու է այդ հարցերի պատասխանները գտնելու անհրաժեշտությունը: Ես էլ նույն կերպ սկսեցի կարդալ, հետազոտել: Երկար ժամանակ զբաղվել եմ այդ հարցերն ուսումնասիրելով: Այդ ամենն ինձ բերեց եկեղեցի»,- նշում է նա:

 

Մոտ 10 տարի է՝ այցելում է Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներ: Երբեմն մասնակցում է Պատարագների Երևանից դուրս` քաղաքի աղմուկից հեռու։ 

 

Հոգևոր կյանքն ու գիտությունը կարո՞ղ են իրար հակասել կամ ինչո՞ւ պետք է հակասեն` լրացնելու փոխարեն։ Այս հարցերի վերաբերյալ շատ է բանավիճել։ 

 

«Նման կարծիք արտահայտողները քիչ գիտելիքներ ունեն: Գիտելիքը ցույց է տալիս, որ այն ամենը, ինչ ստեղծված է աշխարհում, պատահական լինել չէր կարող: Կարծում եմ՝ ոչ թե գիտության ու հոգևորի մեջ կա հակասություն, այլ մարդ իր անձնական ընտրությանը փորձում է հաղորդել ինտելեկտուալ բովանդակություն՝ ավելի խելացի թվալու համար: Օրինակ, եթե մեկը սիրուց հիասթափվել է, սկսում է չհավատալ Աստծուն, իսկ Նա սեր է, ու փորձում է դա հիմնավորել իր ինտելեկտուալ լինելով: Մարդ չպետք է իր անձնական ընտրությանը տա արհեստական, ինտելեկտուալ փաթեթավորում»,- կարծում է Վարուժանը:

 

Հավելում է՝ հոգևորը կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուրիս կյանքում, իսկ մեղքը տանում է մեզ մեր կյանքի պայմաններին հակառակ ընթացքով ու ի վերջո հասցնում կործանման. 

 

«Աստված ստեղծելով մարդուն՝ նրա համար նախատեսել է կյանքի ձև, որի միջոցով մարդը կարող է զարգանալ: Մեղքն այս ճանապարհի շեղումն է, բնականաբար դա բերում է մահվան: Աստված մեզ տվել է հոգևոր կյանք, որով ընթանալով մենք կարողանում ենք վերականագնվել այն կենսաձևում, որը մեզ համար բնական է»: 

 

Անդրադառնալով պնդմանը, թե կարելի է հավատալ Աստծուն, բայց եկեղեցի չայցելել, նշում է՝ նույնն է, որ հարցնենք՝ բուժում ստանալ տա՞նը, թե՞ բժշկական կենտրոնում: Նման կերպ մտածող մարդկանց ճանապարհն անվանում է ռիսկային: Վստահ է՝ այս կյանքում ցանկացած ուղղության համար կա կառույց, որը երաշխավորում է այդ ճանապարհով անխափան ընթացքը: Ինքնուրույն չենք կարող գտնել շատ հարցերի պատասխաններ:

 

Եկեղեցուց ու մասնագիտական աշխարհից դուրս Վարուժանին այժմ էլ հետաքրքրել է ռեժիսուրան: Ֆիլմ է նկարել՝ «Սեր տալ» խորագրով, որը պատմում է պատերազմից վերադարձած զինվորի ու նրանց հարաբերությունների` ճգնաժամից դուրս գալու ձևերի մասին: Ներկայացնում է պատերազմի մասնակցի եղբոր ու հոգևորականի զրույցից մի հատված։ Ֆիլմը մասնակցում է «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնին:

 

Անի Ավագյան

  • 2024-06-14
×