Ճանաչելով Հայ Առաքելական Եկեղեցին՝ ճանաչում ես քո ինքնությունը

Ճանաչելով Հայ Առաքելական Եկեղեցին՝ ճանաչում ես քո ինքնությունը

Քրիստոնեական, ազգային արժեքներ. ինչո՞ւ են դրանք կարևոր հայ քրիստոնյայի  կյանքում ու ինչպե՞ս պայքարել դրանք պահպանելու համար: Մեր զրուցակցի՝ Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի կարծիքով՝ այդ պայքարն անհնար է առանց Հայ Առաքելական Եկեղեցու: Եկեղեցին ոչ միայն Աստծո խոսքը տարածողն է, այլև լծված է քրիստոնեական և ազգային արժեքների պահպանման, փոխանցման գործին:

 

Արժեքները և քրիստոնեությունը

 

-Քրիստոնեությունը դարձավ արժեքների ձևավորման կիզակետը` ընտանիքի, մարդկային հարաբերությունների, մեր աստվածահաճո ընթացքի: Մենք՝ հայերս, այդ արժեքներով ձևավորված ժողովուրդ ենք: Այդ արժեքների պահպանումը թույլ տվեց, որ Հայաստանը հազարամյակների խորքից հասնի մեր օրեր։ Այդ ամենի ջահակիրը Հայ Առաքելական Եկեղեցին, որն ազգային է։ 

 

Հայի ինքնությունը և Եկեղեցին

 

-Եկեղեցին ոչ միայն Աստծո խոսքը տարածողն է, այլև լծված է քրիստոնեական և ազգային արժեքների պահպանման, փոխանցման գործին: Փորձում է վերականգնել արժեքները ոչ միայն սփյուռքի հայ համայնքներում նաև Հայաստանում: Այն համայնքում, որտեղ չկա հայկական եկեղեցի, համայնքը ձուլվում է: Այդ օրինակը մենք ունենք: Մենք մտածում ենք, որ ապրելով Հայաստանում, ինքնության պահպանման խնդիրներ չենք ունենա, սակայն այսօր նաև մեր հայրենիքում են վտանգված հայկական ավանդույթներն ու արժեքները: Եկեղեցին ցանկանում է, որ հայը ամուր կառչած լինի իր հողին, հավատքին, պահպանի իր կրոնը, սրբությունները, ընտանիքը, ավանդույթները, տոները: 

 

Արժեքներն այսօր…

 

-Այսօր տեսնում ենք, որ Հայաստանում ոտնահարվում են քրիստոնեական ու  ազգային արժեքները, աղճատվում է ընտանիքի մոդելը, նսեմացվում է ընկերության, մարդկային հարաբերությունների, անգամ սիրո գաղափարը։ Այդ ամենի արդյունքում ունենք այս իրավիճակը: Սա փորձված քաղաքականություն է: Հեշտ է կառավարել արժեհամակարգ ու սկզբունքներ չունեցող մարդկանց։ 

 

Առանց արժեքների…

 

-Աստված արարեց մարդուն իր պատկերով ու նմանությամբ: Ասելով պատկեր ու նմանություն՝ նկատի չունենք արտաքինը, այլ ներքին բովանդակությունը։ Մարդիկ չունենալով արժեքներ, դառնում են ուղղակի բանական արարածներ՝ տարբերվելով կենդանիներից միայն նրանով, որ կարող են խոսել ու մտածել: Մարդիկ առանց արժեքների հեշտությամբ ղեկավարվում են, ձուլվում, ջլատվում, վերածվում ամբոխի: Մարդիկ առանց սրբությունների, սկզբունքների դառնում են վտանգավոր։ 

 

Պայքար արժեքների համար

 

-Այսօր մեր արժեհամակարգը պահպանելու միակ միջոցը Եկեղեցու հետ սերտ հարաբերության մեջ  է, Առանց Եկեղեցու չենք կարող պատկերացնել մեր գոյությունը, ինչպես չենք պատկերացնում երեխայի գոյությունը, առանց ընտանիքի: Մարդը պետք է գա եկեղեցի ու զգա, որ հայ քրիստոնյա է, հանգիստ է, խաղաղ է ու պաշտպանված։ Ճանաչելով Հայ Առաքելական Եկեղեցին՝ ճանաչում ես քո ինքնությունը: 

 

Պատրաստեց Անի Ավագյանը

 
  • 2024-05-23
×