Միջոցառում` նվիրված Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին
Միջոցառում` նվիրված Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին
Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցում ներկայացվել է Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի վարքը, նրա թողած հարուստ գրական ժառանգությունը։ Միջոցառումը նվիրված էր հայրապետի մահվան 850-րդ տարելիցին։ Ցերեկույթի շարժառիթը Ներսես Շնորհալու հանելուկների թարգմանությունն էր` հայերենից չինարենի: Այն նախաձեռնել էին Արշակ և Գևորգ Մադոյանները։
Հանդիպմանը Հրավիրված էին Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը և Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր քահանա Բաղդասարյանը:
Միջոցառումը մեկնարկեց աղոթքով։
Տեր Աշոտը իր խոսքում կարևորեց նման հանդիպումների անցկացումը:
«Այս անդրադարձով չին ընթերցողը կարող է պատկերացում կազմել հայ ժողովրդի ինքնություն կերտած նշանավոր անձանց մասին՝ Դավիթ Անհաղթ, Տորք Անգեղ, Գրիգոր Լուսավորիչ: Ներսես Շնորհալու ժառանգությունը լիովին բացահայտված չէ լայն հասարակության համար: Շատերը չգիտեն, որ Սուրբ Ներսես Շնորհալին է բարեզարդել մեր Սուրբ Պատարագը, ժամերգությունները: Բազմաթիվ են տաղերն ու մեղեդիները, որ երգվում են Սուրբ Պատարագին: Արևագալի ժամերգությունը, իր երաժշտական հատվածով, Շնորհալու մտքի արգասիքն է»,- նշեց քահանան:
Միջոցառմանը Ներկայացվեցին հատվածներ Հայոց մեծ մտածողի ստեղծագործություններից: