Ատելության մթնոլորտը ցրելու ժամանակը

Ատելության մթնոլորտը ցրելու ժամանակը

«Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն»:

 

Մենք հոգնել ենք ատելությունից, բայց մոռացել ենք՝ ինչպես սիրել: 

 

Մեր փոքր երկրում սիրո, հանդուրժողականության, ժպիտների, իրար մասին հոգ տանելու, ջերմ խոսքերի պակաս կա: Շատերս դա զգում ենք, բայց փոխվել չենք պատրաստվում: 

 

Անշուշտ մենք ապրում ենք դժվար ժամանակներում, երբ ցավը չափազանց մեծ է, երբեմն թվում է անտանելի, ինչի դեմ ուզում ենք կռիվ տալ: Ցավը բուժելու փոխարեն, ցավոք, ընտրել ենք այլ ուղի՝ որոշել ենք դիմացինին ցավեցնել: Մտածում ենք, թե դա կհանգստացնի մեզ, բայց այդ ճանապարհը մեզ պարզապես դարձնում է ավելի վատը. մենք կորցնում, կորցրել ենք մեր դեմքը: 

 

Մենք հոգնել ենք բաժանարար գծերից, բայց չենք էլ ցանկանում քայլ անել՝ միանալու, որովհետև ներողություն խնդրելն ավելի բարդ է, որովհետև չենք սիրում սխալն ընդունել, որովհետև ինքներս մեզ խաբել ենք, թե դիմացինին խեղճացնելով պիտի ուժեղանանք:

 

Երևի մոռացել ենք, թե ով ենք:

 

Մեր փոքր երկրում սիրո պակաս կա, որովհետև վաղուց առավոտյան ջերմ խոսքերի փոխարեն, կարդում ենք հայհոյանքներ: Մեր փոքր երկրում սիրո պակաս կա, որովհետև վաղուց երեկոյան սոցիալական ցանցերում ծաղր ու քննադատություն ենք կարդում՝ հարևանի, մեր հարազատների, հայրենակիցների մասին:

 

Երևի սխալ ճանապարհ ենք ընտրել:

 

Աստվածապաշտ, քրիստոնյա ժողովուրդը կարո՞ղ է չսիրել իր եղբորը, ըստ Աստվածաշնչի՝ ոչ, իսկ սիրել նշանակում է օգնության հասնել, հոգ տանել, կարեկցել, զոհաբերության գնալ, եթե պետք է: Սուրբ Եփրեմ Ասորին նշում է` ինչպես բոլոր առաքինություններից վեր սերն է, այդպես էլ բոլոր մեղքերից առավել ծանրը եղբորն ատելն է, քանի որ, ինչպես նշվում է Աստվածաշնչում, իր եղբորն ատողը մարդասպան է (Ա Հովհաննես 3.15):

 

«Մենք գիտենք, որ մահվանից դեպի կյանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին։ Իսկ ով չի սիրում իր եղբորը, մահվան մեջ է մնում» (Ա Հովհաննես 3:14): 

 

Մենք մեզ համարում ենք քրիստոնյա, խոսում ենք քրիստոնեական արժեքները պաշտպանելու մասին, բայց չենք ցանկանում հետևել քրիստոնեական արժեհամակարգի առանցքային խորհուրդներին: Փոխարենը, կարող ենք առանց խղճի խայթի անտեղի վիրավորել, առանց փաստերի մեղադրել ու պատասխանատվություն չկրել` չմտածելով, որ ատելության մթնոլորտից տուժում ենք նաև մենք։ Մենք վնասում ենք նաև ինքներս մեզ։ Մոռանում ենք տասը պատվիրանների մասին, որոնցից մեկը վերաբերում է հենց լեզվի հիվանդություններին. «Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր»։ 

 

Ըստ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի՝ մեղավոր են ոչ միայն նրանք, ովքեր չարախոսում են, այլև նրանք, ովքեր լսում ու ընդունում են չարախոսությունը:

 

«Խոսքը զենքի նման է, որն ունի խոցող աղդեցություն, չարախոսությունը, այս իմաստով, եռասայր է, ինչպես բնորոշում են ռաբիները, երեք սուր ծայր ունի, որը գործում է երեք սպանություն: Սպանում է խոսքի մակարդակում նրան, ով չարախոսում է, սպանում է նրան, ով չարախոսությունը լսում ու ընդունում է և սպանում է նրան, ում մասին ասվում է այդ չարախոսությունը»: 

 

Անշուշտ, մենք ապրում ենք ծանր շրջանում, շատերը հուսալքված են, ոմանք՝ չարացած, սակայն ցավը մեզ պիտի միավորի՝ բուժելու վերքերը, ցավը մեզ պիտի դասեր տա: Ատելության մթնոլորտը ցրելու ժամանակն է: Մենք պետք է հասկանանք, որ մեր պայքարը ոչ թե իրար դեմ, այլ իրար հետ է: Պետք է ազատվենք գորշ մտքերից, բացասական բառերից, մեր միտքը, շրջակայքը մաքրենք բացասականից:

 

Մենք պետք է սովորենք իրար սիրել, եթե որոշել ենք այս իրավիճակը հաղթահարել։

 

Անի Ավագյան

  • 2024-06-10
×