Նավասարդ Սրբազանը Խաչափայտի մասունքով օրհնեց ժողովրդին
Նավասարդ Սրբազանը Խաչափայտի մասունքով օրհնեց ժողովրդին
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Խաչի երեւման տոնը։ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի բերվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տոնը հռչակվել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օր։
Մինչ Սուրբ Պատարագը եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Պարթեւ քահանա Մուրադյանի գլխավորությամբ հոգեւոր դասն ու հավատացյալ ժողովուրդը թափորով դիմավորեցին մասունքակիր խաչը, որը դրվեց Սուրբ Խորանին։
Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տոնի առթիվ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ։ Պատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն էր։ Որպես առընթերական Սրբազան հորը սպասավորում էր արժանապատիվ Տեր Սահակ քահանա Սահակյանը։
Իր քարոզում Մուշեղ Սրբազանն անդրադարձավ Սուրբ Խաչի երեւման տոնի խորհրդին ու նշանակությանը հայ ժողովրդի ու հավատացյալ մարդու կյանքում հատկապես այսօր՝ Հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերներին ընդառաջ։
Սուրբ Պատարագի ավարտին Նավասարդ Սրբազանը մասունքակիր խաչով օրհնեց ներկաներին ու ընթերցեց Սուրբ Հովհան Ոսկեբերանի քարոզը՝ նվիրված Սուրբ Խաչին։ «Խաչը մեր փրկության նշանն է։ Խաչը քրիստոնյաների հույսն է։ Խաչը եկեղեցու հիմքն է։ Խաչը սատանայի պարտությունն է։ Խաչը որբերի հայրն է։ Խաչն ամբարիշտների դատավորն է։ Խաչը հիվանդների բժիշկն է։ Խաչն օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է։ Խաչը ծարավողների աղբյուրն է։ Խաչը լույսն է խավարում նստածների եւ ազատագրումը գերվածների։ Խաչը անօրենի տապալումն է»։
Վերջում Նավասարդ Սրբազանը օրհնված խաչեր նվիրեց եկեղեցում ներկա երեխաներին ու պատանիներին։
Ի խոնարհում ժողովրդի՝ մասունքը եկեղեցում մնաց մինչեւ երեկոյան ժամերգությունը։