Առանց պայքարի չես տեսնի լույսը

Առանց պայքարի չես տեսնի լույսը

Աստվածաշունչը պատգամում է. «Առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: Վերցրե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուսերը, այսինքն՝ Աստծու խոսքը: Անդադար աղոթե՛ք ամեն տեսակ աղոթքներով ու խնդրանքներով Հոգու օգնությամբ, և սրա համար արթո՛ւն մնացեք կատարյալ հարատևությամբ և խնդրանքներով, բոլոր սրբերի համար» (Եփեսացիս 6:16-18):

 

Ինչպիսի՞ն է կյանքն առանց պայքարի, ինչպե՞ս և ինչո՞ւ պայքարել. «Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանն է:

 

Պայքարը և լույսը

 

-Բնության միջից հանեք պայքարը, և բնությունը կոչնչանա: Պայքարն է ծնում և մաքրագործում: Եթե պայքարը հանենք, հողի տակից ծիլը դուրս չի գա: Այդ բարակ ծիլը որքա՛ն  ուժեղ է, ինչպե՛ս է պայքար մղում, որ դուրս գա դեպի լույսը: Պայքարն ու լույսը իրար ձգող հասկացություններ են: Առանց պայքարի չես տեսնի լույսը. այն դեպի տիեզերք է տանում, դեպի Աստված: Երբ մարդուն ցանկանում են բանտարկել, տանում են այնպիսի տեղ, որտեղ լույսը քիչ լինի: Փակված մարդը լույս է փնտրում: Պայքարն իր հետ բերում է տառապանք, և ոչ մի գեղեցիկ բան չի ծնվում առանց տանջանքի, ցավի, տառապանքի:

 

Պայքար` հաճույքի համար
 

-Բնության մեջ պայքարը կոդավորված է: Ծիլը հենց այնպես պատերազմ չի մղում իրեն փակող քարի դեմ: Ծիլը հենց տեսնում է լույսը, դառնում է ինքնաբավարարված: «Մաուգլի. Ջունգլիի գիրքը» վեպում հանճարեղ խոսք կա: Քիփլինգը այն ոչ թե գայլերի, այլ մարդկանց համար է գրել: Ասում է՝ որս արա ձագերիդ, կնոջդ, քեզ կերակրելու համար, հաճույքի համար երբեք որս մի՛ արա: Մի՛ սպանիր ու թափիր: Անիմաստ է հաճույքի համար որս անելը, իսկ մարդն ամբողջ կյանքը զբաղված է հաճույքի համար որս անելով: Մարդը անբավ է: Ինքնաբավ չլինելը միշտ ծնելու է պատերազմներ: Ի՞նչ պետք է անել, որ մարդը բավարարված լինի, դրա համար պետք է փնտրել լույսը, ինչպես՝ ծիլը:

 

Տեսակի կռիվ
 

-Բնության մեջ բոլորը պայքարի մեջ են՝ մրջյունը, արջը... Ծառը պայքարի մեջ է կողքի ծառի հետ: Խնձորենին տնկիր ընկուզենու կողքին, կռիվ է: Արմատները կռվում են, տարածք են ազատում. տեսակի պայքար է: Նույն տեսակի ծառերն իրար հետ լավ են զգում, որովհետև նույն ձևով են սնվում, նայում լույսին: Գլոբալիզացիոն շարժումը տեսակի վերացման ծրագիր ունի: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տգեղ կլինի երկրագունդը, եթե բոլոր ծաղիկները դառնան խոլորձ: Պետք չէ անիմաստ պայքարել՝ խոլորձ դառնալու համար, որովհետև ամեն տեսակ իր տարածքի մեջ է գեղեցիկ: Մեզ ստիպում են այլ տեսակ լինել: Պայքարի իմաստը տեսակը պահպանելու մեջ է: Չի կարելի պարտադրել մեկ այլ տարածքի ժողովրդին անել այն, ինչը դեմ է նրա հոգեբանությանը, ավանդույթներին:
 

Խնդրել ու փնտրել
 

-44-օրյա պատերազմի ժամանակ սարկավագներից մեկը ավտոմատը ձեռքին գնում էր սահման, լրագրողը հարցնում է՝ գնում է մարդ սպանելո՞ւ: Սարկավագը պատասխանում է՝ գնում է  հայրենիքը պաշտպանելու: Ասում են, թե հայերը ընդունեցին քրիստոնեությունն ու խեղճացան: Հարց է առաջանում՝ քրիստոնեությունը ինչո՞ւ անգլիացուն, գերմանացուն չխեղճացրեց: Ո՛չ, քրիստոնեությունը խեղճություն չի քարոզել: Մեզ պարզապես ձեռնտու է հանգիստ ապրելը: Ասված է. «Խնդրեք և ձեզ կտրվի»: Մենք սխալ ենք հասկացել այդ խոսքը: Իրականում այդ «խնդրեք»-ը «փնտրեք»-ն է: Գնում ենք եկեղեցի ու սկսում խնդրել՝ չհասկանալով, որ մենք պիտի փնտրենք: Առանց պայքարի ոչինչ չի կարող լինել: Մտածե՞լ եք, թե ինչո՞ւ էր Հիսուս խոսում առակներով, ինչո՞ւ պարզ չէր ասում, որովհետև մարդուն պետք է ստիպես, որ մտածի, գտնի ճանապարհը, հարցը լուծելու ձևը: Խելացի մարդիկ միշտ մտածում են, երբեմն կասկածում՝ արդյո՞ք ճիշտ են վարվում, միգուցե սխալ են ու պետք է ուղղվեն: Այժմ էլ այն, ինչ ասում եմ, մի քիչ կասկածում եմ՝ արդյո՞ք ճիշտ եմ, թե՞ սխալ, նշանակում է՝ բուն, ճիշտ լույսը դեռ չեմ տեսել: Երանի նրանց, ովքեր կտեսնեն:

 

Պատրաստեց Անի ԱՎԱԳՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

  • 2024-06-07
×