Խաչ, զենք, ոգի, մշակույթ, ազգ, բանակ, պետություն. ահա այն արժեքները, որոնք դարեդար առաջնորդեցին հայ հոգևորականին մեր պատմության երթում: Որտեղ պետք էր, նրանք Հայոց հնավանդ վանքերի կամարների ներքո կերտում էին հայ և համաշխարհային մշակույթի գանձեր՝ Նարեկացի, Տաթևացի, Մխիթար Գոշ… Որտեղ պետք էր՝ Հայոց հայրապետերը առաջնորդում էին ազգային-ազատագրական պայքարը՝ Եսայի Հասան-Ջալալյան, Ներսես Աշտարակեցի, Խրիմյան Հայրիկ, Գևորգ Ե Սուրենյան, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյան (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո Ամենայն Հայոց կաթողիոկս Գարեգին Ա Հովսեփյան)…Նրանք բազում են, որոնց անունները, եթե մեկտեղելու լինենք, կգրվի հազարավոր էջեր ընդգրկող լուսամատյան…
Թշնամին գիտեր ուժը հայ հոգևորականի… Հայոց ցեղասպանության ժամանակ հայ մտավորականների հետ ձերբակալվեցին ու սպանվեցին նաև հոգևորականները: Նրանց նահատակությամբ սպանվում էր նաև ազգին առաջնորդող ուժը՝ գաղափարն ու ոգին: Սակայն նրանց անունն ու գործը սերունդների հոգեգիտական դաշտում չի սպանվելու, այլ որքան հեռանանք նրանց ապրած ժամանակներից, նրանք այնքան ավելի են մոտենալու մեզ: Մոտենալու են, որ մեզ առաջնորդեն դեպի նոր պայքարի՝ վերականգնելու մեր կորցրածը:
Մեր պատերազմը չի ավարտվել: Արցախյան վերջին պատերազմում հայաթափվեց Արցախը՝ Մեծ Հայքի 10-րդ նահանգը, որը մարդկային քաղաքակրթության օրրաններից է իր հոգևոր ժառանգությամբ: Սակայն Հողն ունի հիշողություն և միշտ բնիկ տիրոջ դարձին է սպասելու: Եթե մինչև անգամ մեզ թվա, թե այլևս անհնարին է պայքարելը, մեր մտապատկերում պիտի հառնի Գանձասարը՝ իր երբեմնի հոգևոր փառքով: 17-րդ դարում Գանձասարի կաթողիկոսները սերտ համագործակցել են Արցախի մելիքությունների ազատագրական ոգորումներին: Եվ այդ պայքարը ծրագրելու և իրականացնելու գործին Իսրայել Օրու հետ միասին ձեռնամուխ եղավ Առանշահիկների թագավորական տոհմի ժառանգ, Արցախ աշխարհի Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը, ով 1701 թ. նստելով կաթողիկոսական գահին` Գանձասարը դարձրեց ազատագրական շարժման քաղաքական կենտրոն, որտեղ սկսեցին քննարկվել ու մշակվել դիվանագիտական հարաբերություններ ու ռազմական ծրագրեր։ Ազատագրական շարժման կենտրոնի իր դերը Գանձասարը պահպանեց մինչև 1815 թվականը…
Դարձյալ դիմենք պատմությանը, որտեղ ազգային գոյապայքարի դաշտում Գևորգ Ե Սուրենյան Վեհափառի կերպարն է, որ նախընտրում էր սուրը ձեռքին նահատակվել Մայր Աթոռի սրբազան պատերի տակ, քան մեր Հայրենիքը տեսնել բռնազավթված: Նա ամենուր քաջերի կողքին էր: 1918 թ. Մայիսյան հերոսամարտերից մեկ դար անց էլ արձագանքվում են Հովվապետի խոսքերը.
