Ամեն օր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 11։00-12։00-ը Երևանի մանկական այգում հոգևոր սնունդ ստանալու ժամն է։ Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը և խորհրդակատար Տեր Արսեն քահանա Սարոյանը արցախահայերի հետ խոսում են հոգևորի՝ Հայ Առաքելական Եկեղեցու, Մկրտության, ապաշխարության, Սուրբ Հաղորդության, Սուրբ Պատարագի մասին։ Քարոզից հետո ներկաները ուղղում են իրենց հարցերը։ Մեկ շաբաթ անց ամփոփում են զրույցն ու խումբը եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի։
Հերթական զրույցը մեկնարկում է աղոթքով։ Տեր Զենոնը խոսում է նաև հայրենիքը սիրելու, գնահատելու և հայրենիքի համար պայքարելու անհրաժեշտության մասին։ Հիշեցնում է՝ քրիստոնեությունը ուժեղ մարդկանց կրոնն է։
«Ծրագրի նպատակն է, որ արցախահայերը, բնականաբար նաև Հայաստանում ապրող հայերը լսեն Աստծո խոսքը, նրանց ուղղորդենք, որ եկեղեցում մասնակցեն Սուրբ Պատարագի, որը հիմքն է քրիստոնեության։ Քրիստոնյայի կյանքի իմաստն է ՝ ճաշակել Տիրոջ Մարմինը և Արյունը։ Նպատակ ունենք այս ծրագիրն անցկացնել մարզերում ևս՝ ներգրավելով մյուս թեմերին, որպեսզի հոգևոր վերազարթոնք ունենանք ամբողջ հայոց աշխարհում»,- իր խոսքում նշեց Տեր Զենոնը։
«Մի կտոր հաց բոլորին» բարեգործական ծրագիրը իրականացվում է «Հայը կա» սոցիալական անվտանգային և զարգացման հասարակական կազմակերպության հետ գործակցությամբ՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ։
«Հայը կա» ՀԿ-ն ստեղծման մի քանի տարիների ընթացքում բազմիցս գործակցել է Արարատյան Հայրապետական թեմի հետ։
««Մի կտոր հաց բոլորին» ծրագիրը նպատակ ունի մարդկանց համախմբել մեր հավատքի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ, հայ մարդու կյանքում բարձրացնելու Եկեղեցու դերը՝ նպաստելով հավատքի ամրապնդմանը և զորացմանը։ Մեր նպատակն է ազգային, հոգևոր և բարոյական արժեքների քարոզչության և ներկայացման միջոցով հոգեբանական աջակցություն ցուցաբերել ծրագրի շահառուներին»,- նշեց ՀԿ-ի փոխտնօրեն Վարդուհի Թովմասյանը։
Բարեգործական ծրագրի մեկնարկը տրվել է ապրիլի 29-ին։ Ծրագրի ընթացքում զրույց-քննարկումներից բացի կազմակերպվում է նաև հյուրասիրություն, որը պատրաստվում է տեղում։ Մինչ ներկաները լսում են հոգևորականի խոսքը, շրջակայքում տարածվում է արցախցի Ծովինարի հմուտ ձեռքերով պատրաստված ժենգյալով հացի բույրը։