Սերը ենթադրում է զոհաբերություն

Սերը ենթադրում է զոհաբերություն

Զոհաբերություն. ինչո՞ւ է այն կարևոր ու ինչպիսի՞ն է կյանքը, սերը առանց զոհողությունների: Մեր զրուցակիցը՝ Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, կարծում է՝ եթե ընտրել ենք որևէ ուղի, պիտի պատրաստ լինենք նաև զոհողությունների: 

 

Զոհաբերությունը քրիստոնյայի կյանքում

 

-Անհնար է պատկերացնել քրիստոնեությունը առանց զոհաբերության: Այո, մենք ասում ենք՝ Քրիստոս վերջին զոհն էր, այլևս զոհի կարիք չունենք, բայց եթե ընտրել ենք որևէ ուղի, եթե ունենք նպատակ, դրան հասնելու համար՝ պետք է նաև պատրաստ լինենք զոհողությունների: Քրիստոս ասաց. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից»: Նշանակում է, եթե ընտրում ես Քրիստոսին, պետք է նաև պատրաստ լինել զոհաբերությունների: Եթե հավատում ես Աստծուն, պետք է համապատասխան քայլեր կատարես: Նշված է, որ հավատքն առանց գործերի մեռած է: Այդ գործերից մեկն էլ զոհաբերությունն է: Տերն Իր անձը չխնայեց մեզ համար, իսկ մենք պատրա՞ստ ենք հրաժարվել վատ սովորություններից, արարքներից, պատրա՞ստ ենք մասնակցել Սուրբ Պատարագի, անհրաժեշտ պահին քայլ կատարել:

 

Իրական սերն ու զոհաբերությունը

 

-Իրական սերը պահանջում է նվիրում, ենթադրում է զոհաբերություն: Սիրո առկայությունն է մարդուն տալիս ուժ, զորություն, կարողություն՝ զոհաբերելու հանուն սիրո, փրկության, հանուն մարդկանց: Այլ մղիչ ուժ չկա: Ավետարանում կարդում ենք. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար»։ Որպես օրինակ մենք ունենք Քրիստոսին: Նա եկավ, մարմնացավ, ապրեց մարդկանց հետ ու զոհեց Իր անձը, որպեսզի քավի մարդկության մեղքերը: Սեփական անձի զոհաբերումը համարվում է մեծագույն սխրանք: Հայոց ցեղասպանությանը շատերը նախընտրեցին զոհել իրենց անձը, բայց կրոնափոխ չլինել: Պատերազմի ժամանակ հազարավոր մեր տղաներն իրենց կյանքը տվեցին այլոց փրկության համար: Վստահ եմ՝ դա արեցին գիտակցաբար: Սա մեծագույն սխրանք է ու մեծագույն սիրո արտահայտում: 

 

Կյանքը՝ առանց զոհողությունների

 

-Եթե մարդ ասում է, որ սիրում է, բայց պատրաստ չէ զոհաբերության, ուրեմն՝ անկատար է այդ սերը: Մայրը, երբ երեխա է ունենում իր ողջ կյանքը զոհաբերում է՝ հանուն իր երեխայի, ծառայում է նրան: Զոհաբերությունը քրիստոնեական կենցաղավարության մի մասնիկն է, սակայն չի նշանակում, եթե զոհաբերություն չկա, քրիստոնեական կենցաղավարության ևս ընդհանրապես չկա: Հնարավոր է՝ տվյալ մարդու կյանքում դեռ չի եղել համապատասխան պահը, առիթը զոհողության գնալու, հնարավոր է՝ տվյալ մարդը պարզապես դեռ պատրաստ չէ:

 

Ընտրելու ազատությունը

 

-Մեզ տրված է ազատություն՝ ընտրելու: Մեկը կարող է զոհողությունների գնալ, հրաժարվել սիրելի զբաղմունքներից, որպեսզի հասնի իր նպատակին, մյուսը կարող է անգամ կյանքը տալ, պատրաստ է սխրանքների հանուն սիրո, հանուն դիմացինի: Մեծ հաշվով դա արվում է ոչ թե Աստծո, այլ հենց մեզ համար: Նման քայլերը հզորացնում են մեր հավատքը, մեզ ուժ, թևեր տալիս: Պահքի շրջանը ևս ինքնազոհաբերման շրջան է, հրաժարվում ենք որոշակի կերակուրներից, վատ սովորություններից, արարքներից, որ մեր հոգին մոտեցնենք փրկությանը: 

 

Պատրաստեց Անի Ավագյանը

 

  • 2024-06-13
×