Ընթերցողների սեղանին է պատմական Հայաստանի մայրաքաղաքներից Անիի մասին պատմող նոր պատկերագիրքը: Այն կօգնի ուսումնասիրել 1001 եկեղեցիների քաղաքը, տեսնել Անին՝ դասական ու ժամանակակից նկարիչների վրձնով:
«Անի» պատկերագիրքը տպագրվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Ծրագրի կազմակերպիչներն են ԱՀԹ-ն ու Աշխարհի հայ նկարիչների միավորումը:
Գրքում տեղ են գտել արխիվային լուսանկարներ, քաղաքը ներկայացնող նյութեր, ստեղծագործություններ: Ընթերցողը կարող է ծանոթանալ քաղաքի պատմությանը, ճարտարապետությանը, վանքերին: Գրքի վերջում տեղ են գտել նաև տեղի խոհանոցից բաղադրատոմսեր: Դրանք տրամադրել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը:
Պատկերագրքի խմբագրի՝ Անահիտ Մխիթարյանի խոսքով՝ գիրքը ստեղծվել է երկար տարիների աշխատանքի արդյունքում:
«Ձեռք ենք բերել տեղեկատվություն, որտեղից հնարավոր է՝ արխիվներից, տարբեր պատմաբաններից: Այն դարձել է գիտական արժեք ունեցող գիրք»,- նշեց Անահիտ Մխիթարյանը:
Նախաձեռնությունը սկիզբ է առել տարիներ առաջ՝ նվիրված քաղաքի հիմնադրման 1050-ամյակին, նշեց Աշխարհի հայ նկարիչների միավորման ղեկավար և գրքի տեխնիկական խմբագիր Ղազար Միրզոյանը.
«15 նկարիչների հետ գնացել ենք Անի քաղաք: Նկարիչներն այնտեղ էտյուդներ արեցին: Հետո նկարեցին արդեն մեծ կտավների վրա: Բացեցինք ցուցահանդես նաև որոշեցինք պատկերագիրքը տպագրել, սական որոշ պատճառներով տպագրումը հետաձգվեց»,- պատմեց նա:
Անիի ներշնչանքով ստեղծված գործերը՝ տարբեր ոճերի ու գույների, այժմ զարդարում են պատկերագիրքը: Նախ ներկայացված են դասական նկարիչների աշխատանքները՝ Բաշինջաղյան, Սուրենյանց, Գառզու: Երկրորդ բաժնում ժամանակակից նկարիչների գործերն են:
«Ճանապարհորդությունը շատ հետաքրքիր էր: Մռայլ եղանակ էր, մեզ անգամ թվաց՝ չենք կարողանա անել այն, ինչ ցանկանում ենք, սակայն սահմանն անցնելուց հետո՝ արև բացվեց: Այնպես էինք տպավորվել: Այնտեղ լսվում էր մեր Պատարագի ձայնը, իսկ մյուս կողմից՝ թուրքական մուղամը: Որոշ նկարիչներ Անին տեսան կարմիր, կանաչ, գորշ գույներով, ոմանք պատկերեցին գունավոր: Ստեղծված աշխատանքները իրարից շատ տարբեր են: Նկարիչները տարբեր գույներով զգացին Անին»,- պատմեց Անահիտ Մխիթարյանը:
Դասական նկարիչների բաժնի նյութերը տրամադրել են Հայաստանի ազգային պատկերասրահը, Սարյանի տուն-թանգարանը, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը: Որոշ լուսանկարներ տրամադրվել է Օրբելի եղբայրների տուն-թանգարանի կողմից:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին: