Հավատացելոց Պատարագ. Գոհություն, Հիշատակ, Սուրբ հոգու վերակոչում

Հավատացելոց Պատարագ. Գոհություն, Հիշատակ, Սուրբ հոգու վերակոչում

Մեր Պատարագը միայն կրոնական գանձ չէ, ժամանակին նշել է Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը, այլ նաև մշակութային արժեք է:

 

«Մեր այսօրվա Ս. Պատարագի արարողությունը, իր նախնական ձևի մեջ, թեև օտար պատարագամատույցի թարգմանություն է և, սակայն, դարերի ընթացքին իր կրած փոփոխություններով ու հավելումներով, իր հայոց լեզվի կատարելությամբ, ծիսական ուրույն նկարագրով և, մանավանդ, զուտ հայկական երաժշտությամբ՝ վերածվել է ազգային գլուխգործոցի, ուր մեր հոգելույս նախնիները իրենց հոգու ադամանդն են բյուրեղացրել՝ մեզ ժառանգ թողնելով հոգևոր և մշակութային անփոխարինելի մի գանձ»,- նշել է Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

 

Գոհություն

 

Ողջագուրումից հետո (տես՝ «Հավատացելոց Պատարագ») հավատացյալները նմանվում են հրեշտակների, որոնք գոհանում ու փառավորում են Արարչին: 

 

Սարկավագը ներկաներին հիշեցնում է, որ պետք է կանգնել երկյուղով, քանի որ մոտեցել է սրբագործության խորհրդավոր պահը՝ այսինքն՝ ժամանակը, որ հացն ու գինին վերածվեն Քրիստոսի Մարմնի ու Արյան։ Այդ ժամանակ պատարագիչն օրհնաբանում է Տիրոջը: Հիշատակվում է մեր փրկությունը Աստծո Որդու միջոցով` Քրիստոսի մարդեղությունը, տառապանքները, խաչելությունը, մահը, թաղումը, Հարությունն ու Համբարձումը:

 

Աղոթքից հետո քահանան ասում է. «Սերովբեների ու քերովբեների հետ միաձայն սրբասացությամբ հորինենք մեղեդիներ և համարձականորեն գոչելով աղաղակենք նրանց հետ ու ասենք»:

 

Դպիրները երգում են. «Սուրբ, սուրբ, սուրբ, Տեր հրեշտակների: Երկինք և երկիր լի են Քո փառքով: Օրհնություն բարձունքներում: Օրհնյալ լինես Դու, որ եկար ու պիտի գաս Տիրոջ անվամբ: Փրկություն բարձունքներում»:

 

Հիշատակ

 

Հոգևորականը աղոթում է Հայր Աստծուն` ասելով. «Սուրբ, սուրբ, սուրբ ես ճշմարտապես և ամենասուրբ…», փառաբանում է Նրան, որ երբեք չանտեսեց մարդուն և մեր մեղքերը քավելու համար՝ աշխարհ ուղարկեց Որդուն։ Պատարագի արարողությունը Վերնատան ընթրիքի հիշատակումն է: Քահանան, հայցելով Հոր ներողամտությունը, բարձրացնում է Սուրբ Հացն ու կրկնում Հիսուս Քրիստոսի խոսքը. «Առե՛ք, կերե՛ք, այս Իմ Մարմինն է, որ բաշխվում է ձեր և բազում մարդկանց մեղքերի քավության և թողության համար»: Հետո բարձրացնում է Սկիհը ու ասում. «Ըմպեցե՛ք սրանից բոլորդ, այս Նոր Ուխտի Իմ Արյունն է, որ հեղվում է ձեր և բազում մարդկանց մեղքերի քավության համար»: Այսպես տեղի է ունենում Սուրբ Պատարագի Կանոնը, այսինքն՝ Հիսուսի Մարմինն ու Արյունը խորհրդանշող հացն ու գինին Աստծո առջև մատուցվում են որպես զոհ։ 

 

