Անսահման սիրո իրենց օրինակը. Սուրբ Գայանյանց կույսեր

Անսահման սիրո իրենց օրինակը. Սուրբ Գայանյանց կույսեր

Դարեր շարունակ քրիստոնյաներն անցել են պայքարի բարդ ուղի, նահատակվել ու անմահացել են, ինչպես Սուրբ Հռիփսիմյանց և Սուրբ Գայանյանց կույսերը: Նրանց նահատակությունը նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից ելքը նախապատրաստեցին հայ ժողովրդի ամբողջական դարձը: 

 

Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օր 

 

Ըստ Հայ Եկեղեցու տոնացույցի՝ կույսերի հիշատակը տոնվում է իրար հետևից Հոգեգալստյան տոնից հետո: 

 

Խոշտանգված, նահատակված հռոմեացի կույսերի նահատակության մասին պատմությունը մեզ հասել է պատմիչ Ագաթանգեղոսից: Դեպքերը տեղի են ունեցել այն ժամանակ Վաղարշապատում, 301 թվականին` Սուրբ Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից ելնելուց առաջ: Սուրբ Գայանեն՝ Հռոմի Սուրբ Պողոս վանքի մայրապետն էր, այնտեղ ապրում էր մոտ 300 կույսերի հետ աղոթական կյանքով: Հետագայում մի քանի տասնյակ կույսերի հետ ստիպված լքել են վանքը, քանի որ Հռոմի Դիոկղետանիոս կայսրը ցանկանում էր կնության առնել կույսերից Հռիփսիմեին: Նրանք փախել են՝ ապաստան գտնելով հայոց աշխարհում: Հայաստանում, սակայն, Հռիփսիմեին փորձել է տիրանալ Տրդատ Գ արքան։ Կույսն ընդդիմացել է, իսկ նրա դաստիարակը՝ Գայանեն, քաջալերել է սանուհուն՝ հաստատուն մնալ հավատքի մեջ:  Զայրացած արքան հրամայել է սպանել կույսերին։ Գայանեին ևս չարչարել են՝ կտրելով նախ լեզուն, որով քաջալերել էր Հռիփսիմեին, հետո գլխատել:

 

 

«Կույսերը օրինակ են, թե ինչպես կարելի է պայքարել, չհանձնվել, չկոտրվել, չտրտնջալ որևէ դժվարության առաջ: Յուրաքանչյուր սրբի նահատակությունը ցույց է տալիս, որ որքան նվիրված են եղել այս մարդիկ իրենց հավատքին, իրենց երբեք չեն վախեցրել տանջանքը, տառապանքը, ցավը, մահվան սպառնալիքը: Պատրաստ են եղել տալ ամեն ինչ, միայն ժառանգեն հավիտենական կյանք»,- նշում է Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը:

 

Հոգևորականի խոսքով՝ կույսերի նահատակությունը նպաստեց, որ իրադարձություններն արագ ընթանան: Ըստ ավանդության՝ դաժան սպանությունից հետո խոզակերպ դարձած արքային բժշկել է Գրիգոր Լուսավորիչը: 

 

«Ստեղծվեց իրավիճակ, երբ արքան զգաց՝ վիճակն անելանելի է, և միայն ճշմարիտ Աստծո միջոցով կարող է փորձությունը հաղթահարել»,- նշում է հոգևորականը: 

 

Վիրապից ելնելուց հետո՝ Գրիգոր Լուսավորիչն է ամփոփել կույսերի մարմինները: Այժմ Սուրբ Գայանե մայրապետի, նրա ընկերուհիների նահատակման վայրում է գտնվում Սուրբ Գայանե վանքը: 

 

Սպառնալիքը գրեթե նույնն է

 

Եկեղեցական տոնացույցում ընդգրկված հիշատակությունների օրերը, տոները ևս մեկ առիթ են քրիստոնյաներին մտածելու դրանց խորհրդի մասին, նշում է Տեր Բարդուղիմեոսը: Կարևոր է, որ լսենք հոգևոր հայրերի պատգամներն ու փորձենք դրանցով առաջնորդվել: Կույսերի նահատակությունը տեղի է ունեցել մեզնից շատ առաջ, կյանքը փոխվել է, բայց օրվա խորհուրդը, պատգամը այսօր էլ նույնն է, նկատում է հոգևորականը.

 

«Թվում է՝ ապրում ենք ավելի լուսավոր դարում, բայց սպառնալիքը գրեթե նույնն է, այն ժամանակ ֆիզիկապես էին սպանում, այսօր կան երևույթներ, որոնք հոգևոր առումով մեծ սպառնալիք են, կարող են մարդկանց տանել դեպի հոգևոր կործանման, դեպի հոգևոր սով»:

 

Հիշեցնում է՝ կույսերի օրինակը՝ պայքարելու, չհանձնվելու, հավատքի ու անսահման սիրո, դարեր անց արդիականությունը չեն կորցրել: 

 

Անի Ավագյան

  • 2024-05-28
×