Առանց պայքարի չկա խաղաղություն

Առանց պայքարի չկա խաղաղություն

Խաղաղություն. շատերիս երազանքներն այսօր կապվում են այս բառի հետ: Ինչպե՞ս ձեռք բերել խաղաղություն՝ հոգևոր ու աշխարհիկ կյանքում և պահպանել այն, ո՞րն է գինը: Մեր զրուցակցի՝ Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի խոսքով՝ կա մեկ միջոց, ու մենք վաղ թե ուշ պիտի գնանք այդ ճանապարհով:

 

Խաղաղություն՝ մեր ներսում ու մեր կողքին

 

-Մենք՝ քրիստոնյաներս ձգտում ենք խաղաղության: Երկնքի Արքայությունն այդ խաղաղ, լուսավոր վայրն է, որն Աստծո ներկայության մեջ է: Խաղաղություն է, երբ կարողանում ես քո մեղքերից ձերբազատվել, զսպել քո էգոն, սեր սփռել: Այն, ինչ մեր ներսում է, դրոշմված է մեր երեսին, աչքերի մեջ: Եթե քրիստոնյան ուղղակի նստի ու ասի՝ ես ուզում եմ հոգևոր խաղաղություն, որևէ բան չի ստացվի: Դրան հասնելու համար՝ մենք պայքարում ենք մեղքի, գայթակղությունների դեմ, անցնում ապաշխարության շրջան, պահք պահում: Այսինքն՝ կա գործողություն, պայքար, նույնը՝ աշխարհիկ կյանքում:

 

Պայքար՝ հանուն խաղաղության

 

-Քրիստոնյայի կյանքը միշտ՝ մինչև մահ պայքար է՝ խաղաղության հասնելու համար: Առանց պայքարի չկա խաղաղություն: Եթե մուրում ես, ոչինչ չես ստանում: Եթե պայքարում ես, զորեղանում ես Տիրոջով: Երբ այդ պայքարում պաշտպանում ես հայրենիքդ, սրբություններդ, եկեղեցիներդ, այդ պատերազմը սրբազան է: Երբ քո անձը տալիս ես հայրենիքիդ համար, դա ամենամեծ սերն է ու ամենամեծ նվիրումը: 
 

Մեր Տերը հաղթել է, մենք չենք կարող պարտվել
 

-Քրիստոնեությունը զորեղ մարդկանց կրոն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս հաղթել է, ուրեմն՝ Նրա հետևորդները, Նրա խոսքով ապրողներս չենք կարող պարտվել: Եթե իրապես լինենք Քրիստոսի հետևորդները, հաղթանակած կլինենք հոգևոր, մարմնական, աշխարհիկ պատերազմում: Եթե դու պարտվում ես, դու Քրիստոս չունես քո ներսում: 
 

Իրավունք չունենք կորցնելու
 

-Մեր թշնամիների ուզածն ի՞նչ է՝ ավիրել, քանդել, պղծել: Մեր ուզածն ի՞նչ է՝ մեր սրբացած հայրենիքը պահել: 301 թվականին Քրիստոս իջավ հայոց հողի վրա ու հիմնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Իրավունք չունենք
 

Քրիստոսի կողմից սրբացած մեր հայրենիքը հեշտությամբ կորցնել: Հայրենիքը պահողը մենք ենք, մեզնից բացի որևէ մեկը խաղաղություն չի բերելու մեր երկիր: Մենք պետք է վերագտնենք մեր պատիվն ու արժանապատվությունը, որ ունեինք պատմության ընթացքում: Եթե վերագտնենք ու պայքարենք, մեզ մոտ կթագավորեն խաղաղությունն ու սերը:
 

Կարող ենք, որովհետև զորությունը գալիս է երկնքից
 

-Հաճախ ասում ենք՝ չենք կարող, թույլ ենք, քիչ ենք, զենք չունենք, զորքը սակավաթիվ է: Մոռանում ենք, որ զորքի հաջողությունն Աստծուց է: Մեր զորությունը գալիս է երկնքից: Մենք ունենք հաղթական պատմական էջեր: Մենք հաղթել ենք մեր հայրենիքը պահելով: Հաղթել ենք ապավինելով Աստծուն և ունեցել խաղաղություն: Այլ հարց է, թե ինչպես վարվեցինք, մսխեցինք այն: Յուրաքանչյուրիս սխալները կարող են ազդել, որ կորցնենք խաղաղությունը: Յուրաքանչյուրիս սխալները կարող են ազդել նաև պատերազմի ելքի վրա: 
 

«Երկնավորի համար տարբերություն չկա շատի ու քչի միջև, որովհետև հաղթանակ ձեռք է բերվում ոչ թե շատ զորքով, այլ այն զորությամբ, որ երկնքից է գալիս։ Նրանք մեզ վրա են գալիս ամբարտավան գոռոզությամբ և անօրենությամբ, որպեսզի կոտորեն մեզ և մեր կանանց ու երեխաներին գերեվարեն։ Մենք մարտնչում ենք հանուն մեր անձերի ու հանուն մեր օրենքների։ երը նրանց սատակեցնելու է մեր ոտքերի առաջ. գոտեպնդվե՛ք, քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք» (Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 3:18-22):


Պատրաստեց Անի Ավագյանը

 
  • 2024-04-30
×