Ականատես եղանք անընդունելի ու մերժելի մի երևույթի

Ականատես եղանք անընդունելի ու մերժելի մի երևույթի

Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 106-ամյակի հիշատակության օրը, ազգովի ականատես եղանք անընդունելի  և մերժելի մի երևույթի։

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել և մնում է հայոց պետականության, հայի հավատքի և ամրության Նոյյան Տապանը: Այն իր փրկարար առաքելությամբ հարատև առաջնորդել է իր զավակներին խաղաղ ու բարօր ափեր, որպեսզի տևական տարուբերումները չխարխլեն նրա գոյության և միասնականության հիմքերը: 

 

«… Մեր բոլորի առաջ և բոլոր դարերում և բոլոր վայրերում մի գանձանակ կա զետեղված: Դրա անունն է պատմություն՝ հավաքական կյանքի կենդանի և հավերժորեն բաց գանձանակը: Նրա առջևից են անցել մեր հայրերը և դրել են այն, ինչ որ մենք կոչում ենք մեր հայրերի ժառանգություն՝ իր հոգևոր՝ ազգային, մշակութային, քաղաքական բաղկացուցիչ տարրերով: Լուսավորիչն իր արցունքն է դրել՝ որպես անսպառելի յուղ մեր հավատքի ամուր ճրագին, Մեսրոպ Մաշտոցն իր գիրն է դրել՝ որպես մեր ինքնության դիմագիծ, Եզնիկն իր միտքն է դրել՝ որպես կյանքի փիլիսոփայություն, Վարդանն իր սուրն է դրել՝ որպես խորհրդանիշ հայրենապաշտության և եկեղեցապաշտության, Նարեկացին իր աղոթքն է դրել՝ որպես հոգու սնուցման անմահացուցիչ կերակուր, Շնորհալին իր «Շարականն» է դրել՝ որպես հայ հոգու նվագերգություն, Տաթևացին իր գրքերն է դրել՝ որպես նախանձախնդրության վկայություն, հերոսներն ու նահատակները իրենց արյունն են դրել, հայ ծնողները իրենց զավակների արյունն են դրել՝ որպես կյանքի հաղթանակի ուժ…» (Գարեգին Ա Կաթողիկոս):

 

Ցավոք, մայիսի 28-ին տեղի ունեցած միջադեպով անարգվեց այն ժառանգությունը, որ մեր հավատավոր նախնիներից սիրառատ կերպով դարեդար փոխանցվել է մեզ՝ որպես մասունք, որպես թանկ նշխար, որպես մեր զավակների արժանապատիվ կյանքի հիմնաքար:

 

Ո՞ՒՐ Է ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՈԳԻՆ․․․ Ա՛յն ոգին, որի շնորհիվ հայոց աշխարհազորը միասնաբար հաղթեց իրեն գերազանցող թշնամու կանոնավոր բանակին՝ փրկելով հայությանը նոր, վերահաս ցեղասպանությունից։

 

Եկեք այսօր պարզապես խորհենք և հարց տանք ինքներս մեզ՝  ի՞նչ ենք թողնում հայոց  գանձանակի մեջ՝ բարի գործե՞ր, միասնականությո՞ւն, սե՞ր, թե պառակտում, ատելություն և անարգանք:

 

«Մենք կոչվել ենք այսօր մեր ամբողջական և անվերապահ բաժինը բերելու մեր պատմության գանձանակին, մեր հայրենիքի վերակերտումի հարաճուն գնացքին: ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԱՎԵՏԱՐԱՆԻ ԼՈՒՅՍՈՎ ԵՎ ՔՐԻՍՏՈՍԻ ԿՆԻՔՈՎ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՅԱՆՔԻ ՀԵՏ ՇԱՂԱԽԵԼՈՒ ՍՏԻՊՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ․․․․․» (Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոս»):

 

 ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄ

 

  • 2024-05-30
×