Հավատացելոց Պատարագ. Հիշատակություններ, Խոնարհում, Փառաբանություն

Հավատացելոց Պատարագ. Հիշատակություններ, Խոնարհում, Փառաբանություն

Սուրբ Պատարագը լավագույն պահն է աղոթելու մեր բոլոր մտահոգությունների, աշխարհի խաղաղության, Հայ Եկեղեցու, բանտարկյալների, գերիների, հիվանդների, տառապյալների նաև մահացածների համար: 

 

«Բարերար Աստված, աղաչում ենք, այցելիր մեզ». պատարագիչ քահանայի այս խոսքերը հուշում են՝ սկսվում է Սուրբ Պատարագի Հիշատակությունների հատվածը: Պահն է աղոթելու ողջերի ու ննջեցյալների համար:

 

Հիշատակություններ

 

Հիշատակությունների շարքը սարկավագները սկսում են սրբերի անուններով: Սարկավագներն անցնում են խորանի աջ կողմը, ինչը խորհրդանշում է սրբերի աջակողմյան՝ վերին դասին պատկանելը:

 

Հաջորդում են դպիրների՝ «Յիշեա՛, Տէր, եւ ողորմէա»-ները, այնուհետև սարկավագը փոխնիփոխ շարունակում է քահանայի սկսած հիշատակությունները: Խնկարկելով հիշվում են սրբերի առաքինությունները՝ որպես օրինակ: Եթե որևէ մեկն ունի օրհնության, բժշկության կարիք, կամ հարազատները ցանկանում են, որ հիշվի իրենց ննջեցյալի անունը, կարող են փոխանցել անուն, ազգանուններ, և նրանց համար ևս աղոթք կկատարվի։

 

Երբ ավարտվում է հիշատակությունների շարքը, սարկավագներն անցնում են Սեղանի ձախ կողմը՝ հիշելու արդեն զինվորյալներին՝ կենդանի հավատացյալներին: Մինչ սարկավագներն անցնում են ձախ կողմը և երգում «Գոհություն և փառաբանություն»-ը, քահանան շարունակում է աղոթել ժողովրդի՝ ուխտավորների, աղքատների, հանգուցյալների, բոլոր ապրողների բարօրության համար: Քահանան խնդրում է հիշել բոլոր նրանց, ովքեր իրենց մի մասնիկն ունեն եկեղեցու պայծառացման գործում: Հիշատակվում են ողջերի ու հանգուցյալների հոգիները, որպեսզի նրանք սրբերի հետ նստեն ու արժանանան ողորմության: 

 

Պատարագի Հիշատակություններ բաժնում հատուկ տեղ է հատկացվում այդ պահին գահակալող Հայոց Հայրապետի, տվյալ եկեղեցու թեմակալ առաջնորդի անվանական հիշատակությանը: Քահանան աղոթում է հոգևոր առաջնորդների, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության ու աշխարհիկ առաջնորդների համար: 

 

Հայ Եկեղեցում ընդունված է, որ հիշատակություններից հետո արարողությունն ընդհատվի. պատարագիչը կամ որևէ բարձրաստիճան հոգևորական սկսում է քարոզել ներկաներին:

 

Քարոզից հետո պատարագիչն ասում է. «Եւ տո՛ւր մեզ համարձակաձայն բարբառով բանալ զբերանս մեր, կարդալ զքեզ, երկնաւորդ Հայր, երգել եւ ասել»: Նշանակում է՝ թույլ տուր մեզ համարձակ ձայնով բացել մեր բերանը, աղաչել քեզ, երկնավոր Հայր, երգել և ասել:

 

Տերունական աղոթք

 

Դպիրները երգում են «Տերունական աղոթք»-ը՝ ի նշան փառաբանության: «Հայր մեր»-ը Սուրբ Պատարագի բարձրագույն կետն է: «Տերունական աղոթք»-ի պահին սարկավագը բեմից խնկարկում է դպիրներին ու ժողովրդին: Ավարտին պատարագիչն օրհնում է ժողովրդին ու տալիս խաղաղություն, «Որ աղբիւրդ ես կենաց…» ծածուկ աղոթքով աղաչում է Սուրբ Հոգուն, որ ողորմի ժողովրդին:

 

Խոնարհում

 

Սուրբ Պատարագի ժամանակ «Տերունական աղոթք»-ին հաջորդում է «Խոնարհում» բաժինը: Քահանան աղոթում է «Քրիստոսիւ Յիսուսիւ»-ը: Սարկավագը հրավիրում է ժողովրդի ուշադրությունը, ասելով՝ «Պռօսխումէ» (տես՝ «Մեր Պատարագը. «Երեքսրբեան» փառաբանություն, «Հավատո հանգանակ»): Այդ ժամանակ քահանան, Սուրբ Նշխարը բարձրացնելով, ասում է. «Ի սրբութիւն սրբոց»՝ Սրբերի սրբության համար, այսինքն՝ սա է Սրբությունը, որ կարող են ճանաչել միայն նրանք, ովքեր մաքրել են իրենց սիրտն ու խիղճը զղջմամբ, խոստովանությամբ ու ապաշխարությամբ, աղոթքով, պահքով, ողորմությամբ: Հատվածը խորհրդանշում է Քրիստոսի համբարձումը երկինք: Ժողովուրդը միաբերան երգում է. «Միայն Սուրբ, միայն Տէր, Յիսուս Քրիստոս ի փառս Աստուծոյ Հօր» մեղեդին: 

 

Խոնարհման աղոթքն ուղղված է Սուրբ Հոգուն, որովհետև Նա է բոլոր առաքինությունների աղբյուրը: «Խոնարհում»-ի աղոթքում ասվում է՝ քրիստոնյան, ըմբռնելով իր բարձր դիրքը՝ որպես Աստծո որդի և ժառանգակից Քրիստոսի, կարող է անեղծ մնալ շնորհիվ իր խոնարհության:

 

Փառաբանություն

 

Հաջորդում են քահանայի օրհնությունները` «Օրհնեալ Հայր Սուրբ», «Օրհնեալ Որդիդ Սուրբ», «Օրհնեալ Հոգիդ Սուրբ»: Ժողովուրդը պատասխանում է՝ «Ամէն»: Հատվածը խորհրդանշում է Քրիստոսի նստելը Հոր աջ կողմը՝ Իր երկնային գահի վրա: Ժողովուրդը կրկնում է քահանայի խոսքը՝ ասելով. «Ամեն. Հայր Սուրբ, Որդիդ Սուրբ, Հոգիդ Սուրբ»:

Քահանան դարձյալ խոնարհվում է ու աղոթում, խնդրում է Տիրոջը՝ «Արժանի արա մեզ և մեր միջոցով՝ ողջ ժողովրդին, Քո անարատ Մարմնին և պատվական Արյանը»:

 

Պատրաստեց Անի Ավագյանը

 

Նախորդիվ՝ «Հավատացելոց Պատարագ. Գոհություն, Հիշատակ, Սուրբ հոգու վերակոչում»

 
  • 2024-05-15
×