Փորձություններին դիմակայելու ու դեպի լույս գնալու օրինակը․ Գրիգոր Լուսավորիչը

Փորձություններին դիմակայելու ու դեպի լույս գնալու օրինակը․ Գրիգոր Լուսավորիչը

Գրիգոր Լուսավորիչը տարիներ շարունակ դիմացավ բազմաթիվ չարչարանքների՝ խավարի մեջ՝ շրջապատված օձերով ու կարիճներով, բայց չկորցրեց հավատը և ի վերջո դուրս եկավ ու հայոց աշխարհում տարածեց լույսը: Վիրապից ելքը եղավ հայոց մեծ դարձի սկիզբը։

 

Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի Ելքը Վիրապից հիշատակում է Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի հիշատակության օրերին հաջորդող շաբաթ օրը: Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: 

 

Գրիգոր Լուսավորչի Ելքը Վիրապից

 

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը կապվում է Սուրբ Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի նահատակության, Տրդատ Գ արքայի հիվանդության ու Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից դուրս գալու հետ: Պատմիչ Ագաթանգեղոսը ներկայացնում է, որ անմեղ կույսերին սպանելուց հետո` հայոց արքան հիվանդանում է, իր մարդկային կերպարանքը կորցնելով նմանվում է խոզի: 

 

Արքայի փրկության ելքի մասին հայտնում է թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, որին տեսիլք էր երևացել, ներկայացնում է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը.

 


«Տերն անընդհատ բախում է մեր սրտի դռները, կանչում է Իր մոտ, տալիս է մեզ փրկության ճանապարհը: Արդյո՞ք լսում ենք Նրան»:


13 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվում մեծագույն սուրբը, որ բժշկի արքային: Տրդատն ապաքինվում է Գրիգորի աղոթքներով:


Երբ ասում ենք ավանդություն, թվում է, թե խոսում ենք ինչ-որ առասպելի մասին, նկատում է քահանան, սակայն Լուսավորչի բանտարկությունն ու ելքը հորինված պատմություն չէ։


Զնդանից ելքից հետո Լուսավորիչը կույսերի նահատակման վայրերում ամփոփում է նրանց մարմինները, ապաշխարության համար սահմանում հնգօրյա պահք: Առաջավորաց պահքը Հայ Եկեղեցում պահպանվում է մինչև օրս: Լուսավորիչը քարոզում է Քրիստոսի վարդապետությունը, խավարի մեջ բնակվող իր ժողովրդին լուսավորում, նրանց մղում հոգևոր վերածննդի: Քարոզության վերջին օրը նրան է հայտնվում Միածին Փրկիչը, ցույց է տալիս Մայր տաճարի հիմնադրման վայրը: 


301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է պետական կրոն, Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվում է Հայաստանյաց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ: Տեր Շահեն հավելում է՝ Տրդատ արքան ևս օգնում է քրիստոնեության տարածմանն ու ավելի ուշ նահատակվում։ 


Անլույս խավարում լույսը


Քրիստոնյայի կյանքը ճանապարհ է` խավարից դեպի լույս, որտեղ կարող են հանդիպել խոր վիրապներ, օձեր, խավար, տխրություն։ Լուսավորիչը փորձություններին դիմակայելու ու դեպի լույս գնալու լավագույն օրինակն է յուրաքանչյուրիս համար: 


«Այս աշխարհը չարչարանքի գոտի է: Մարդը լացով է գալիս աշխարհ: Տա Աստված, որ հեռանա ժպիտով, այսինքն՝ ճանաչի իր Տիրոջը, միանա Նրան: Գրիգոր Լուսավորիչը կրեց զորեղ չարչարանքներ, ցույց տվեց Տրդատ արքային, որ իր զորությունն Աստծուց է: Տրդատը կարողացավ տեսնել Աստծո հրաշքը, որ կարող է բուժվել՝ անբուժելին»,- նշում է Տեր Շահեն: 


Լուսավորիչը Վիրապի անլույս խավարի մեջ լույս էր: Նրա ելքով ոչ միայն լուսավորվեց հայոց, այլ  նաև ամբողջ աշխարհը, ընդգծում է Տեր Շահեն: Հայ Եկեղեցու առաջին հովվապետի առաքելական գործը շատ կարևոր էր, նա անգամ այլազգիների մեջ տարածեց քրիստոնեությունը: Հոգևորականը հույս ունի հիշատակության օրը մեզ համար առիթ կլինի ևս մեկ անգամ խորհելու Լուսավորչի գործի, կերպարի մասին։


«Լուսավորիչը համաքրիստոնեական սուրբ է: Նա հավատարիմ էր Փրկչի պատգամներին, և հրեշտակները սպասավորում էին նրան (Խոր Վիրապում): Մենք չգիտենք, թե ինչ գանձ ունենք: Եթե կարողանանք իմաստնանալ, աշխարհին լուրջ ասելիք ունենք»,- ընդգծում է քահանան։


Հայ Առաքելական Եկեղեցին տարվա մեջ երեք անգամ է նշում Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակը՝ նրա մուտքը Վիրապ, ելքը Վիրապից և նշխարների գյուտը: 


Անի Ավագյան

 
  • 2024-06-01
×