Դպիրները, այսինքն՝ ժողովուրդը (տես՝ Պատարագ․ խոստովանություն, Առաջադրություն, Աշխարհգալոց) երգում են «Հայր երկնավոր»-ը՝ խնդրելով․ «Հանուն Նրա Արյան հեղման, աղաչում ենք Քեզ՝ ողորմիր Քո բանավոր հոտին»:

 

Պատարագիչը աղոթում է՝ հիշատակելով Քրիստոսի փրկագործ տնօրինությունները: Նա ի վերջո բարձրացնում է Ընծան ու ասում․ «Եվ Քոնը Քեզնից՝ Քեզ ենք մատուցում, բոլորից ու բոլորի համար»։ Հատվածը, երբ քահանան բարձրացնում է Սկիհը, խորհրդանշում է այն պահը, երբ Քրիստոս խաչի վրա «հոգին ավանդեց», անձնատուր եղավ մահվան: 

 

Պատարագի խորհրդի այս պահին հավատացյալները պետք է մտածեն Քրիստոսի կյանքի, չարչարանքների ու մահվան մասին, ջանան իրենց մեջ արթնացնել այն միտքը, որ իրենց կյանքը պիտի ապրեն Քրիստոսի հետ: Այդ ժամանակ դպիրները երգում են «Յամենայնի օրհնեալ ես» երգը, որի ընթացքում քահանան ծածուկ աղոթում է «Զքեզ արդարև Տէր Աստուած մեր..»:

 

Սուրբ Հոգու վերակոչում

 

Հասնում է քրիստոնեական հավատքի մեծ խորհուրդներից մեկը, երբ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին երևում են մեկ Աստվածությամբ: Դպիրները երգում են «Որդի Աստուծոյ»-ն: Պատարագի այս պահին քահանան խնդրում է Հայր Աստծուն առաքել Սուրբ Հոգին ներկա հավատացյալների, նաև հացի ու գինու վրա, որպեսզի ընծաները վերածվեն Հիսուս Քրիստոսի Մարմնի ու Արյան: 

 

Պատարագիչը շարունակում է աղոթել, երեք անգամ օրհնում է հացն ու ասում․ «Որով, օրհնելով այս հացը, այն ճշմարտապես դարձրու մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի օրհնյալ Մարմինը»։ Երեք անգամ օրհնում է գինին՝ «Եվ բաժակս այս ստուգապես դարձրու մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի օրհնյալ Արյունը», երեք անգամ էլ միասին։

 

Այդ պահին ներկաները պետք է աղոթեն Տիրոջը, որ Նա Իր Սուրբ Հոգին ուղարկի, որպեսզի իրենց մեղքերի քավությունից հետո կարողանան Քրիստոսի ու Նրա եկեղեցու հետ մեկ մարմին կազմած ներկայանալ Աստծուն:

 

Վերջապես հասնում է սրբագործման պահը: Քահանայի ու եկեղեցու աղոթքով Սուրբ Հոգին իջնում է հացի ու գինու վրա: Այս օրհնությունից հետո սրբագործությունը համարվում է կատարյալ: Պատարագիչն ասում է. «Որպեսզի այս ամենը լինի մեզ՝ մերձեցողներիս անդատապարտության, մեղքերի քավության և թողության համար»:

 

Ինչպես երկու հազար տարի առաջ, այնպես էլ այսօր հացը Քրիստոսի մարմինն է, գինին՝ նրա արյունը: 

 

«Եկեղեցուց ներս ամեն ինչ խորհուրդ է, սիմվոլ է, ոչ քարն է քար, ոչ փայտը՝ փայտ, ոչ աղոթքը`լոկ խոսք, ոչ երաժշտությունը՝ պարզ երգ, ոչ էլ Ս. Պատարագի հացն ու գինին՝ հաց ու գինի»,- նշել է Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 

Պատրաստեց Անի Ավագյանը

 

Նախորդիվ՝ Հավատացելոց Պատարագ:

 
  • 2024-05-08
×