«…Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջությամբ ներկված նահատակների արյամբ: Դրանով չի սպառվել մեր արյունը և ուժը: Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնության համար պայքարելով: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չի՛ ունեցել և չի՛ ունենա վերջին վերջակետ: Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է ծարավ մեր վերջին արյունին»:
Սարդարապատի հերոսամարտի ակտիվ մասնակիցներից էր Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը (հետագայում` Գարեգին Ա Հովսեփյան. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո): Գլխավորում էր ղարաբաղցիներից բաղկացած հինգերորդ «Մահապարտներ» գունդը: Հետագայում Կոստան Զարյանը մեծագույն ազգային-եկեղեցական գործչի մասին գրելիս պիտի ասեր. «…Կան ուժեղ կարողութիւններով եւ տաղանդով օժտւած մարդիկ, որոնք մեզ հիացում են պատճառում, բայց որոնցմով մեր հոգիները չեն սնանում։ Եւ կան այնպիսիները, որոնք, աւելի քան իրենց գիտութիւնով, մասնակցում են մեր կեանքին իրենց անձի լոյսով։ Նոքա ճառագայթում են։
Երանաշնորհ Գարեգին Կաթողիկոսը այդ վերջիններիցն էր…
…ՆԱ ԱՒԵԼԻՆ ԷՐ, ՔԱՆ ԻՆՔԸ։ ՈԳԻՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ»։
Ոգին չի մեռնում. այս գաղափարի կրողն էին նրանք, որ անձնուրաց պայքարում էին «վասն հավատոյ և վասն հայրենեաց: Նրանք սերունդներին տվեցին ազգային գաղափարախոսություն, որի հիմքերից մեկը Ազգ-Եկեղեցի-Բանակ–Պետություն միասնությունն է: Այդ հիմնաքարերից թեկուզ մեկից հրաժարվելը նշանակում է վտանգել մեր պատմական հարատև ընթացքը: Ազգ-Եկեղեցի-Բանակ-Պետություն կոնցեպտը ձևավորվեց մեր ազգային գոյապայքարի բովերում: Եվ արդեն Լեռնահայաստանի սպարապետ, զորավար և փիլիսոփա Գարեգին Նժդեհի մոտ ստացել է այս ձևակերպումը. «Իմ հոգին ունի զույգ հենարան՝ Հայրենիք և Աստված»:
Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմից անցել է չորս տարի: Անմահների գնդին միացան հազարավոր հայորդիներ, որոնց կողքին մարտնչեցին ու նահատակության պսակն ընդունեցին նաև գնդերեցները: Նրանցից յուրաքանչյուրի անօրինակ սխրանքի մասին դեռ գրվելու են հերոսամատյաններ: Նրանց կերպարով դաստիարակելու ենք հայրենասեր սերունդներ, որոնք լինելու են մեր պատմության իրավատերը:
Գոյապայքար է: Եվ այն հաղթելու ու մեր ազգի հարատևությունը թշնամիներին պարտադրելու ուղիները պիտի փնտրենք մեր պատմության էջերում, մեր ազգային-եկեղեցական գործիչների հայագիտական աշխատություններում, որոնք պատմական ծանր ժամանակներում հայ քաղաքակրթության կանթեղը անգամ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում վառեցին՝ հիմնելով Մխիթարյան միաբանությունը… Օրինակները շատ են:
Գոյապայքար է: Եվ մենք ծանրագույն փորձությունը պիտի անցնենք Հայոց պահանջատիրության ջահը վառ պահելով ու… հիշելով Սարդարապատը: Մենք հետնորդներն ենք մի ժողովրդի, ով Հայոց ցեղասպանությունից երեք տարի անց՝ Մայիսյան հերոսամարտերում ջախջախել էր իրեն ցեղասպանողին ու հարյուրամյակների դադարից հետո վերականգնել Հայոց պետականությունը: Այսօր էլ պատմությանը ծանր քննություն հանձնելու հանգրվանում ենք: Եվ ավելի քան երբևէ արդիական ենք համարում մեր կողքին ապրած և ազգային-եկեղեցական կյանքում իր հետագիծը թողած Գուգարաց թեմի առաջնորդ, երջանկահիշատակ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի խոսքը.
-«Եթե քո երկրի ներկա վիճակը քեզ չի գոհացնում, և մտահոգ ես ապագայի համար, պատրաստիր կրթյալ և հայրենասեր սերունդ»:
Եվ այստեղ դարերի ճշմարտությունն է:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