Սուրբ Հոգով միավորվում ենք՝ քարոզելու Քրիստոսի խոսքը. Հոգեգալուստ

Սուրբ Հոգով միավորվում ենք՝ քարոզելու Քրիստոսի խոսքը. Հոգեգալուստ

Հիսուս Քրիստոսի Հարության տոնից հիսուն օր անց նշվում է Հոգեգալստյան տոնը: Հիշատակվում է օրը, երբ տեղի ունեցավ Սուրբ Հոգու հրաշափառ էջքը աշակերտների վրա: 

 

«Եվ հանկարծ երկնքից սաստիկ հողմի նման մի ձայն հնչեց ու լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին» (Գործք Առաքելոց 2:2-3):

 

Սուրբ Հոգի. Աստվածային Երրորդության երրորդ անձը

 

Շունչ, հողմ, աղավնի, հրեղեն լեզու. այսպես է բնութագրվում Սուրբ Հոգին: Ըստ Եկեղեցու վարդապետության՝ Սուրբ Հոգին աստվածային Երրորդության երրորդ անձն է՝ կատարյալ Աստված: Այդ պատճառով ասում ենք. «Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու»: Երբ մենք մկրտվում ենք Սուրբ Հոգին իջնում է մեզ վրա ու տալիս Իր աստվածային շնորհները:

 



Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը նշում է.
«Սուրբ Հոգին այն մխիթարիչն է, որ առաջնորդում է: Երբ Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ, Աստված է բնակվում մեր մեջ: Մեկին տրված է իմաստություն, բժշկելու շնորհ, զորեղ գործեր կատարելու կարողություն և այլն, բոլորը Սուրբ Հոգուց է»:


Հիսուսի Մկրտության ժամանակ Սուրբ Հոգին իջավ աղավնու կերպարանքով: Հրաշափառ Հարությունից հետո Քրիստոս խոսեց Սուրբ Հոգու մասին՝ ասելով. «Առե՛ք Սուրբ Հոգին» (Հովհաննես 20:22), Համբարձումից առաջ պատվիրեց նստել Երուսաղեմում, մինչև երկնքից զորություն ստանալը: 


Հիսուս Քրիստոսի Հարությունից 50 օր անց…


Ըստ Սուրբ Գրքի՝ առաքյալները Երուսաղեմում՝ Վերնատանն աղոթում էին, երբ երկնքից լսվեց ձայնը: Այդ օրը Պենտեկոստեի տոնակատարությունն էր: Հրեաները հիշատակում էին Սինա լեռան վրա Մովսեսի կողմից աստվածային տասը պատվիրանները ստանալը: 


«Նրանց երևացին բաժանված հրեղեն լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Եվ ամենքն էլ լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին խոսել էր տալիս նրանց»։ (Գործք Առաքելոց 2:3-4)


Ավետարանում նշված է, որ այդ օրը ուխտավորները շատ էին: Նրանք ևս լսեցին ձայնը, և հավաքվեց մեծ բազմություն: Առաքյալները սկսեցին խոսել այլ լեզուներով: Տարբեր ազգերի ներկայացուցիչները Աստծո գործերի մասին պատմություններն ու փառաբանությունները լսում էին իրենց հարազատ լեզվով:


«Սուրբ Հոգու իջմամբ Եկեղեցին սկսեց իր առաքելությունն աշխարհում: Սուրբ Հոգին առաքյալներին զորություն տվեց, որ քարոզեն Քրիստոսի կենսաբեր խոսքը՝ ամբողջ աշխարհում»,- նշում է Տեր Զենոնը:


Հոգևորականի խոսքով՝ աստվածաշնչյան դրվագը պատգամում է միավորվել Սուրբ Հոգով, որպեսզի միասին քարոզենք Աստծո խոսքը:


Սուրբ Հոգու իջման մասին ավելի վաղ նշվել էր. «Բայց ձեզ վրա Սուրբ Հոգու իջնելով զորություն կստանաք և Երուսաղեմում, Սամարիայում ու աշխարհի բոլոր ծագերում ինձ վկաներ կլինեք» (Գործք Առաքելոց 1:8):


Տեր Զենոնը հիշեցնում է Մատթեոսի Ավետարանում գրվածը. «Քրիստոս ասաց՝ գնացեք աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեք Հոր, Որդու, Սուրբ Հոգու անունով: Աշակերտները պետք է զորանային Սուրբ Հոգով, որպեսզի կարողանային Քրիստոսի խոսքը կատարել: Սուրբ Հոգին այն վահանն էր, որով պետք է կարողանային հանգցնել չարի բոլոր մխացող նետերը»,- նշում է քահանան:


Հոգևորականի խոսքով՝ այսօր աղանդավորական որոշ շարժումներ զբաղվում են լեզվախոսությամբ, բայց չեն հասկանում՝ ինչ են ասում: Հիշեցնում է Պողոս Առաքյալի խոսքը՝ եթե չես հասկանում և թարգման չկա, լուռ մնա: Այլապես, նման մարդիկ վերածվում են օդում խոսացողների: 


Հոգեգալուստ. Սուրբ Հոգու ներկայությունը երկրի վրա ազդարարող տոն


Եթե բաբելոնյան աշտարակաշինության ընթացքում Աստված մարդկանց տվեց տարբեր լեզուներ ու բաժանեց, ապա Սուրբ Հոգու զորությամբ առաքյալներին տարբեր լեզուներով խոսեցնելով՝ միավորեց մարդկությանը:
 

Հոգեգալուստը հավատքի նորոգման ու քրիստոնեության վերահաստատման տոնն է: 


«Հոգեգալուստը Սուրբ Հոգու ներկայությունը երկրի վրա ազդարարող տոնն է, Սուրբ Երրորդության տոնը՝ մեր մեջ»,- նշեց Տեր Զենոնը:


Ավետարանը վկայում է, որ Սուրբ Հոգին գործում է մարդկանց մեջ տարբեր կերպով: Նա աշակերտներին դարձրեց քարոզիչ, անհավատին՝ հավատացյալ: Նրա միջոցով քրիստոնեությունը դարձավ հասկանալի մարդկությանը: Օրը առիթ է ևս մեկ անգամ խորհելու՝ արդյո՞ք մենք ճիշտ ենք օգտագործում մեզ տրված շնորհները, դրանք անտեսո՞ւմ ենք, թե՞ կիրառում լուսավոր գործերի համար:


Անի Ավագյան

  • 2024-05-19
×