Թույլ չտանք՝ ժամանակի կորուստն անդառնալի հետևանքներ ունենա

Թույլ չտանք՝ ժամանակի կորուստն անդառնալի հետևանքներ ունենա

«Ժամանակ չունեմ». որքան հաճախ ենք այս արտահայտությամբ արդարանում դիմացինի, նաև ինքներս մեր առաջ: Ժամանակ չունենք մտածելու, պայքարելու, դժվարությունները հաղթահարելու, փոխվելու, ոտքի կանգնելու, սիրելու, պաշտպանելու, իսկ ինչի՞ ժամանակ ունենք…

 

24 ժամ մեր մոլորակը, արեգակը, բնությունը կատարում են իրենց գործառույթն ու ապահովում մարդկության բնականոն կյանքի ռիթմը ու այսպես ամեն օր։ Ուշադրություն դարձրե՞լ եք, թե մենք օրվա ընթացքում կարևոր գործերից զատ, որքան աննշան հարցերով ենք զբաղվում: Պատկերացրեք՝ ամեն օր որքան կարևոր գործեր կհասցնեինք, եթե ցանկանայինք, բայց ցավոք, «ժամանակ» չունենք։ Փոխարենը մեր առօրյան լցնում են անկարևոր հարցերը, խոսակցությունները, արդյունք չտվող ամենօրյա սովորությունները:

 

Փիլիսոփա Սենեկան ասում է. «Մենք դառնապես գանգատվում ենք, թե մեր ժամանակը կարճ է: Մենք դժգոհ ենք, թե մեր օրերը սակավաթիվ են, բայց գործում ենք այնպես, իբր թե դրանք վերջ չունեն»:

 

«Ժամանակ չունեմ». արդարանում ենք մենք, բայց արդյո՞ք երբ հետ ենք նայում, մեզ երջանիկ ենք զգում, թե՞ ափսոսում ենք: Ինչի՞ համար ենք հաճախ ափսոսում` միգուցե չհասցնելո՞ւ, անցյալում ժամանակը չկարևորելո՞ւ, շատ մարդկանց կարևոր բառեր չասելո՞ւ, մեր հարազատների կողքին չկանգնելո՞ւ, անտարբեր լինելո՞ւ։ Շարքը կարելի է երկար թվարկել։

 

Ինչի՞ մասին է պատմում մեր անցած ժամանակը: Երբեմն, ցավոք, այն մասին, թե ինչքան բան կարող էինք անել ու չարեցինք։ Ստացվում է` մենք պարզապես չենք գնահատում մեզ տրվածը: 

 

Սուրբ Գիրքը պատգամում է չվատնել թանկ ժամանակը․

 

«Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ապրելակերպի վրա. մի՛ ապրեք անմիտների պես, այլ իմաստունների։ Օգտագործե՛ք ժամանակը, որովհետև օրերը չար են»։ (Եփեսացիներին 5-15-16)

 

Անկասկած, այսօր մեր հոգսերը, ցավերը, տագնապները, մտահոգվելու առիթները, ամենօրյա գործերը մեզ հանգիստ չեն թողնում: Յուրաքանչյուրս կարծես վազքի մեջ ենք, շարունակ շտապում ենք։ Ցավոք, հաճախ այդ վազքը հանուն ոչնչի է, ոչ մի տեղ չտանող, կարծես մի միջոց է՝ չմտածելու իրականության մասին: Արդյունքում՝ մենք պարզապես վատնում ենք վայրկյաններ, րոպեներ, ժամեր, ուշանում ենք, կորցնում, երբեմն անդառնալի։

 

Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «Ոչինչ ավելի պատվական չէ, քան ժամանակը. դրա համար էլ պետք է այս կյանքի ժամանակը ի բարին օգտագործել, որովհետև այս ժամանակը ոչ ոք չի կարող վերստին ստանալ»:

 

Կիսատ գործերը, չասված խոսքերը, չլուծված խնդիրները մեզ ի վերջո կրկին ցավեցնելու են, եթե շարունակենք ապրել ժամանակի գինը չհասկանալով։ Հարց է առաջանում՝ ո՞ւմ ենք սպասում։ Թույլ չտանք, որ ժամանակի կորուստն անդառնալի հետևանքներ ունենա, «չսպանենք» ժամանակը, հետո նաև մեր կյանքը։ Եթե պետք է գործել, ուրեմն՝ աշխատենք այս պահից։ Եթե պետք է պայքարել, ուրեմն` սկսենք այսօրվանից։

 

Անի Ավագյան

 
  • 2024-05-06
×