Սուրբ Երրորդություն եկեղեցու տիկնանց և երիտասարդաց միությունների անդամները, կիրակնօրյա վարժարանի սաները, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանի գլխավորությամբ, այցելել են «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն:
Կենտրոնի բնակիչներին իրենց միջոցառմամբ ոգևորել են կիրակնօրյա վարժարանի սաները:
Նման այցելություններն իրականացվում են պարբերաբար, տեղեկացրեց կենտրոնի հոգևոր պատասխանատու Տեր Արարատը: Հավելեց՝ հաճախ է զրուցում տեղի բնակիչների հետ, նրանք էլ մասնակցում են Սուրբ Պատարագի:
«Նպատակը բնակիչների հոգևոր կյանքն ակտիվացնելն է, նրանց հոգևոր գիտելիքներ տալը: Մեծ ուշադրություն եմ դարձնում նրանց հոգեբանական վիճակին: Փորձում եմ անել ամեն բան, որ իրենց չզգան մեկուսացված, հասարակությունից կտրված, անտեսված, չհայտնվեն հոգեբանական ծանր վիճակում: Նպատակ ունեմ անել ամեն բան, որ նրանց ուղղորդեմ դեպի Աստված»,- նշեց հոգևորականը:
Քահանայի խոսքով՝ այցելությունների ընթացքում փոփոխություններն ակնհայտ են, բնակիչները հանդիպումներին մասնակցում են ոգևորվածությամբ:
Միջոցառման ընթացքում ներկաներին տրվել է հոգևոր գրականություն, խաչեր: Ավարտին բոլորով այցելել են Սուրբ Խաչ մատուռ-եկեղեցի՝ միասնական աղոթք բարձրացնելով առ Աստված: